Քաղաքականություն

Տեր-Պետրոսյանի ժամանակ է Ղարաբաղը դուրս մնացել բանակցային գործընթացից․ Քոչարյան

Տեր-Պետրոսյանի ժամանակ է Ղարաբաղը դուրս մնացել բանակցային գործընթացից․ Քոչարյան

Լևոն Տեր-Պետրոսյան-Ռոբերտ Քոչարյան հեռակա բանավեճը շարունակվում է։

Արցախի և Հայաստանի նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը կրկին անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ խաղաղ բանակցություններից Արցախը դուրս թողնելու մեղադրանքներին։

«Բիշքեկում [1994 թվական, մայիսի 5] երեք կողմն [Հայաստան, Լեռնային Ղարաբաղ, Ադրբեջան] էլ կար։ Իրականում եռակողմ է եղել։ Դրանից հետո հանդիպում [1994, մայիսի 16] է եղել Մոսկվայում՝ Ռուսաստանի այն ժամանակվա պաշտպանության նախարարի՝ Պավել Գրաչովի նախաձեռնությամբ։ Եվ պաշտպանության նախարարների այդ հանդիպման ժամանակ Ղարաբաղից այդ փաստաթղթի տակ [կրակի դադարեցման վերաբերյալ Բիշքեկյան արձանագրություն կամ համաձայնություն] ստորագրել է Սամվել Բաբայանը, բայց Հայաստանը [Սերժ Սարգսյան]  ևս մասնակից է եղել», - Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի մշակույթի տանը բնակիչների հետ հանդիպմանն ասել է Քոչարյանը՝ անդրադառնալով 1994 թվականին Բիշքեկյան ու Մոսկովյան բանակցություններին։

«Քանի որ ես այդ պրոցեսների ուղղակի մասնակից եմ եղել, ուղղակի վերաթարմացնենք այդ մասը։ Բիշքեկում ուղղակի մի Ջալիլով [Ադրբեջանի Գերագույն խորհրդի նախկին փոխնախագահ Աֆիյադդին Ջալիլով]  կար մի հատ, ինքը չէր ստորագրում Ադրբեջանի կողմից։ Ինքը հրաժարվեց ստորագրել Բիշքեկում, ինքը։ Եվ Կազիմիրովը [Ռուսաստանի միջնորդական առաքելության նախկին ղեկավար Վլադիմիր Կազիմիրովը] դրա պատճառով թռավ Բաքու՝ Ալիևից այդ ստորգրությունը ստանալու համար։ Որովհետև իրեն Բիշքեկում վերջին պահին Բաքվից ասացին՝ «մի՛ ստորագրի»։ Այսպես էր իրականությունը։ Նայեք, բայց քանի որ Դուք մի կարևոր հարց եք բարձրացրել, թե երբ է Ղարաբաղը դուրս մնացել բանակցություններից։ Մենք հրապարակել ենք դա, ամենից կարևոր հատվածը դա է», - շարունակել է նախկին նախագահը։

Այնուհետև նա նշել է, որ Ղարաբաղը բանակցություններից դուրս է մնացել հենց ՀՀ առաջին նախագահ, «Հայ ազգային կոնգրես» կուսակցության վարչապետի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք։

«Գոծընթաց էր սկսվել 1995 թվականի վերջին, թե 1996 թվականի սկզբին՝ Ժիրայր Լիպարիտյան - Վաֆա Գուլուզադե: Ժիրայր Լիպարիտյանը եղել է Լևոն Տեր-Պետրոսյանի խորհրդականը։ Եվ Վաֆա Գուլուզադեն եղել է [Հեյդար] Ալիևի խորհրդականը։ Սկսել է մի գործընթաց, որտեղ Ղարաբաղը չէր մասնակցում, ընդհանրապես չէր մասնակցում։ Եվ մոտ 1 տարի, 1 տարուց ավելի, կարող է՝ մի քիչ տեղ սխալվեմ, 1 տարուց մի քիչ ավել էր, ինչքան հիշում եմ։ Այդ բանակցությունները վերջն ավարտվեցին նրանով, որ Լիսաբոնում մենք շատ վատ ԵԱՀԿ որոշում ստացանք, որը Հայաստանը չստորագրեց, [Լևոն Տեր-Պետրոսյանը] վետո դրեց։ Բայց իրականում Ժիրայր Լիպարիտյանն ինքը ընդունեց, որ իրենք լավ նպատակով մտել են առանձին բանակցային գործընթացի մեջ, բայց դրա արդյունքում Ղարաբաղը դուրս մնաց բանակցային գործընթացից։ Ես Հայաստանում նախագահ եմ դարձել 1998 թ․, ապրիլի 9-ին։ Լիսաբոնը եղել է 1996 թ․, դեկտեմբերին», - ընդգծել է Քոչարյանը։

Արցախի նախկին նախագահն իր հետ Ղարաբաղի՝ բանակցություններից դուրս մնալը կապելն «առնվազն անբերեխիղճ» է որակել։

«Եվ ինձ հետ կապել Ղարաբաղը բանակցություններից դուրս թողնելը առնվազն անբերախիղճ է։ Դա ինքը [Տեր-Պետրոսյանն] ասում է․․․ ինքը փորձում է ինձ հետ կապել, բայց իրականում իր ժամանակ է Ղարաբաղը դուրս մնացել բանակցային գործընթացից։ Այդ տեսանկյունից իրենք բավականին նման են․ իրենք մի բան անեն, մյուսի վրա գցեն, այսօրվա իշխանությունը նույն գործելաոճի մեջ է։ Ինքը ինչ-որ բան անի, ուրիշների վրա գցի», - նշել է Ռոբերտ Քոչարյանը։

1996 թվականի դեկտեմբերի 3-ին Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում տեղի ունեցած Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) անդամ պետությունների գագաթնաժողովի եզրափակիչ մասում հնչել էր ԵԱՀԿ գործող նախագահի հայտարարությունը, որում շեշտվում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և Լեռնային Ղարաբաղին Ադրբեջանի կազմում ինքնավարության բարձրագույն մակարդակ շնորհելը։ Քանի որ սա հակասում էր Հայաստանի և Արցախի շահերին, ուստի Տեր-Պետրոսյանը վետո էր դրել և գագաթնաժողովի արդյունքներով ընդունված դեկլարացիայից դուրս էր մնացել այս հատվածը։


 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image