«Երկիր Ծիրանի» կուսակցությունը դեռ որոշում չի կայացրել ընտրություններին մասնակցելու վերաբերյալ։
«Հրապարակի» հետ զրույցում «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանն ասաց, որ որոշումը կկայացնեն մոտ ժամանակահատվածում։
«Նախ, մենք դեռ որոշում չունենք։ Որոշումը կկայացնենք մոտ ժամանակահատվածում։ Իհարկե, քննարկումներ անցկացնում ենք տարբեր քաղաքական ուժերի հետ, որոնց մասին եթե հարկ լինի, կհրապարակենք», - նշեց Փոստանջյանը՝ պատասխանելով հարցին, թե «Երկիր Ծիրանի» կուսակցութունն ի՞նչ որոշում է կայացրել ընտրություններին մասնակցելու հետ կապված, և ո՞ւմ հետ են բանակցում։
Կուսակցության ղեկավարը չցանկացավ կանխատեսումներ անել, թե իշխանություններն ինչ քայլերի կդիմեն ընտրությունների օրը, նախընտրական շրջանում։ «Քանի դեռ հստակ նշված չեն․․․ Կա ժամանակացույց, բայց մենք դեռ պատկերը չունենք՝ ովքե՞ր են մասնակցելու, արդյո՞ք տեղի են ունենալու ընտրությունները։ Սրանից հետո անպայման կխոսենք։ Կանխատեսում այս պահին չանենք», - ասաց քաղաքական գործիչը։
Խոսելով Սյունիք ադրբեջանական ներխուժման մասին՝ Փոստանջյանն ասաց, որ դրա համար պետք է պատասխանատվության կանչվեն այսօրվա գործող իշխանությունները։
«Նախ այն, որ տեղի է ունեցել, արդեն իսկ քրեորեն հետապնդելի արարք է։ Եվ դրա համար պետք է պատասխանատվության կանչվեն այսօրվա գործող իշխանությունները, որոնք պատասխանատու են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության համար, իսկ դրանք են վարչապետի պաշտոնակատարը, մեր զինված ուժերի ղեկավարները։ Արդեն հասկանալի է, որ թույլ են տվել Հայաստանի տարածքային ամբողջականության խախտում։ Եվ դրա պատասխանը պետք է լիներ համապատասխան գործողություններ, որը տեղի չի ունեցել։ Այսինքն, ովքեր որ սահման են խախտում, նրանց ձերբակալում, ապա նաև կալանավորում են կամ վերցնում են նաև համապատասխան կարգավիճակով, չեզոքացնում են։ Եվ մենք պետք է նաև վերականգնենք այդ տարածքային ամբողջականությունը, եթե խախտվել է։ Հիմա մենք տեսնում ենք, որ այդպիսի գործողություններ չկան։ Եվ իրարամերժ հայտարարություններ են սկզբից հրապարակում, որ նման խախտումներ չեն եղել, կեսգիշերին իմանում ենք, որ, այո, դա իրականություն է, տարածքային ամբողջականությունը խախտվել է: Եվ չկա որևիցե մեկը, որ պատասխանատվության կանչվի, այսինքն, այդ մասով էլ գործողություն չի կատարվել։ Ասում են՝ ինչ-որ բանակցություններ են տեղի ունենում։ Դուք պատերացնո՞ւմ եք, երկիրը փոքրացրել են ու բանակցում են, ինչի՞ շուրջ եք բանակցում։ Պետք է լիներ, իհարկե, համապատասխան գործողություն։ Դուք պատկերացրեք, սահմանը մեկը խախտի... ով որ խախտում է, այդ սահման խախտողին ի՞նչ են անում։ Զգուշացնում են, ու եթե այդ զգուշացմանը նա չի ենթարկվում, վերացնում են։ Հիմա մենք փաստորեն տեսնում ենք, որ խախտել են, եկել են, մնացել են անպատիժ։ Նույն անպատժելությունը տիրում է Երևան քաղաքում Հայաստանի Հանրապետությունում բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ», - ընդգծեց «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավարը։
Փոստանջյանն ասաց, որ իրավապահ մարմինները պարտավոր էին քրեական գործ հարուցել ու պատասխանատվության կանչել տարածքային ամբողջականության խախտում թույլ տվածներին։ «Տվյալ պարագայում տարածքային ամբողջականության խախտողների այդ հասցեատերերն են, թույլ տվողներն են երկրի գործադիր իշխանության առաջին դեմքը և նաև զինված ուժերի պատասխանատուները», - եզրափակեց նա։