Քաղաքականություն

«Հրապարակ». Նոր էլիտան պետք է կազմված լինի մահապարտներից` պատրաստ զոհելու ամեն ինչ

«Հրապարակ». Նոր էլիտան պետք է կազմված լինի մահապարտներից` պատրաստ զոհելու ամեն ինչ

«Ադրբեջանի գործողություններն ու տրամաբանությունը կրելու են շարունակական բնույթ, եւ դրա մասին պարզ խոսվում է»,- «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից պարբերական դարձած ռազմական ագրեսիային՝ ասաց «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը։

«Այդ թվում նաեւ գերտերություններն են խոսում այդ մասին կամ փորձում հասկացնել, որ այս քաղաքականությունը որեւիցե կերպ չի էլ փոխվելու։ Եվ սա իրականում ակնհայտ է եւ օրինաչափ է։ Դա նշանակում է, որ մեզ ասում են՝ հաշտվեք օրակարգի հետ, որ դուք ապագայում չեք հավակնելու որեւիցե բանի, անգամ պետականության չեք հավակնելու։ Գլոբալ առումով օրակարգը հենց սա է»,- ասաց Պետրոսյանը։ Սա դասական գործընթաց է, որը նորմալ չէ, բայց խիստ օրինաչափ է։ Անդրադառնալով անընդհատ դաշտ նետվող թեզերին, թե Ադրբեջանն ու Թուրքիան շուտով կործանվելու են, որ Արեւմուտքն ուզում է ոչնչացնել կամ պատժել Թուրքիային եւ Ադրբեջանին, ասաց, որ նույնիսկ եթե դա այդպես է, ապա այդ դեպքում մեզ համար ի՞նչ տարբերություն։

«Ցանկացած զոհի համար մշտապես գտնվում է գիշատիչ, եւ մեզ համար էլ կգտնվի գիշատիչ։ Եթե նույնիսկ մեկ ամիս կամ մեկ տարի հետո քարտեզի վրայից վերանա Ադրբեջանը կամ Թուրքիան, ապա նրանց տեղը մեկ այլ պետություն անպայման կզբաղեցնի, որովհետեւ սա աշխարհաքաղաքականություն է, եւ այստեղ հիմնովին արմատացած է ուժային քաղաքականությունը, եւ սա որեւիցե կերպ չի փոխվել պատմության ընթացքում ու չի փոխվելու։ Մենք դրանից որեւէ բան չենք ստանալու, մեկ այլ պետություն, մեկ այլ դերակատար անպայման հայտնվելու է դրա տեղը, որ հավակնելու է մեր տարածքներին, մեր ռեսուրսներին»,- ասաց մեր զրուցակիցը։ 

Մեզ 30 տարի շարունակ ներշնչել են, որ այս տարածաշրջանը սպառնալիքներով լի է, ու մեր առաջ ծառացած հարցերը լուծելը մեր ուժերից վեր է, այնինչ այս իրավիճակը նաեւ անսահմանափակ նոր հնարավորություններ է մեր առաջ բացում, եւ մենք պետք է դա հասկանանք։ Մենք պետք է խորքային փոխենք մեր քաղաքական միտքն ու մշակույթը, եւ այդ փոխողները պետք է լինեն նոր դերակատարները, որոնց տարբերակիչը պետք է լինի խորքային վերաիմաստավորումը, ռազմավարական տեսլականի առկայությունը, պատրաստակամությունը՝ զոհաբերել ներկան ապագայի համար։

«Մենք երկար ժամանակ զոհաբերել ենք ներկան ապագայի համար՝ սպասարկելով միայն խմբային կամ հատվածական շահեր։ Ներկա իշխանությունը քանի որ սպառել է այլեւս ապագան սպառելու հնարավորությունը, սկսել է զոհաբերել անցյալը ներկայի համար, ու դրա վառ օրինակը տեսնում ենք․ հրաժարվում են՝ սկսած ցեղասպանությունից, վերջացրած Արցախով, այսինքն՝ վերախմբագրվում է ամբողջ պատմությունը, եւ ասվում է, որ այն, ինչը տեղի է ունեցել մեզ հետ, իրականում մենք ենք եղել դրա պատճառը, մենք սխալ ենք եղել, որ հավակնել ենք Արցախին, մենք սխալ ենք եղել, որ, պայմանական ասած, հավակնել ենք ցեղասպանության միջազգային ճանաչմանը, եւ այսպես շարունակ»,- շեշտեց Պետրոսյանը եւ հավելեց, որ սա ազգային անվտանգության առաջնային սպառնալիք է։ Նոր դերակատարները կամ էլիտաները պետք է պատրաստ լինեն ներկան զոհաբերել ապագայի համար՝ դուրս գալով հարմարավետության, կոմֆորտի գոտուց, պատրաստ լինեն ոչ միայն քսանչորս ժամ անընդմեջ աշխատել, այլեւ գնալ ռիսկերի։ Իսկ ընդդիմադիր էլիտան պատրա՞ստ է գնալ նման զոհերի․ Պետրոսյանն ասաց, որ գոնե խորհրդարանական ընդդիմության մեջ չի տեսել որեւէ դերակատարի կամ խմբի, որը պատրաստ է գնալ մինչեւ վերջ։ 

«Մեր պայքարն այս ողջ ընթացքում կարելի է կոչել հարմարավետության պայքար։ Բոլորը որեւիցե կերպ անգամ ցանկություն չեն ունեցել իրենց հարմարավետ տեղը կամ դիրքը փոխարինել իրական գործընթացներով, ես չգիտեմ՝ սա կարողությունների կամ հնարավորությունների սակավությա՞մբ է պայմանավորված, բայց փաստը սա է»։ Նոր դերակատարները խորքային նոր արժեքների, նոր գաղափարների, նոր տեսլականների կրողներն են լինելու, որոնք պատրաստ կլինեն գնալ մինչեւ վերջ։ Պետրոսյանը կարծում է, որ ո՛չ իշխանությունը, ո՛չ ընդդիմությունը չի վերահսկում իրավիճակը, ու եթե որեւէ ուժ հայտարարի, որ իրենց ուժերից վեր է պայքարել կոնկրետ խնդրի դեմ, որովհետեւ գերտերություններն են այդպես որոշել, պետք է հրաժարվել նրանցից, որովհետեւ նրանք սպասարկում են իշխանության օրակարգը։ Այսինքն՝ կարծում եք, որ նոր դերակատարները պետք է լինեն բացարձակ մահապարտնե՞ր, ովքեր պետք է պատրաստ լինեն զոհել ամեն ինչ՝ հարցրինք մեր զրուցակցին։ «Այո»,- եղավ պատասխանը։

«Պատերազմի դաշտում որեւիցե մեկը չվարանեց զոհաբերել իր ամենաթանկը՝ կյանքը, հետեւաբար, եթե դուք դերակատարն եք, ապա պետք է պատրաստ լինեք զոհաբերել ձեր ամենաթանկը։ Հետեւաբար, ով կասի, որ մեզ թույլ չեն տալիս, որ անարդար է աշխարհը, նրան պետք չէ ձայն տալ»,- եզրափակեց Պետրոսյանը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image