Տևական ժամանակ հայ ժողովրդին հեռավոր ամերիկաներից տեռորի ենթարկած Դոգ անունով չարիքը` ամերիկյան իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվելուց հետո լռեց եւ մեր եթերը որոշակիորեն մաքրվեց աղտոտությունից: Նա` միգրացիոն ռեժիմը խախտելու համար, հիշեցնենք, որ ձերբակալվել է Միացյալ Նահանգներում և սպասում է դատարանի որոշմանը: Հայհոյանքի կարոտ իր լսարանի մի մասը հույս ունի, որ նրան չեն արտահանձնի Հայաստանին կամ Ռուսաստանին` ինքը երկքաղաքացի է եւ ԱՄՆ-ում ապաստան կտան եւ նա կշարունակի ապականել հայաստանյան մթնոլորտը` ստեր տարածելով, հայհոյելով ու զրպարտելով: Նաեւ` դրամաշորթությամբ զբաղվելով, որ չհայհոյի եւ «չմտնի մարդկանց ընտանիքներ»:
Իհարկե, միայն Դոգի մեղքը չէ, որ նա կարողացել է նման լսարան հավաքել եւ անգամ հայհոյելու միջոցով փող աշխատել: Մենք բոլորս ենք մեղավոր: Երևանցիները մինչ օրս կրում են այդ չարիքին ավագանի դարձնելու դառը պտուղները, երբ գնացին ու «Հանրային ձայն» կոչվող այդ խմբակին անցկացրին ավագանի եւ նրա շնորհիվ նախ Տիգրան Ավինյանը քաղաքապետ դարձավ, ապա` նույն խմբակի շնորհիվ թանկացրեցին կարմիր գծերի սակագինը, տրանսպորտի սակագինը, գույքահարկը, աղբի վճարը և այսպես շարունակ: Ինչքան էլ, որ Դոգ կոչեցյալն արդարանա, թե` այլևս կապ չունեմ ավագանի անցած թիմի հետ, պարզ է, որ նա իր նմաններին է հավաքել ու իր հայհոյանքի միջոցով անցկացրել ավագանի, որոնք պատրաստ են հանուն փողի ամեն ինչի: Ակնհայտ է, որ նա իշխանության հետ գործարքի է գնացել: Անկախ նրանից, թե Դոգի ճակատագիրն ինչպես կդասավորվի, պետք է հասկանանք, թե ովքեր են նրա լսարանը: Ովքեր են այն մարդիկ, որոնք հաճույք են ստանում սեռական քֆուրներից, որոնք հաճախ մարդկանց սպառնում են, թե Դոգը «կմտնի ձեր տուն, եթե….»: Եւ սա ասում են հայ մարդիկ, ում համար ընտանիքը, օջախը սրբություն է միշտ համարվել եւ «ընտանիք մտնելը» դիտվել է ամենազազրելի, ամենաեղկելի արարքը:
Եթե Հայաստանն իրապես իրավական պետություն լիներ, որը ցանկանում է պայքարել Դոգ կոչվող չարիքի դեմ, ապա պետք է մեղադրեր ու դատեր բոլոր այն մարդկանց, որոնք սեռական հայհոյանքների սպառնալիքով փող են կորզում մարդկանցից, այսպես կոչված` Դոգի հայհոյանքներին չարժանանալը վաճառում են մարդկանց վրա, միջնորդի ու ներկայացուցչի դեր են խաղում: Նրանք պետք է հատ-հատ առնվազն հարցաքննվեին եւ իմանային, որ հանրային լուրջ դատապարտման են արժանանալու Դոգի հետ համագործակցելու համար: