Հասարակություն

«Հրապարակ». Իրավապահները «գողացել» են քաղաքացիների մեքենաներն ու հետ չեն տալիս

«Հրապարակ». Իրավապահները «գողացել» են քաղաքացիների մեքենաներն ու հետ չեն տալիս

Մայիսի վերջին Քննչական կոմիտեն տարբեր պատճառաբանություններով առգրավել ու մինչ օրս հատուկ պահպանվող տարածքում է պահում Սրբազան պայքարի աջակիցների շուրջ երկու տասնյակ մեքենա։ «Հրապարակը» գրավոր հարցում էր ուղղել ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին` ակցիաների ժամանակ առգրավված եւ քրեական վարույթով անցնող մեքենաների վերաբերյալ, մասնավորապես՝ քանի մեքենա է առգրավվել, ինչ հոդվածով է նախաձեռնվել քրեական վարույթ, ինչ է հայտնաբերվել մեքենաներում կամ մեքենաների վերաբերյալ, եւ ինչու են դրանք ամիսներ շարունակ պահվում Քննչական կոմիտեում։ 

Ի պատասխան մեր հարցմանը՝ Քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ Կ․ Շառոյանը գրել է, թե նշված տրանսպորտային միջոցները հատուկ պահպանվող տարածք տեղափոխվել են Քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Երեւանի վարչական շրջանների քննչական բաժիններում ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի հատկանիշներով նախատեսված հանցանքների դեպքերի վերաբերյալ քրեական վարույթներով։ «Որոնց շրջանակներում իրականացվել եւ իրականացվում են ապացուցողական ու վարույթային համապատասխան գործողություններ` այդ մասին քրեադատավարական ընթացակարգով իրազեկելով պատշաճ սուբյեկտներին: Վերոնշյալ գործողություններն ավարտելուց հետո հնարավոր կլինի քննարկել տրանսպորտային միջոցներն օրինական տիրապետողներին վերադարձնելու հարցը»,- հայտնում է Կ․ Շառոյանը: 

Մյուս բոլոր հարցերը թողնվել են անպատասխան, եւ նշել են, որ այդ տեղեկատվության տրամադրումը կարող է խախտել մարդու անձնական եւ ընտանեկան կյանքի գաղտնիությունը, նաեւ պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալներ, ուստի չեն կարող տրամադրել: Սույն գործով փաստաբան Հովհաննես Խուդոյանը «Հրապարակի» հետ զրույցում շեշտում է՝ Քննչական կոմիտեն ապօրինի է պահում մեքենաները, մեզ էլ տվել է խուսափողական պատասխան։ Ըստ նրա՝ վարույթն իրականացնող մարմինը հնարավոր ամեն բան անում է՝ քաղաքական շարժման ակտիվիստներին նեղություն պատճառելու համար։ 

«Այն, որ այդ մեքենաների մասով Երեւանի տարբեր բաժիններում հին գործեր կան` գործեր, որոնց մասին մենք էլ ենք ասում, այդ գործերին անիմաստ ավելացրել են օպերատիվ տվյալներ, որ կարողանան այդ եղանակով մեքենաները պահել։ Քաղաքացուն ասում են՝ օպերատիվ տվյալ ունենք, որ քո մեքենան եղել է այսինչ տեղում, կապ ունի գողության կամ խուլիգանության դեպքի հետ, դրա համար պիտի գործողություններ անենք, պարզենք` այդ մեքենայում դո՞ւ ես եղել, թե՞ ոչ։ Այսպես մեքենաներն առգրավել են, պահել։ Մեկ վարույթ չէ, բազմաթիվ առանձին գործեր կան, ամեն մեկով առկա է մեկ մեքենա։ Այդ մեքենաների վրա նոր քրեական գործեր չեն բացվել, այլ նախկինում եղած, արդեն «քնած» գործերի մեջ իբրեւ թե օպերատիվ տվյալ են ավելացրել»։

Սակայն, իրավական մասից զատ, կա քաղաքական դրդապատճառ։ Իրավապահ համակարգը փորձում է իշխանության դեմ բողոքող քաղաքացիների, ընդդիմադիր շարժումներին մասնակցող անձանց նկատմամբ ճնշում գործադրել, հնարավորինս նեղություն տալ, խնդիրներ առաջացնել, որպեսզի հետագայում նրանք զերծ մնան քաղաքական ակտիվությունից։

«Տրամաբանական եզրահանգում է, քանի որ բոլոր այդ անձինք ակցիաների մասնակիցներ են։ Պատահականություն չկա այս ամենի մեջ։ Ակնհայտ է, որ ակցիաների մասնակիցների հետեւից են ընկել։ Օրենքի շրջանակում Քննչական կոմիտեի այս գործողությունը ոչ մի հիմք չունի»,- շեշտում է փաստաբանը։ Այս եղանակով իրավապահները կարող են երկար պահել մեքենաները, սակայն փաստաբանն ասաց, որ քայլեր կձեռնարկեն՝ այդ ժամկետները կրճատելու եւ մեքենաներն իրենց տերերին վերադարձնելու համար։ 

Ո՞ր ուժային կառույցն է այս ապօրինության հետեւում կանգնած։ Խուդոյանի խոսքով, ոստիկանությունն ասում է՝ քննչականից են հետախուզման համար տվյալներ փոխանցել, քննչականից ասում են՝ ոստիկանությունն է փոխանցել, թե օպերատիվ տվյալներ ունենք եւ մեքենաները պահում ենք այդ գործերի համար։ Սակայն որեւէ փաստաթուղթ ո՛չ ոստիկանությունն է տրամադրում, ո՛չ քննչականը, թե ինչի հիման վրա են պահում այդ մեքենաները. «Այլ կերպ ասած՝ քաղաքացիների մեքենաները գողացվել են ոստիկանների ու քննիչների կողմից»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image