«Հրապարակը» զրուցել է քաղաքագետ Աղասի ԵՆոքյանի հետ.
- Պարոն Ենոքյան, ի՞նչ հույսեր ունի Թուրքիայի նախագահ էրդողանը, ԱՄՆ-ում գործարար շրջանակների հետ հանդիպման ժամանակ՝ ոգեկոչելով թուրք-ամերիկյան ռազմավարական գործընկերությունը, ներկայումս լինելով ՌԴ-ի հետ ռազմավարական դաշնակից։
- Թուրքիան առաջին հերթին ՆԱՏՕ-ի անդամ է, ունի այդ կառույցի երկրորդ խոշոր բանակը։ Ռուս-թուրքական հարաբերությունները միշտ էլ տակտիկական բնույթ են կրել եւ մի քանի ամսվա պարբերականությամբ կարող են մեկ համարվել գործընկերային, մեկ էլ սառեն, կամ անգամ թշնամական դառնան։
Այժմ տպավորությունն այնպիսին է, որ Թուրքիան Ռուսաստանից ստացել է առավելագույնը, ինչ կարող էր ստանալ այս պահին, եւ փորձում է իր խաղի մեջ ներքաշել Արեւմուտքին։ Որպես լրացուցիչ գործոն, իհարկե, պետք է նշել այն, որ Բայդենի վարչակազմի համար Ռուսաստանի ազդեցության դեմ պայքարը արտաքին քաղաքական նախապատվություններից է, ինչպես նաեւ՝ երեւի Թուրքիան ենթադրում է, որ Աֆղանստանում իրավիճակի փոփոխությունից հետո մի կողմից ինքը խաղի լայն հնարավորություններ կստանա Միջին Ասիայում, մյուս կողմից Մոսկվան ստիպված կլինի ավելի շատ ռեսուրսներ ծախսել այնտեղ՝ թուլացնելով Հարավային Կովկասի զարգացումներում իր ներգրավվածությունը։
Ի դեպ, այն որ Նիկոլ Փաշինյանը Վրաստանին է դիմում Էրդողանի հետ հանդիպում կազմակերպելու համար եւ ոչ Ռուսաստանին, եւս վկայում է, որ կան ռուս-թուրքական որոշակի անհամաձայնություններ, որից Նիկոլ Փաշինյանը փորձում է օգուտ քաղել։
- Կներվի՞ այդ սիրախաղը։
- Այստեղ ներվել-չներվելու մասին խոսք չի կարող լինել, քանի որ երկու երկրների հարաբերությունները էմոցիոնալ մակարդակի վրա չեն, այլ հաշվարկված են քաղաքական ռեալիզմի գործիքներով։
- Ադրբեջանական լրատվամիջոցներում այսօր մի վերլուծություն կար այն մասին, որ եթե ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին շարունակի հայտարարել, որ Արցախյան խնդիրը կարգավորված չէ և շարունակի ռևանշիստական տրամադրություններ արթնացնել ՀՀ քաղաքական վերնախավի մոտ, ապա Ադրբեջանը դուրս կգա ԵԱՀԿ Մինսկի խմբից՝ ամբողջությամբ։
- Լրագրողը երեւի թե արտահայտում է երկրի որոշակի շրջանակների տրամադրությունները, սակայն փաստն այն է, որ Ադրբեջանի հաջողությունները դիվանագիտական մակարդակով ամրապնդված չեն, ավելի շատ տակտիկական բնույթ են կրում եւ կախված են Հայաստանի իշխանությունների կրավորական քաղաքականությունից։ Այս գործոնի փոփոխության , ինչպես նաեւ տարածաշրջանում Ռուսաստանի քաղաքականության վայրիվերումների դեպքում Բաքվի շատ ձեռքբերումներ կարող են չեզոքացվել, ուստիեւ այս պահին նրան անհրաժեշտ է շարունակել դիվանագիտական աշխատանքը Մինսկի խմբի հետ։