Երբ Ռուբեն Վարդանյանն ու «Ապրելու երկիր» կուսակցությունը հայաստանյան քաղաքական դաշտում ակտիվացան, երբ Ռուբեն Վարդանյանը սկսեց բիզնես-պրոյեկտներ անել, բարեգործությամբ զբաղվել, ֆինանսավորել տարբեր նախաձեռնություններ, նրա շուրջը մեծ թվով մարդիկ հավաքվեցին, ովքեր առաջներում երբեք ոչ մի կուսակցության, ոչ մի քաղաքական ուժի կողքին չէին կանգնել: Եւ դա մեղադրելի չէ, որովհետեւ շատերին շահն է առաջնորդում, հաց վաստակելու խնդիր ունեն, աղքատ երկրում նման նախաձեռնություններ ֆինանսավորողները, որպես կանոն, մատների վրա հաշված մարդիկ են:
Հիմա Ռուբեն Վարդանյանն ադրբեջանական դաժան գերության մեջ է, խոշտանգվում է, կորցրել է իր քաշի կեսը, ծանր մեղադրանքներ են առաջադրել նրան` կարծես ողջ հայ ազգի, ամբողջ Արցախի պատասխանատվությունը այդ մարդը միայնակ պետք է իր ուսերին տանի` մենք Արցախի համար չենք պայքարել, ոչ մի հայաստանցու զավակ Արցախում չի ծառայել, ոչ մի պաշտոնյա չի այցելել, ծրագրեր չի արել Արցախում, ՀՀ պետբյուջեից գումարներ չեն հատկացվել, մենք չենք փափագել անկախ ու ազատ Արցախ ունենալ, դա միայն Ռուբեն Վարդանյանն է փափագել եւ հիմա պատժվում է այդ երազանքի, իր ներդրած ջանքերի համար: Թե ինչքան կտեւի Բաքվի դատավարություն անունը կրող այդ անմարդկային, անբարոյական դժոխքը` ոչ ոք չի կարող ասել, ինչով կավարտվի այն, մեր հայրենակիցները կկարողանա՞ն ողջ առողջ վերադառնալ հայրենիք` ոչ ոք չգիտի:
Մեզնից ոմանք երբեմն մեղադրում են շարքային հայ մարդկանց` այս կամ այն հարցում, օրինակ, հենց հայ ռազմագերիների հարցում անտարբեր լինելու համար: Դժգոհում ենք, թե ինչու մարդիկ դուրս չեն գալիս փողոց, չեն պայքարում Բաքվի բանտերում գտնվող ռազմաքաղաքական ղեկավարության փրկության համար: Բայց նաեւ պետք է հասկանանք, թե որտե՞ղ են 2023 թվականի՝ Երևանի ավագանու ընտրություններից առաջ «Ապրելու երկիր» կուսակցության կողքին ծվարած մեծ թվով մարդիկ, մտավորականներ, Ռուբեն Վարդանյանի բարեգործությունից օգտված անձինք:
Փորձեցինք գտնել եւ զրուցել նրանցից մի քանիսի հետ: Օրինակ՝ լավ հիշում ենք, որ 2023 թվականի սեպտեմբերի 11-ին Կամերային երաժշտական ազգային կենտրոնում տեղի ունեցավ գրող Աշոտ Աղաբաբյանի «Սև հովազ 1» գրքի շնորհանդեսը՝ Ռուբեն Վարդանյանին պատկանող «Ապրելու» բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ: Աղաբաբյանն այսօր ոչինչ չունի՞ ասելու: Մենք զանգահարեցինք հայտնի գրողին, սակայն նա հրաժարվեց հարցազրույց տալուց` ասելով ես ինչից եմ տեղյակ, որ ինչ որ բան ասեմ:
Փորձեցինք կապվել ճարտարապետ Անահիտ Թարխանյանի հետ, որը 2023-ին իր արևմտամետ ամուսունու` Անդրիաս Ղուկասյանի հետ ներկա էր «Ապրելու երկիր» կուսակցության գրեթե բոլոր միջոցառումներին եւ անգամ «Արթուր Թարխանյան կենտրոնն» ու «Ապրելու երկիր» կուսակցությունը կնքեցին համագործակցության հուշագիր` Երեւանի ընտրությունների նախօրեին, որը ներառում էր նաև Երիտասարդության պալատի վերականգնման նախագիծը: Փորձեցինք Ռուբեն Վարդանյանի մասին հարցազրույց վերցնել նրանից, սակայն տիկին Թարխանյանը հրաժարվեց հարցազրույց տալ:
Նման օրինակները բազմաթիվ են, հատորներ կարող ենք գրել մեր մտավորականների` այլ անձանց ուղղված «ապրումակցման», թեժ «պայքարի», նեղ վիճակում գտնվող մարդու կողքին «կանգնելու» մասին: