Hraparak.am-ի տեղեկություններով՝ օրերս կտրուկ վատացել է Գյումրու նախկին փոխքաղաքապետ, շուրջ 6 ամսից ավելի տնային կալանքի տակ գտնվող Սուրեն Ջանոյանի առողջական վիճակը։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ նա կաթված է ստացել։
Մայիսի 2-ին Ջանոյանը շտապ օգնությամբ տեղափոխվել է Գյումրիի բժշկական կենտրոն, որտեղ նախնական հետազոտությամբ՝ նախկին փոխքաղաքապետի մոտ ուղեղի կաթված է ախտորոշվել։ Առաջարկվել է տեղափոխվել մայրաքաղաք կլինիկաներից մեկում պատշաճ հետազոտվելու եւ բուժում ստանալու համար, մինչդեռ տնային կալանքի ռեժիմում այդ գործընթացը հնարավոր չէ իրականացնել։ «Բալասանյան դաշինքի» անդամ Ջանոյանի պաշտպանը դիմել է դատարան՝ խափանման միջոցի փոփոխության հարցով, սակայն միջնորդությունը հետաձգվել է, նշել են, թե իրավիճակը գնահատելու համապատասխան մասնագիտական բժշկական գիտելիքներ չունեն, հաջորդ նիստը նշանակված է մայիսի 20-ին:
«Պատկերացնո՞ւմ եք, մինչև հաջորդ նիստ 10 օրից ավել ձգվելու է, նրա վիճակը կարող է կտրուկ վատանալ, ո՞վ է պատասխան տալու»,-մտահոգություն հայտնեց Բալասանյաններին մոտ կանգնած մեր աղբյուրը։
Ջանոյանի ներկայիս պայմանները, ըստ մեր աղբյուրի, չեն համապատասխանում անհրաժեշտ բժշկական հսկողության պահանջներին, և փաստացի նա գտնվում է ոչ բարենպաստ միջավայրում։
Հիշեցնենք, որ Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել «Սև Բերդ» պատմամշակութային ամրոցի հարակից հողերի հանցավոր օտարման գործով։ Գործի շրջանակում կալանավորվել էին նաև նրա որդին՝ Խաչատուր Բալասանյանը, և փոխքաղաքապետ Սուրեն Ջանոյանը, ով հետագայում ազատ էր արձակվել գրավի դիմաց և գտնվում է տնային կալանքի ներքո։ Երկու անգամ գրավի դիմաց ազատ է արձակվել նաև Խաչատուր Բալասանյանը, իսկ նախկին քաղաքապետի նկատմամբ, որը գտնվում է ԱՄՆ-ում, հետախուզում է հայտարարված։