Հայաստանի համայնքների միության պատվիրակությունը հունիսի 22-26-ը կմասնակցի Մարոկկոյի Տանժեր քաղաքում անցկացվող «Միավորված քաղաքներ եւ տեղական իշխանություններ․ Եվրասիա» կազմակերպության համաշխարհային կոնգրեսին, որն այս տարի անցկացվում է «Համընդհանուր տեղական հանրային ծառայությունների նոր սերունդը» խորագրի ներքո։ Հայկական պատվիրակության կազմում են Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը եւ Վեդի համայնքի ղեկավար, հանրության մեջ «կոկորդիլոսագետ» անունով հայտնի Գարիկ Սարգսյանը։
«Միավորված քաղաքներ եւ տեղական իշխանություններ․ Եվրասիա»-ն «Միավորված քաղաքներ եւ տեղական իշխանություններ» (UCLG) համաշխարհային կազմակերպության եվրասիական տարածաշրջանային մասնաճյուղն է։ Համաշխարհային կազմակերպությունը միավորում է ավելի քան 240 հազար քաղաք, համայնք, մարզ եւ մետրոպոլիա՝ աշխարհի 140 երկրից՝ ներկայացնելով մոլորակի բնակչության ավելի քան 70 տոկոսի շահերը։ Այն ճանաչված է ՄԱԿ-ի կողմից որպես տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների գլխավոր գործընկեր եւ կարեւոր դեր է ունեցել Կայուն զարգացման նպատակների շրջանակում «Կայուն քաղաքներ եւ բնակավայրեր» նպատակի ձեւավորման գործում։ Տանժերում կայանալիք համաշխարհային կոնգրեսը հյուրընկալելու է ավելի քան 3 հազար տեղական եւ տարածաշրջանային առաջնորդների, քաղաքապետերի, նահանգապետերի, համայնքային խորհուրդների անդամների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների եւ միջազգային կազմակերպությունների գործընկերների։ Կոնգրեսի շրջանակում տեղի կունենան Գլխավոր ասամբլեայի, Համաշխարհային խորհրդի եւ Գործադիր բյուրոյի նիստերը, որոնց ընթացքում կընդունվեն միջազգային համայնքային շարժման առաջիկա տարիների զարգացման հիմնական որոշումները։
Միջոցառման ժամանակ տարածաշրջանային կառույցները ներկայացնելու են իրենց առաջնահերթությունները, տեղական ինքնակառավարման ոլորտի լավագույն փորձը եւ նորարարական լուծումները։ Մասնակիցները քննարկելու են համայնքների առջեւ ծառացած արդի մարտահրավերները, ինչպես նաեւ՝ ներկայացնելու են հաջողված նախաձեռնություններն ու զարգացման մոդելները։ Այս ամենն ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:
Համայնքների միությունն այն ժամանակ, երբ դրա նախագահն Էմին Երիցյանն էր, բավականին ակտիվ էր, զբաղվում էր տարբեր հարցերով, որոնք վերաբերում էին համայնքային կյանքին, երբեմն քննադատում էր համայնքների հետ կապված իշխանությունների քաղաքականությունը, մասնավորապես` համայնքների խոշորացման սկզբունքներն ու ձեւերը: Սակայն այն օրվանից, երբ ՔՊ-ական իշխանությունը նաեւ այս կառույցն իրենով արեց` փոփոխություններ կատարելով եւ մասնավորապես Էմին Երիցյանին այս պաշտոնից ազատելով, կառույցը, ըստ էության, ոչնչացավ:
Այժմ Համայնքների միությունը ղեկավարում է Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Միության նախկին նախագահ Էմին Երիցյանից «Հրապարակը» հարցրեց` այն ժամանակ միությունն ի՞նչ հիմնական գործառույթ էր իրականացնում եւ ինչո՞վ է զբաղված հիմա։ Երիցյանը մեզ հետ զրույցում ասաց. «Բոլոր ժամանակներում էլ միությունն ունի նույն գործառույթը, այն համայնքների ձայնն է, հանրության հետ, կառավարության հետ, արտաքին աշխարհում եւ ամենուր, ինչպես նաեւ՝ տարբեր հասարակական կազմակերպությունների հետ եւ այլն: Նպատակը պրոյեկտներն են, վերապատրաստումները, համայնքների օգտին աշխատանքներ կատարելը: Բոլոր երկրներում էլ նման կառույցներ կան և դրանք ունեն այդ հիմնական գործառույթները: Մենք կառուցվածքային փոփոխություններ կատարեցինք, այժմ վարչության նախագահը Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն է: Ստրուկտուրան փոխել են, արդեն ոչ թե միության նախագահ է, այլ` վարչության նախագահ, «միության նախագահ» ասվածն այլեւս չկա»:
Երիցյանին նաեւ հարցրինք` ինչո՞ւ է Տանժեր քաղաքում ելույթով հանդես գալու Վեդիի կոկորդիլոսագետ համայնքի ղեկավարը, ի՞նչ կապ ունի նա այս կառույցի հետ, առհասարակ՝ ի՞նչ է նա արել կառույցի համար։ «Կառույցը տարբեր միջազգային ասոցիացիաների անդամ է նաեւ: Եվրոպայի խորհրդում ունենք պատվիրակություն, էներգախնայողության ոլորտում ունենք մասնակցություն, եւ կա համաշխարհային ասոցիացիա: Ասոցիացիայի հիմնադրման օրվանից մենք ասոցիացիայի անդամ ենք: Այն գործում է ՄԱԿ-ի հովանու ներքո, այնտեղ մշտապես ունեցել ենք ներկայացուցիչ, նախորդ տարվա վարչության որոշմամբ Վեդիի քաղաքապետ Գարիկ Սարգսյանն է ներկայացնում ասոցիացիան: Ինչ վերաբերում է նրա՝ իշխանական լինելուն, ես չեմ կարող այդ հարցին պատասխանել, վարչությունն ինչպես որոշում է, այդպես էլ անում են: Հիմա ստրուկտուրան այլ է: Ի դեպ, ես այժմ լրիվ այլ աշխատանքով եմ զբաղվում` մասնավոր բիզնեսով, եւ ոչ մի կապ չունեմ որեւէ պրոցեսի հետ»: