Քաղաքականություն

Մարդիկ այնքան են խորացել, որ ասում են՝ այ էս մեկին չենք ընտրելու, որովհետև հաստատ կոալիցիա է կազմելու իշխանության հետ

Մարդիկ այնքան են խորացել, որ ասում են՝ այ էս մեկին չենք ընտրելու, որովհետև հաստատ կոալիցիա է կազմելու իշխանության հետ

Նախոր տարվա վերջին «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը և «Շանթ Դաշինք» ազգայնական կուսակցության նախագահ Շահեն Հարությունյանը ստորագրեցին քաղաքական համագործակցության հուշագիր։ «Փաստաթուղթը սահմանում է ընդհանուր նպատակների, արժեքների և գործողությունների շրջանակ, որոնք ուղղված են`ազգային միասնականության վերականգնմանը, պետական ինքնիշխանության պաշտպանությանը, ժողովրդավարական կառավարման ամրապնդմանը»։ Գաղտնիք չէ, որ հայաստանյան քաղաքական ուժերը տևական ժամանակ է սկսել են ոչ պաշտոնական քարոզարշավը, մարզեր են այցելում, մարդկանց հետ են զրուցում, սոցիալական տարբեր խնդիրների են անդրադառնում, տնտեսական ծրագրեր ու գաղափարներ ներկայացնում և այլն: Ինչո՞վ է զբաղված այս շրջանում «Շանթ Դաշինք» կուսակցության նախագահ Շահեն Հարությունյանը: «Հրապարակը» զրուցել է նրա հետ:

- Ֆեյսբուքյան Ձեր էջից տեղեկացա, որ մարզեր եք այցելում, զրուցում եք տեղի բնակիչների հետ և այլն: Կոնկրետ ո՞ր մարզեր եք այցելել, ի՞նչ են մտածում մարզերում ապրող մարդիկ:

- Այցելել ենք գրեթե բոլոր մարզեր, արդեն իսկ մարզային տասը գրասենյակ ենք ստեղծել: Մարզերում մարդկանց հետ խոսում են ամեն ինչի մասին:

- Կարծիք կա, որ մարզերում ապրող մարդիկ միայն Հ1 են դիտում և ավելի շատ համակրում են իշխանություններին, քան ընդդիմությանը: Ռեալ շփումների ժամանակ ի՞նչ եք նկատում:

- Օբյեկտիվ է այն պնդումը, որ մարզերում իշխանականներն ավելի շատ են, ինչու, որովհետև գյուղերում երկար տարիներ որևէ աշխատանք չի արվել, ինչն այսօրվա իշխանությունն անում է` ասֆալտ, դպրոցների վերանորոգում և այլն: Ուստի բնական է, որ ինչ-որ մի շերտի իշխանությունները պետք է գրավեն, սակայն գրավել մի շերտի, չի նշանակում, որ մարզերում ապրող բոլոր մարդիկ իշխանական են: Անձամբ ինձ համար էլ հետաքրքիր է բացահայտել իրականությունը: Ես շփվելով մարդկանց հետ հասկանում եմ, որ մարդիկ այնքան էլ անտեղյակ չեն և այնպես էլ չէ, որ միայն Հ1 են նայում և դրա ազդեցության տակ են ամբողջովին: Մարդիկ բազմակողմանի տեղեկություններ են ստանում համացանցից և կարողանում են իրենց վերլություններն անել: Հստակ պատկերացում ունեն իշխանության և խորհրդարանական ընդդիմության մասին, ծանոթ են նաև արտախորհրդարանական ընդդիմությանը ևս և շատ հետաքրքիր է, որ մարդիկ այնքան են խորացել, որ ասում են` այ էս մեկին չենք ընտրելու, որովհետև հաստատ կոալիցիա է կազմելու իշխանությունների հետ: Մարդիկ մտահոգ են, առօրյա հօգսերից սկսած, մինչև արտաքին քաղաքականություն հետաքրքրված են: Հետաքրքրված են Ադրբեջանի հետ հարաբերություններով, ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններով , անգամ հարցնում են` ի՞նչ կլինի, թե Ամերիկան խփի Իրանին:

- Իսկ կոնկրետ Ձեզ ինչպե՞ս են ընդունում մարդիկ: Ընկալո՞ւմ են ձեզ որպես առանձին ուժ:

- Այո, հենց այդպես էլ կա, մեզ ինչ-որ ուժի հետ կապել հնարավոր չէ: Եթե անկեղծ լինեմ` ավելի շատ ճանաչելիության խնդիր ունենք, այլ ոչ թե ինչ-որ մեկի հետ ասոցացվելու: Կան մարդիկ, որ ասում են` չենք լսել ձեր մասին, սակայն որ մեզ կապեն իշխանության, կամ նախկին իշխանության հետ, նման բան չի եղել: Մեզ դժվար է կապել ինչ-որ ուժի հետ:

- Ի՞նչ եք կարծում` ունե՞ք շանսեր հաղթելու, կամ գոնե խորհրդարան անցնելու:

- Բնականաբար մեր առջև դրված է իշխանափոխության հասնելը: Եթե մասնակցում ենք ընտրություններին, ուրեմն այդ գործընթացին պետք է մաս դառնանք, թեպետ որոշողը վերջում ժողովուրդն է լինելու: Ամեն դեպքում ես վստահ եմ, որ մենք կարևոր մաս ենք դառնալու կարևոր գործընթացում:

- Այսինքն` ձեր հիմնական խնդիրը իշխանափոխության հասնելն է:

- Այո: 2021 թվականին էլ մենք ցանկանում էինք մասնակցել ընտրություններին, բայց քանի որ այն ժամանակ դաշտը Քոչարյանի և Փաշինյանի միջև էր բաժանված, չցանկացանք ձայներ փոշիացնել և Նիկոլ Փաշինյանին օգտակար լինել:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image