Հասարակություն

Նիկոլ Փաշինյանի իշխանությանը բնորոշ գործելաոճ է․ Կարեն Վրթանեսյան

Նիկոլ Փաշինյանի իշխանությանը բնորոշ գործելաոճ է․ Կարեն Վրթանեսյան

Երեկ իր բնակարանում իրականացված խուզարկությունից հետո ձերբակալվեց քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը: Առիթը Ագրարային համալսարանի ուսխորհրդի նախագահի սադրիչ խոսակցությունն էր եւ ապօրինի ձայնագրությունը։

ՀՀ Քննչական կոմիտեի մոտ են հավաքվել տարբեր հանրային գործիչներ` ի պաշտպանություն Չալաբյանի:

«Ըստ իս Նիկոլ Փաշինյանի իշխանությանը բնորոշ գործելաոճ է։ Ինչ-որ, կարելի է ասել , ֆեյք գործեր կարելը, ընդ որում` այդ գործերը, ինչպես փորձը ցույց է տալիս` մեծ մասը ճանապարհին քանդվում են, բայց միևնույն է, կփորձեն այնքան ձգձգել, որ հնարավորինս շատ անհարմարություններ ստեղծեն, հնարավորինս շատ մարդկանց պահեն փակի տակ և այլն։ Սրանով փորձում են ընդդիմության համակիրներին, այն մարդկանց, որոնք դուրս են գալիս իշխանության  դեմ պայքարի, փորձում են այսպիսի հանրային ակցիաներով վախեցնել, հետ պահել գործողություններից»,- Hraparak.am-ի հետ զրույցում ասաց ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը, ով այս պահին  գտնվում է Երևան քաղաքի քննչական վարչության շենքի մոտ՝ ի աջակցություն  Ավետիք Չալաբյանի,  և Էմմա Սարգսյանի, որոնց ձերբակալել են։

Նրա խոսքով` ինքն այդտեղ է որպես հասարակ քաղաքացի, որովհետև համարում է թեկուզ ներկայությամբ նմանատիպ գործողությունների նկատմամբ բողոք հայտնելը շատ կարևոր է։

«Շատ լավ կլինի, որպեսզի այն մարդիկ՝ անկախ նրանից իրենք ճանաչում են ձերբակալվածներին, թե՝ ոչ, լինեն այստեղ՝ ցույց տալու համար, որ հանրությունը իշխանությունների այսպիսի գործողությունները չի ընդունում ու դեմ է։ Կարող է ինչ-որ մեկին թվալ անկարևոր բան է, բայց շատ կարևոր է, որ հնարավորինս շատ մարդիկ բարձրաձայնեն իրենց դիրքորոշումն այս հարցում»,- ասաց Վրթանեսյանը։

 Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ ընդդիմության հավաքներին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների մասնակցության դիմաց նույն համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image