Հասարակություն

Փոխանակ իր ԿԳՄՍ նախարարից պատասխան պահանջի, ուսուցիչներին է կրակը գցել

Փոխանակ իր ԿԳՄՍ նախարարից պատասխան պահանջի, ուսուցիչներին է կրակը գցել

Օրերս Հ1-ին տված հարցազրույցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ հայտարարեց ուսուցիչներին տրվող բարձր աշխատավարձի մասին։ Վարդենիսի տարածաշրջանի գյուղերից մեկի դպրոցում հերքեցին վարչապետի հայտարարությունը։ «Փոքր դպրոց է՝ փոքր աշխատակազմով, գիտենք՝ ով ինչքան է ստանում։ Որեւէ մեկի աշխատավարձը չի բարձրացել»,- ասաց 30 տարվա աշխատանքային փորձ ունեցող մի ուսուցիչ։
Գյուղը, դպրոցն ու ուսուցչի անունը չենք նշում՝ վերջինիս խնդրանքով, որ չթիրախավորեն։ Վախենում է անհարկի հետապնդումներից ու հաշվեհարդարներից, բայց հոգով ու սրտով այն ըմբոստ ուսուցիչների հետ է, ովքեր առանց ահուդողի պայքարում են ուսուցչի ոտնահարված իրավունքների եւ դպրոցը կործանման տանող պետական քաղաքականության դեմ։ Բարձր աշխատավարձ ստանալու համար ներդրված կամավոր ատեստավորման ինստիտուտը, ըստ զրուցակցիս, խաբկանք է, իմիտացիա՝ բարձր աշխատավարձի մասին, որի «անունը կա, ամանում չկա»։ 

«Մասնագիտական բարձրագույն կրթություն եմ ստացել, աշխատանքային հարուստ փորձ ունեմ, հինգ տարին մեկ էլ պարտադիր ատեստավորում եմ անցնում, բայց դրանից աշխատավարձս չի բարձրանում։ Եթե պետությունն իրոք ուզում է իր ուսուցչին արժանապատիվ աշխատավարձ տալ, բարելավել նրա սոցիալական վիճակը, արդյո՞ք հինգ տարվա պարբերականությամբ վերապատրաստվելն ու ատեստավորվելը բավարար չեն։ Ինչի՞ համար է կամավոր ատեստավորումը, եթե քողարկվում է դրա իրական նպատակը։  Օրինակ, ինչո՞ւ են հարցաշարում առարկայի հետ կապ չունեցող, երբեմն էլ՝ ծուղակ հարցեր ներառվում։ Ո՞րն է նպատակը՝ վատ դրության մե՞ջ դնեն ուսուցչին, սթրեսի՞ ենթարկեն նրան։ Գոնե պատկերացնո՞ւմ են, թե դրանից հետո հոգեբանական ինչ հարված է ստանում ուսուցիչը։

Գիտե՞ն, որ շատերը դիմում են գրում ու դուրս գալիս դպրոցից, որովհետեւ դասարան մտնելու երեսատեղ չեն ունենում։ Նորից եմ ասում՝ իրենց հարցաշարը ոչ թե ուսուցչի գիտելիքը ստուգելու եւ նրան որակավորելու համար է, այլ նվաստացնելու, ինքնագնահատականն իջեցնելու, դպրոցի դուռը դրսից փակելու համար է»։
Զրուցակիցս ցավով է խոսում օրեցօր դատարկվող դպրոցների մասին։ Նրա կարծիքով՝ պետությունը դիտավորյալ է դրան տանում, որ հասարակության մտածող հատվածը հիասթափվի ու լքի դպրոցն էլ, երկիրն էլ։ «Որքան խելացիները քիչ լինեն, այնքան հեշտ կլինի կառավարելը»։

Նրա կարծիքով՝ փոխանակ պետությունը վերանայի կառավարման իր փնթի ու թափթփված քաղաքականությունը, պատասխանատվության բեռը բարձում է դպրոցի ուսերին։ «Հիմա էլ դասագրքեր ու մեթոդական ձեռնարկներ չկան։ Փոխանակ իր ԿԳՄՍ նախարարի օձիքից բռնի, պատասխան պահանջի, ուսուցիչներին է կրակը գցել։ Ամբողջ օրը զբաղված ենք գիրք պատճենահանելով։ Ինչի՞ պետք է դասերից հետո մնանք, գիրք բազմացնենք ու բաժանենք աշակերտներին, ինչ է թե՝ պետությունն իր գործում թերացել է։ Զարմանում եմ, որ Ժաննա Անդրեասյանը հայտարարում է, թե իրենք մեղավոր չեն, որ դասագրքերը պատրաստ չեն։ Իրո՞ք… հիմա՞ ում վզին եք մեղքը փաթաթելու։ Նախկիններին էլ անուն են դնում։ Նրանց ղեկավարման տարիներին՝ ինչ-ինչ, գոնե դասագրքերի խնդիր չենք ունեցել։ Ո՞վ կմտածեր, որ ուսումնական տարին կմեկնարկեր առանց դասագրքերի»։

Փաշինյանի կառավարությունից դժգոհ դպրոցում նեղվում են հրապարակումներից այն մասին, թե Գեղարքունիքի մարզում վարչապետին ջերմ ու գրկաբաց են ընդունում։ «Այդպիսիք էլի՛ կան, բայց շատ քիչ են։ Ինչպե՞ս կարող են գրկաբաց ընդունել մեկին, ում պատճառով անընդհատ կրակոցներ ենք լսում։ Գիտե՞ք ինչքան դժվար է կրակոցների տակ դաս անել, երեխաներին քաջալերել, որ չվախենան, չթուլանան, լաց չլինեն։ Իսկ մե՞զ ով պետք է քաջալերի, չէ՞ որ մենք էլ ենք վախենում...»:

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image