Քաղաքականություն

«Հրապարակ». «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ից գործառույթ են խլում` տալիս մասնավորին

«Հրապարակ». «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ից գործառույթ են խլում` տալիս մասնավորին

Հունիսի 17-ի նիստում ՀԾԿ հանձնաժողովը որոշում է ընդունել, որը վերաբերում է 6(10) կՎ լարմամբ սպառման համակարգերի եւ բազմաբնակարան շենքերի բաշխման ցանցին միացման գործընթացին: 6(10) կՎ (կիլովոլտ) լարմամբ սպառողները միջին կամ բարձր լարման էլեկտրական ցանցին անմիջականորեն միացված խոշոր բաժանորդներ են: Նրանք էլեկտրաէներգիան ստանում են ոչ թե սովորական 220Վ կամ 380Վ տնային/կոմերցիոն ցանցերից, այլ անմիջապես 6,000 կամ 10,000 վոլտ հզորությամբ մալուխային կամ օդային գծերից: Փոփոխություններով հստակեցվել է նաեւ որոշ տեխնիկական պայմանների տրամադրումը, փոփոխվել են բաշխողի հետ պայմանագրերի օրինակելի ձեւերը, բայց հանձնաժողովի հաղորդագրության գլխավոր հատվածը, հիմնական բովանդակությունը հետեւյալն է. «Գործող կարգավորման համաձայն՝ վերը նշված բաշխման ցանցին միացումն իրականացվում էր «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից՝ համապատասխան պայմանագրերի կնքման միջոցով։

Նոր կարգավորման համաձայն՝ բաշխման ցանցին միացումը կիրականացվի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից տրամադրվող տեխնիկական պայմանների հիման վրա՝ դիմող անձի (սպառող, որը դիմում է միացման համար, նոր կառուցվող բազմաբնակարան շենքի կամ կառուցապատվող թաղամասի միացման դեպքում դիմող անձ է հանդիսանում կառուցապատողը) սեփական միջոցներով։ Արդյունքում, միացման գործընթացը կդառնա ավելի պարզ եւ ճկուն»:

Էներգետիկ հարցերի փորձագետ Արմեն Մանվելյանին խնդրեցինք բացատրել, թե ինչու է, իր կարծիքով, ընդունվել այս որոշումը, եւ ինչ ազատականացման մասին է խոսքը: «Երեւի տեխնիկական մասնագետներն ավելի լավ բացատրեն, բայց, իմ կարծիքով, սա փող աշխատելու նոր ձեւ է: Մոնոպոլիան ուզում են վերցնել ՀԷՑ-ից: Նախկինում միացումներն իրականացնում էր ՀԷՑ-ը՝ իր հաշվին: Հիմա, այս նոր ընդունված որոշմամբ, եթե նոր շենք են կառուցում, միացումները կառուցապատողն է իրականացնում՝ դիմելով այլ ընկերության: Այլ կերպ ասած՝ հիմա ինչ-որ մասնավոր ընկերություններ են գտնելու, չի բացառվում, որ նրանք լինեն իրենց ընկերներից, որոնք եւս կարող են զբաղվել միացումներով»,- ասում է Մանվելյանը:

Եթե հաշվի առնենք, թե որքան նորակառույց շենքեր կան, ապա կարող ենք կանխատեսել, որ հոսանքի միացումն այդ շենքերին շուտով նոր ու ծաղկուն բիզնես է դառնալու: Այս ընկերությունների վրա են դնելու ՀԷՑ-ի գործառույթը` անունը դնելով ազատականացում:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image