Հասարակություն

Եկեղեցու դեմ ահագնացող պատերազմը մտավ նոր փուլ

Եկեղեցու դեմ ահագնացող պատերազմը մտավ նոր փուլ

Սեւ, մթին ամպեր են կուտակվել «Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի» անխորտակ Լեռան ոչ թե ստորոտին, որ չնչին վնասներ պատճառելով՝ արագորեն ցրվում էին (հավատավոր ժողովրդի միացյալ կամքով), այլ՝ լանջերին: Դեռ սիգապանծ գագաթը զերծ է աղետաբեր ամպերից, բայց այլեւս տեսանելի է, որ միտումը հենց գագաթին հասնելն  է...
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ իշխանությունների ծրագրած ու իմպուլսիվ վարվող պատերազմը, որ օր-օրի նոր ուժգնությամբ ու սպառնալի շրջադարձերով է շարունակվում, մտել է սպասելի՝ վտանգներով ու սպառնալիքներով առլեցուն փուլ: Ասպատակողների խառնամբոխը, ամիսներ շարունակ պաշարելով «անառիկ լեռը», կործանիչ քիչ հարվածներ չի հասցրել Սրբության-Սրբոցին, տեղ-տեղ պատերի մեջ հաջողել է «անցքեր» բացել, իր շուրջը մի փոքրիկ խումբ տիրադավներ համախմբել եւ անդուլ համառությամբ սեղմել օղակը: 

Զարմանում ես հրոսակախմբի առաջնորդի անօրինակ եռանդի, նպատակամղվածության, զարհուրելի կուրության վրա: Ո՞ւր էր, թե նա իր այդ կարողություններն ու դիվային եռանդը նվիրաբերեր երկրի պաշտպանունակության բարձրացմանը, տնտեսության ամրապնդմանն ու զարգացմանը, ընդունված օրենքների խոնարհ կիրառմամբ կառավարելուն: Գոնե կարդար ու հնազանդ կատարեր Սահմանադրության 17-րդ հոդվածի պահանջները, որ սեւով սպիտակի վրա հստակ գրված  է. «Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը։ Կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից»։

Արդյո՞ք նա գիտակցում է, որ այս դրույթը ոչ թե հռչակագրային է, այլ պարտադիր կատարման ենթակա, որը բացառում է պետության որեւէ միջամտություն Եկեղեցու ներքին կյանքին։ Կարծում եք՝ նա չգիտի՞, որ Եկեղեցին անջատված է պետությունից, եւ պետությունն իրավունք չունի խառնվելու Եկեղեցու ու կրոնական կազմակերպությունների՝ օրենքին համապատասխանող գործունեությանը եւ ներքին կյանքին։ Բայց դիվա-ճիվաղային (ուրիշ ինչպե՞ս անվանես) մտասեւեռմամբ՝ իրեն թույլ է տալիս հերթական ապօրինությունն անել՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարելով․ «Վաղը Մասիս քաղաքի Սուրբ Թադեոս եկեղեցում Մասյացոտնի թեմի առաջնորդ Գեւորգ եպիսկոպոս Սարոյանի հետ կմասնակցեմ սուրբ եւ անմահ պատարագի»։ 

Պարզ է, փորձում է հակազդող քայլեր ձեռնարկել կաթողիկոսի որոշման դեմ։ Իսկ որոշումը հայտնի է ու արդար` Մասյացոտնի թեմի առաջնորդ Գեւորգ եպիսկոպոս Սարոյանն ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից՝ «առաջնորդի հանգամանքը չարաշահելու, պարտականությունների մեջ թերանալու, թեմի եկեղեցականաց նկատմամբ հարկադրանք ու ճնշումներ գործադրելու պատճառներով»: Հայրապետական տնօրինությամբ՝ Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ է նշանակվել Հոգեշնորհ Տ․ Ռուբեն վարդապետ Զարգարյանը։ Բայց դա «ձեռք» չի տալիս նրան, «ով իրեն պարտված չի ճանաչում երբեք»: Լուրն առնելուց ակնթարթներ անց Փաշինյանը հրապարակային հայտարարությամբ այդ որոշումը «չեղարկեց»՝ ինքնակամ «որոշելով», որ հայրապետական տնօրինությունն ուժ չունի, իսկ պաշտոնանկ եղած հոգեւորականը շարունակում է լինել թեմի առաջնորդ։ Նույն տրամաբանությամբ կարող էր որոշել, որ ձուկը չլողա ջրում, իսկ երկնքի լազուրը կապույտ չլինի, քանի որ ինքն է ուզում այդպես: Երեւույթն այնքան է ողբերգական, որ մարդիկ չկարողացան չերգիծել. «Նիկոլի հայտարարությունը նման է այն բանին, ոնց որ կաթողիկոսը հայտարարի՝ Նիկոլ Փաշինյանը վարչապետ չէ, ուստի ում աշխատանքից հեռացրել է իր հրամանով, շարունակում են պաշտոնավարել»:

