Մենք 2021-ի հունվարի 11-ին հրապարակում ունեինք «Իշխանության համակիրներն Ամանորին այցելել են տներ եւ գումար հավաքել» վերնագրով:
Ամանորին Քարահունջում իշխանության համակիրներ Վալերի Մանուչարյանը, Հայկ Ավետյանը և Հրայր Արզումանյանը տասնյակ ընտանիքներ են այցելել և գումարներ հավաքել՝ պնդելով, որ երկրում ֆինանսական ճգնաժամ է սկսվում և պետք է գյուղացիները գումարներ փոխանցեն հիմնադրամին: Քարահունջի համայնքապետը մեզ հետ զրույցում ասել էր, որ ինքը ոչնչից տեղյակ չէ. «Վ․Մանուչարյանն աշխատում է համայնքապետարանում՝ որպես ակումբավար, սակայն ինքը նրա հետ որեւէ առնչություն չունի»։ Մանուչարյանն էլ մեզ հետ զրույցում ասել էր. «Համացանցում հստակ կա, թե նպատակը որն է եղել։ Կան ընտանիքի անդամների թիվ, անուն-ազգանուններ, թե ովքեր, ինչքան են նվիրաբերել եւ միասնական կտրոն հրապարակված։ Ես նմանատիպ մոտ 30 նախաձեռնություն եմ ունեցել, հաճախակի դրամահավաք կազակերպում եմ տարբեր առիթներով եւ նվիրում թե՛ ընտանիքներին, թե՛ հիմնադրամին, թե՛ անհատական անձանց»։ Ինչ վերաբերում է իրենց նախաձեռնությունը «շորթում» որակելուն, նա նշել էր․ «Այդ մարդիկ երեւի մեր չուզողներն են, այն մարդիկ են, որոնք դեմ են եղել, որ նման բան լինի...որեւէ մեկից ոչ ստիպողաբար, ոչ պարտադրաբար գումար չենք վերցրել»։
Իսկ երեկ պաշտոնական հաղորդագրություն տարածեցին, որտեղ գրված է.
«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից համատեղ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում բացահայտվել են ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներից կաշառք ստանալու բազմաթիվ դեպքեր: Մասնավորապես՝ քրեական վարույթով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ վերը նշված տեսչական մարմնի աշխատակիցներ Ա. Մ.-ն, Ա. Ղ.-ն և Վ. Մ.-ն 2023 թվականի հունվարից մարտն ընկած ժամանակահատվածում ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքում տեղադրված՝ ծանրաքաշ մեքենաների կշռման հենակետում հերթապահություն իրականացնելիս կշեռքի միջոցով պարզել են, որ նշված անցակետով անցնող ՀՀ և ԻԻՀ քաղաքացիների վարած մի շարք բեռնատարներ գերբեռնված են, այսինքն՝ գերազանցում են օրենքով թույլատրելի առավելագույն քաշը: Այնուհետև ՔՏՀԱ վերը նշված պաշտոնատար անձինք բեռնատարների վարորդների նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ չկազմելու դիմաց Ն. Վ.-ի օժանդակությամբ վարորդներից որպես կաշառք պահանջել և ստացել են 20-60 հազար ՀՀ դրամ, ինչպես նաև դիզելային վառելիք: Ա. Մ.-ն, Ա. Ղ.-ն, Վ. Մ.-ն և Ն. Վ.-ն ձերբակալվել են: Նրանց մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (ապօրինի անգործության համար կաշառք ստանալը) և 46-435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (ապօրինի անգործության համար կաշառք ստանալուն օժանդակելը)»:
Մենք տեղեկացանք, որ հաղորդագրությունում նշված Վ.Մ-ն հենց վերը նշված Վալերի Մանուչարյանն է, ում մասին «Հրապարակը» դեռ 2021-ի հունվարին էր ահազանգել եւ ով, փաստորեն, իշխող կուսակցության թեւի տակ երկու տարուց ավելի է հակաօրինական գործունեությամբ է զբաղվել եւ անգամ տաքուկ տեղավորվել քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնում:
Մեզ Սյունիքից պատմեցին, որ նրան ՔՊ-ականներն են հովանավորել եւ իրենց մատուցած ծառայությունների դիմաց առաջ քաշել եւ Քարահունջի մշակույթի տնից տեղափոխել Տեսչական մարմին, որ հանգիստ փող աշխատի:
Արեգ Մարգարյան