Քաղաքականություն

Ընտրությունից շաբաթներ անց Դոնալդ Թրամփը տոնեց իր գլխավոր հաղթանակը

Ընտրությունից շաբաթներ անց Դոնալդ Թրամփը տոնեց իր գլխավոր հաղթանակը

Ամերիկյան լրատվամիջոցները հաղորդում են, որ նոյեմբերի 25-ին ԱՄՆ 45-րդ եւ 47-րդ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ֆլորիդայում գտնվող Mar-a-Lago կալվածքում ամենաիսկական տոնախմբություն է կազմակերպվել։ Գուցե՝ ավելի բարձր տրամադրությամբ եւ շուքով, քան նոյեմբերի 5-ի նախագահական ընտրություններում տարած հաղթանակից հետո։ Ընդհանրապես, նոյեմբերի 5-ը եւ 25-ը խիստ փոխկապակցված ամսաթվեր եւ իրադարձություններ են Թրամփի կյանքում։ 2024թ. նոյեմբերի 5-ի նախագահական ընտրությանը Թրամփը մասնակցեց երեւի թե առավելապես արդյունքի համար, որի մասին հատուկ (անկախ) դատախազ Ջեք Սմիթը (Jack Smith) հայտարարեց նոյեմբերի 25-ին: Եվ, փոխադարձաբար, նոյեմբերի 25-ի արդյունքը Թրամփի համար հնարավոր եղավ միայն այն պատճառով, որ նա հաղթեց նոյեմբերի 5-ի ընտրություններում։ 

Ինչո՞ւ Թրամփը մասնակցեց 2024-ի նախագահական ընտրություններին եւ ինչի՞ հասավ 2024-ի նոյեմբերի 25-ին։ Ոչ մի լուրջ եւ համոզիչ պատասխան այն հարցին, թե ինչու Թրամփն առհասարակ որոշեց մասնակցել ԱՄՆ 2016-ի նախագահական ընտրություններին, կարծես մինչ այժմ չի եղել։ Արդյո՞ք Թրամփը ցանկանում էր պատմության մեջ մնալ, եւ ԱՄՆ նախագահ դառնալը դրա ուղիղ ճանապարհն էր։ Թե՞ դա նոր, գրավիչ, դժվարհասանելի նպատակ էր եւ գրավեց նրան որպես արկածախնդրություն, ադրենալին։ Գուցե Թրամփը չէ՞ր կարողացել ներել, որ Օբաման Սպիտակ տանը մի ընդունելության ժամանակ կատակել էր իր հասցեին, եւ որոշեց ձեռնոց նետել․․․ 

Ամեն պարագայում, ինչ էլ լիներ մոտիվացիան, 2016-ի նախագահական ընտրությանը Թրամփը հաղթելու մեծ սպասումներ չէր ունեցել, մինչեւ վերջին պահը ո՛չ հաղթական ելույթի, ո՛չ պարտություն ընդունելու թեկուզ սեւագիր տեքստ չէր կազմել։ Այնպես որ, բոլորովին օրինաչափ էր, որ ինչպես հիմա հետահայաց պատմում են, իր իշխանությունը Սպիտակ տանը, հատկապես սկզբնական շրջանում, կատարյալ քաոս է եղել, որ հետագայում էլ առանձնապես չի հաղթահարվել։ Այդ չորս տարվա ավարտից, մանավանդ 2021-ի հունվարի 6-ին Կոնգրեսի վրա Թրամփի կողմնակիցների գործած ամբոխային հարձակումից հետո նույնիսկ Թրամփի ընտանիքի անդամներն էին փակել քաղաքականության թեման եւ չէին ցանկանում նախագահության նոր շրջան քննարկել։

Մեծ հավանականությամբ, Թրամփը չորս տարի անց քաղաքական ռինգ չէր էլ վերադառնա եւ նոր ընտրության չէր մասնակցի, եթե իր անձնական ազատության կամ ազատազրկման երկընտրանքը դրված չլիներ խաղասեղանին։ Թրամփին, ընդհանուր առմամբ, 90-ից ավելի քրեական մեղադրանք էր ներկայացված, որոնցից ամենակարեւորները Արդարադատության դեպարտամենտի կողմից 2022-ին նշանակված հատուկ դատախազ Ջեք Սմիթի դատախազական խմբի հետաքննած հանցագործություններն էին․ առաջինը 2020-ի օրինական ընտրության արդյունքները տապալելու, 2021թ․ հունվարի 6-ի խռովության, Կոնգրեսի վրա հարձակման միջոցով Ջո Բայդենի պաշտոնամուտ թույլ չտալու քայլերն էին։ Երկրորդը պետական գաղտնիություն ունեցող փաստաթղթերն արկղերով Սպիտակ տնից հանելու, Մար-ա-Լագոյի իր մասնավոր կալվածք տեղափոխելու եւ հոժարակամ վերադարձնելուց հրաժարվելու քայլն էր (փաստաթղթերն արկղերով Մար-ա-Լագոյի առանձնատան լողասենյակներից ու հարդասենյակներից Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) աշխատակիցները հանեցին)։

Այդ երկու հանցագործությունների համար, եթե մեղադրանքները դատարանում հաստատվեին, նախկին նախագահ Դոնալդ Թրամփին տասնամյակների ազատազրկում էր սպառնում։ Արդյունքում երկրորդ անգամ ԱՄՆ նախագահ դառնալու Թրամփի ձգտումն անսքող անձնավորված էր եւ հասկանալի՝ Թրամփը սեփական ազատության խնդիրն էր լուծում։ Եվ, ահա, ընտրությունից երեք շաբաթ հետո, նոյեմբերի 25-ին ընտրարշավի գլխավոր պարգեւն ու ռազմավարը Թրամփը ստացավ։ Անկախ դատախազ Ջեք Սմիթը հանրությանը տեղեկացրեց, որ երկու գործով էլ պաշտոնական դիմումներ է ներկայացրել Վաշինգտոնի եւ Ֆլորիդայի դատարաններ, խնդրելով ավարտել գործերը` հետագայում վերաբացման հնարավորությամբ (dismissal without prejudice)։ 

Հիմնավորումն այն էր, որ ծագած իրավական կոլիզիայի շուրջ (որի մի կողմում ԱՄՆ սահմանադրության դրույթը եւ ավանդական մեկնաբանությունն է, թե պաշտոնավարող նախագահը չի կարող քրեորեն հետապնդվել, մյուս կողմում սկզբունքն է, թե որեւէ անձ վեր չէ օրենքից) Արդարադատության դեպարտամենտի քննարկումները, ի վերջո, ավարտվել են այն դիրքորոշմամբ, որ մինչեւ Թրամփի՝ նախագահի պաշտոնը ստանձնելը քրեական հետապնդումները նրա դեմ պետք է դադարեցված լինեն։ Սակայն դա ժամանակավոր քայլ է, նախագահական պաշտոնավարման ավարտից հետո գործերը կարող են վերաբացվել։ 

Ինչ կլինի չորս տարի հետո՝ կտեսնենք, առայժմ Թրամփին հաջողվեց քաղաքական վերադարձով Սպիտակ տուն երաշխավորել իր ազատությունը եւ անձեռնմխելիությունն առաջիկա չորս տարվա համար, ինչի կապակցությամբ, իհարկե, ավելի քան արդարացված էր Մար-ա-Լագոյում տոնախմբություն կազմակերպելը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image