Իրատես մարդիկ անմիջապես հասկացան, որ սա արդեն քաղաքական հայտարարություն չէ, սա պետական լիազորությունների բացահայտ արհամարհում է, իշխանության բռնազավթում՝ ուղղված Եկեղեցու դեմ։ Տեսնո՞ւմ եք՝ Փաշինյանը նման քաոսով գնում է «վաբանկ», իր քարոզարշավին ընդառաջ... Նա տեսնում է՝ ողջ աշխարհը հայտնվել է այսուայնտեղ բռնկվող պատերազմների թոհուբոհում, մանրումեծ բռնապետների անամոթ հայտարարությունները՝ «Իրավունք ունենք ուժով պարտադրելու մեր իրավունքները», տարածվում են, եւ այլեւս չեն գործում միջազգային օրենքները, անհետացել է հումանիզմ, բարոյականություն, խղճմտանք... Նիկոլ Փաշինյանն էլ մտածում է երեւի՝ «եթե արտաքին աշխարհում չեն գործում բարոյական օրենքները, ինչո՞ւ պիտի գործեն երկրների ներքին կյանքում»:   
Կասկած չկա, որ իշխանության իրական մոտիվը եկեղեցու «բարենորոգումը» չէ, այլ եկեղեցու՝ որպես կառուցվածքային հակակշռի կազմաքանդումը։ Ոչ թե հավատքի մաքրումը, այլ՝ հեղինակության արժեզրկումը։ Ոչ թե բարոյական առողջացումը, այլ՝ սեփական վերահսկողության հաստատումը։ Պառակտված եկեղեցին այլեւս չի կարող լինել հասարակության հավաքական բարոյական հենասյուն։ Այս ամենը խորությամբ գիտակցելուց հետո մարդու սիրտն այլեւս չի ցավում, այն ուղղակի պայթում է՝ տեսնելով, թե ինչպես է միահեծան կամքով, սեփական խեղկատակ իրականության մեջ թաղվելով, ղեկավարում երկիրը, որտեղ սերունդներն իրենց կյանքն են դրել՝ պահպանելու արժեքները, որոնք նա հիմա պատկերացնում է որպես «ֆեյսբուքյան կոճակների» շոյանք։

Եկեղեցին, իր դարավոր սկզբունքներով, չի երկնչում. այն կանգնած է ինչպես լեռը, մինչդեռ նրանք՝ ՔՊ-ական ոհմակի շնագայլերը, «շատ ինքնավստահ», մտածում են, թե կարող են հոսանքին հակառակ լողալ՝ առանց թրջվելու։ Բայց ժողովուրդը միշտ ապացուցել է, որ հասարակության հոսանքը ոչ մի իշխանություն չի կարող շրջել: Պատմությունը հեգնանքով ու ողբերգությամբ լի է: Մի բան հաստատ է՝ ով խաղում է կրակի հետ, վերջում ծիծաղի եւ ողբերգության առարկա է դառնում, մինչդեռ երկիրը` իր ժողովրդով, շարունակում է կանգուն մնալ։ 
Ամփոփելով՝ Հայոց եկեղեցին ամուր լեռ է, հավատարիմ իր սկզբունքներին, իսկ «վարչապետները» դեռ թող փորձեն ինքնահաճ լողալ՝ անտեսելով հոսանքները… Միայն թող իմանան՝ ժողովուրդը հոսանքին դիմադրելու հմտություն ունի, եւ այն միշտ ավելի ուժեղ է, քան նա, ով կարծում է, թե կարող է լողալ հոսանքին հակառակ` առանց ջուր կուլ տալու:

Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image