Հաճախ հնչող հարց.
Ո՞րն է շարժման նպատակը եւ որո՞նք են շարժման սկզբունքները
Պատասխան
Շարժման նպատակը քաղաքացիների միջև 5 հիմնական սկզբունքի շուրջ համաձայնություն կայացնելն ու նոր որակներով Հատուկ պետություն ստեղծելն է։ Այդ 5 սկզբունքներն են․
1. Հայաստանը պետք է կարողանա «ոչ» ասել իր շահերին չհամապատասխանող պլաններին․ հենց դա՛ է ինքնիշխանությունը, և մենք պիտի պաշտպանենք «ոչ» ասելու մեր իրավունքը: Բոլորը պետք է իմանան և համոզվեն, որ մեզ վերաբերող որոշումները մենք ենք կայացնում՝ հաշվի առնելով հռչակված պետական շահը։ Այդ թվում որոշումը՝ չընդունել ուժով պարտադրված ոչ մի իրողություն։ Ո՛չ մի պարագայում չընդունել Արցախն Ադրբեջանի կազմ ընդգրկելուն միտված հանցավոր պատերազմի արդյունքները և արցախցիների նկատմամբ ցեղասպանական գործողություններն ու էթնիկ զտումները լեգիտիմացնող որևէ փաստաթղթի տակ չդնել Հայաստանի ստորագրությունը։ «Խաղաղության պայմանագրի» կամ որևէ այլ փաստաթղթի միջոցով չլեգիտիմացնել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ որևէ ոտնձգություն։
2.Մեր անձնագիրը պետք է նշանակի ավելին, քան պարզապես կապույտ կազմով գրքույկ: Այդ անձնագիրը պիտի երաշխիք լինի, որ մենք բոլորս ամեն ինչ կտանք այն ունեցող քաղաքացու իրավունքները, անվտանգությունը և ինքնությունը պաշտպանելու համար:
3. Իրարից գողանալը պիտի պատժվի թե՛ օրենքով, թե՛ հասարակական վերաբերմունքով: Գողությունը իր բոլոր դրսևորումներով, այդ թվում՝ կոռուպցիան, պիտի մարդուն մեկուսացնի այնպես, որ նա կա՛մ արտագաղթի, կամ խնդրի իրեն ազատազրկել:
4. Նորարարությունը մեր առաքելությունն է: Մենք կամ ամեն հաջորդ օր պիտի լինենք ավելի լավը, կամ չենք լինելու: Սա նշանակում է, որ մենք պիտի ամեն ինչ տանք լավ կրթություն ու գիտություն ունենալու համար: Մենք պիտի ձգտենք ինքնաբավության և վճարենք դրա համար անհրաժեշտ գինը: Այդ դեպքում գուցե մեր կյանքը առաջիկա տասնամյակում լինի առանց ճոխ փառատոնների, բայց մեր ապագան կլինի երաշխավորված:
5. Մեր մտածողության փոփոխության դրսևորումը պիտի լինի հերթը: Նա, ով հերթ է խախտում, նվաստացնում է իր անվտանգությունը, իրավունքները ու ինքնությունը պաշտպանողին, նա ասում է, որ մենք իրար հետ կապ չունենք, մենք իրար ոչինչ պարտավոր չենք․ պետություն ունենալու համար պետք է սրա հակառակն անել: Նրանք, ովքեր կանտեսեն ու կոտնահարեն մյուս քաղաքացու արժանապատվությունը, իրավունքները, անվտանգությունը և ինքնությունը, պետք է մեկուսացվեն հանրային կյանքից ու զգան դրա ողջ ծանրությունը:
Այս նպատակներին անհնար է հասնել ներկայիս կառավարությամբ և վարչապետով, ուստի մենք խնդիր ենք դնում խաղաղ դիմադրության գործողություններով հեռացնել այս կառավարությանը։
ԶԱՆԳ շարժում