Քաղաքականություն

Մարտուն Գրիգորյանի հայտարարությունը դրական եմ գնահատում, նորմալ էր․ Վարդան Ղուկասյան

Մարտուն Գրիգորյանի հայտարարությունը դրական եմ գնահատում, նորմալ էր․ Վարդան Ղուկասյան

Գյումրիում տեղի ունեցած ընտրություններից 5 օր անց Մարտուն Գրիգորյանը հայտարարեց, որ որ կտա անհրաժեշտ քանակությամբ քվե՝ մյուս երկու ուժերի կողմից սատարվող թեկնածու Վարդան Ղուկասյանին՝ առանց որևէ պաշտոնի, ակնկալիքի և որևէ պայմանավորվածության, քաղաքապետ ընտրելու համար։ Հիշեցնենք, որ ապրիլի 16-ին տեղի կունենա նորընտիր ավագանու առաջին նիստը։ Մարտուն Գրիգորյանն իր հայտարարության մեջ կրկնել է ավելի վաղ արված հայտարարությունը․ «Քարոզարշավի ընթացքում ես բացահայտ ասել եմ և միակն եմ եղել, որ խոսել եմ` ինչ է լինելու ընտրություններից հետո, եթե քաղաքապետ ընտրվի Վարդան Ղուկասյանը։ Մնում եմ նույն համոզմունքին, որ նա ամենախոցելի թեկնածուն է` քրեական գործերով պայմանավորված։ Թե ինչ կլինի հետո ու ինչպես կվարվեն տվյալ մարդու հետ՝ լավ հիշեք այս օրը։ Գյումրին կտանե՞ն Վանաձորի ճանապարհով, թե ոչ՝ տա Աստված, որ սխալված լինեմ»։

Մարտուն Գրիգորյանն, ըստ էության, ակնարկել է Վարդան Ղուկասյանի հնարավոր կալանավորման մասին։

Վարդան Ղուկասյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում վստահեցնում է՝ իրեն կալանավորելու հիմքեր չկան։ 

-Պարոն Ղուկասյան, շնորհավորե՞նք Ձեզ, թե՞ դեռ անակնկալների եք սպասում ավագանու առաջին նիստի ժամանակ։

-Չեմ սպասում անակնկալների, տունտունիկ հո չէ՞։ Չեմ էլ հավատում, որ անակնկալ կարող է լինել։

-Դե, ասենք, կալանավորեն Ձեզ։
-Չեմ հավատում։

-Իսկ ի՞նչ է ակնարկում Մարտուն Գրիգորյանը, երբ ասում է՝ ամենախոցելի թեկնածուն եք։ 
-Մի հատ իրեն կհարցնես, ես ի՞նչ գիտեմ, թե ինչը նկատի ունի։

-Հիմքեր տեսնո՞ւմ եք Ձեզ կալանավորելու։
-Միանշանակ՝ ոչ, եթե տեսնեի՝ չէի առաջադրվի։ 

-Կարդացի՞ք Մարտուն Գրիգորյանի հայտարարությունը, ի՞նչ կասեք։
-Դուք պիտի ասեք: Դրական եմ գնահատում, նորմալ էր։

-Ըստ Գրիգորյանի՝ այս որոշման մեջ պատասխանատու են նաեւ Ռուբեն Մխիթարյանն ու Կարեն Սիմոնյանը, ի՞նչ է ուզում ասել, մեղադրանք տեսնո՞ւմ եք այս հայտարարության մեջ։
-Ի՞նչ մեղադրանք։

-Ասում է՝ շտապեցին Ռուբենն ու Կարենը։
-Իրենից հարցրեք, եթե ինքը ինչ-որ մի բան տեսնում է, թող ինքն ասի, դատախազական հարցաքննություն ես անում աղջիկ ջան։

