Վերլուծություն

Ավետարան՝ ըստ Դանիելի

Ավետարան՝ ըստ Դանիելի

Ոչ անհայտ Դանիել Իոաննիսյանը Ընտրական օրենսգրքի և, հետևաբար, Սահմանադրության փոփոխություն է առաջարկել, որով կարող է որոշվել, թե ով մասնակցի և ով չմասնակցի ընտրություններին, իսկ ավելի ճիշտ՝ ում թույլատրեն և ում արգելեն մասնակցել ընտրություններին:

Ըստ Իոաննիսյանի՝ ընտրություններին մասնակցելու իրավունք պետք է ունենան հետևյալ 3 խմբերի քաղաքացիները.

-Նրանք, որ գերակշռապես բնակվել են Հայաստանի Հանրապետությունում,
-Նրանք, որ պարբերաբար հարկ են վճարել Հայաստանում,
-Նրանք, որ ծառայել են (կամ գոնե վարժական հավաք են անցել) ՀՀ զինված ուժերում:

Անձամբ ես նշված բոլոր պարամետրերին համապատասխանում եմ և, կարծես, բողոքելու տեղ չունեմ: Ըստ Դանիելի ավետարանի՝ ընտրելու իմ իրավունքը լիովին պաշտպանված է: Շնորհակալություն: Վերջին 65 տարում Հայաստանից 65 օր բացակայած չկամ, հարկերս վճարել եմ ոչ թե պարբերաբար, այլ մի բան էլ ավելի, իսկ ՀՀ ԶՈւ-ում ոչ միայն ծառայել եմ, այլև մասնակցել բազմաթիվ վարժական հավաքների:

Հիմա ինձ ավելի շատ մտահոգում է մեր հարյուր հազարավոր քաղաքացիների հարցը՝ այսպես ասած՝ նրանց ընտրելու իրավունքը: Իոաննիսյնը չի մանրամասնել, օրինակ, իրավունք ունի՞ իմ հարևան Շմավոնը մասնակցել ընտրություններին, եթե ծառայել է խորհրդային բանակում, ողջ կյանքն ապրել է Հայաստանում, բայց հարկերի տեսքով անգամ 10 դրամ չի վճարել Նիկոլի կառավարությանը: Շմավոնը, փաստորեն, ՀՀ այն քաղաքացին է, որի պարագայում Իոաննիսյանի 3 պարամետրերից 2-ը չեն բավարարվում: Շմավոնը կարա՞ ընտրի…

Իսկ Սարգի՞սը… Սարգիսն իմ հեռավոր ծանոթներից է: ՀՀ ԶՈւ-ում ծառայել է, որոշ չափով հարկեր վճարել է, բայց Հայաստանում համարյա չի լինում, կամ կլսես՝ խոպան է, կամ ինչ-որ էքսպեդիցիայի կազմում մեկնել է հարավային բևեռ: Դեպքից դեպք է գալիս Հայաստան ու հակառակի պես ընտրությունների օրերին: Հը, Դանչո, Սարգիսը կարա՞ ընտրի:

Բաղդասարի վիճակն ավելի ծանր է: Նա Հայաստանում համարյա չի լինում, բանակում չի ծառայել, գոնե մեկ անգամ վարժական հավաքների չի գնացել, հարկեր էլ չի վճարել, որովհետև Հայաստանում համարյա չի լինում: Նրա ունեցածը ՀՀ քաղաքացու մի կապույտ անձնագիր է և իր չոր գլուխը: Ավելին ասեմ՝ Անկախության հանրաքվեից հետո Բաղդասարը ոչ մի ընտրության չի մասնակցել: Հիմա, երբ Հայաստանին անկախություն բերած Բաղդասարը հեռվից տեսնում է, թե ինչպես են Նիկոլն ու ՔՊ-ն քանդում հայոց պետականությունը, իրավունք ունի՞ գալ և տեր կանգնել իր հայրենիքին և իր «այո»-ով անկախացած Հայաստանի Հանրապետությանը:

Գանք Շմավոնի կնգան… Շողակաթի բախտը բանակում ծառայելու հարցում, հասկանալի է, չի բերել: Ողջ կյանքում այդ կինը, կարելի է ասել, եղել է տնային տնտեսուհի: Նա 5 երեխա է ունեցել, բայց հարկեր չի վճարել, որովհետեւ ինքը չի աշխատել, իսկ ամուսինը՝ Շմավոնը, լինելով «վարձու» աշխատող առանձնապես աչքի չի ընկել հարկեր վճարելու իր անսահման ցանկությամբ: Շողակաթը կարա՞ ընտրի, պարոն Իոաննիսյան:

Եվ ուրեմն, հարգելի Դանչո, որպեսզի ոչ դու, ոչ Նիկոլը, ոչ էլ որևէ ՔՊ-շնիկ չընկնեք ծիծաղելի վիճակի մեջ, ես առաջարկում եմ օրենքն այսպես գրել. «Հայաստանի Հանրապետությունում ընտրելու իրավունք ունեն 50 կգ և ավելի կշռող ՀՀ քաղաքացիները, որոնք նոտարից թուղթ են բերում առ այն, որ քվեարկելու են Նիկոլի և ՔՊ-ի օգտին: Իսկ եթե նոտարը տեղում չէ, բայց քաղաքացին շատ է ուզում ընտրել Նիկոլին, ապա այդ հարցում նրան կօգնեն ՆԳՆ-ն, ԱԱԾ-ն, Դատախազությունը, Քննչականը, Հակակոռուպցիոնը, ՔՊ-ի շտաբները, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների հրամանատարները, բուհերի ռեկտորները, համատիրությունների նախագահները և, իհարկե, թաղի տասովչիկները: Այ, սա եղավ ընտրական օրենք… Այլապես, Դանչո, դրել գիտությունով ես չալում՝ բանակում պիտի ծառայած լինես, Հայաստանում ապրած, հարկեր վճարած…

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image