Հիշեցնենք, որ Մարտուն Գրիգորյանն իր հայտարարության մեջ նշել է.
«Այս երկու թիմերը շատ լավ գիտենալով այս մասին՝ անհասկանալի շտապողականությամբ հայտարարեցին իրենց քայլերի և տվյալ թեկնածուին սատարելու մասին, որով անհնարին դարձրեցին քննարկելու այլընտրանքային, քիչ խոցելի տարբերակ գտնելու ճանապարհը։
Իմ դիրքորոշմամբ, օրինակ՝ Ռուբենին կամ Կարենին կարող էինք ընտրել քաղաքապետ՝ 4 թեկնածուներիս համատեղ քննարկման և համագործակցության արդյունքում։ Եվ սա կդառնար ամբողջական իշխանական համակարգի փլուզման իրական մեկնարկը։
Իրենց որոշումով պայմանավորված` ունենք այս իրավիճակը, որի մասին խոսելն էլի ուշ չէ։ 
Սիրելի գյումրեցիներ ու հատկապես շուրջ 7400 ինձ ընտրողներ, դուք քվեարկեցիք իմ օգտին նաև այն սկզբունքով, որ ներկա իշխանությունը չվերարտադրվի Գյումրիում և բոլորս այդ գաղափարախոսությամբ էինք այս պայքարի մեջ։
Ու մենք բոլորս միասին հասանք դրան, որի համար շնորհավորում եմ բոլորիս։ ՔՊ-ն Գյումրիում այլևս իշխանություն չէ։ Սիրելի ազգականներ, ընկերներ, թիմակիցներ, գյումրեցիներ, դուք իմ կողքին կանգնեցիք, որ նախկին բարքերը չվերադառնային քաղաք։ Գիտենալով իմ սկզբունքներն ու հստակ, ընդգծված կարմիր գծերը, որ այդ բարքերին միշտ դեմ եմ եղել ու ժամանակին իմ շնորհիվ է քաղաքն ազատվել այդ ամենից։ Իսկ հիմա այս երկու թիմերի շտապողականության ու իրենց կայացրած որոշման պատճառով ես ստիպված եմ կայացնել մի այնպիսի որոշում, որին սկզբունքորեն դեմ ենք եղել բոլորս։ 
Ես ներողություն եմ խնդրում բոլոր իմ ընտրողներից, ազգականներից, ընկերներից ու սատարողներից, բայց և վստահ ասում եմ, որ երկրիս՝ պետության և պետականության, Գյումրուս և գյումրեցիներիս շահի ու անվտանգության դեմ ստորադասում եմ իմ անձնական հարցերն ու մոտեցումները և անում եմ այս քայլը` ժողովրդի պահանջով։ Համոզված եմ, որ կհասկանաք ու կաջակցեք իմ որոշմանը։
Բոլորդ համոզվեցիք՝ իրար միացած, իրար հետ համագործակցող քաղաքական ուժերն առանց իմ և ‹‹Մեր քաղաքը›› դաշինքի որոշման ոչ մի բան չեն կարողանալու անել Գյումրիում և ամեն ինչ, հետայսու էլ կախված է լինելու ‹‹Մեր քաղաքը›› դաշինքի քվեարկություններից։ 
Եվ այսպես, ‹‹Մեր քաղաքը›› դաշինքը հայտարարում է, որ կտա անհրաժեշտ քանակությամբ քվե՝ մյուս երկու ուժերի կողմից սատարվող թեկնածու Վարդան Ղուկասյանին՝ առանց որևէ պաշտոնի, ակնկալիքի և որևէ պայմանավորվածության։
Եվ հետագա ամբողջ պատասխանատվությունը՝ քաղաքի հետագա ճակատագիրը՝ ՔՊ-ին տալու, չտալու մասով, այսուհետ թեև վերցնում են իրենց վրա երեք ուժերը՝ Վարդան Ղուկասյանի գլխավորությամբ, այնուամենայնիվ, բոլորդ էլ գիտեք՝ ես ձեռքերս ծալած չեմ նստելու և շարունակելու եմ անել ամեն ինչ, որ ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չունենա։
Իսկ ‹‹Մեր քաղաքը›› դաշինքը գյումրեցիների հետ միասին ամեն ինչ կանի, որպեսզի ապրենք այն քաղաքում, որին արժանի ենք։
Հարգելի լրատվամիջոցներ, քաղաքական գործիչներ, քաղաքական վերլուծաբաններ, բլոգերներ, քաղաքական կուսակցություններ, տերեր և ծառաներ, այսուհետ բոլորդ լավ իմացեք՝ Մարտուն Գրիգորյանն իր ողջ կյանքի ընթացքում որոշումներ կայացրել է ինքնուրույն և առանց շտապողականության և որևէ քաղաքական ուժ կապ չունի ու չի կարող ազդել իմ կայացրած որոշումների վրա»,-գրել է նա։

Ի դեպ, Մարտուն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարությունը դրել է հրապարակելուց 15 ժամ առաջ, հավանաբար` այդ ընթացքում ինչ-որ ճշտումներ է արել, կամ` դեռ կասկածներ է ունեցել։

ՀԳ Հիշեցնենք, որ դեռ 3 օր առաջ էր «Հրապարակը» գրել, որ նման հայտարարություն է լինելու եւ Մարտուն Գրիգորյանը ոչ թե կոալիցիա է կազմելու, այլ ուղղակի պահանջվող ձայներն է տալու, որ Վարդան Ղուկասյանը ընտրվի` նահանջելով հանրության պահանջի առաջ եւ ձախողելով ՔՊ-ի` Գյումրին վերցնելու ծրագիրը: 
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image