Վարդենիսի քաղաքապետ՝ Արամ Մելքոնյանն որոշել է համայնքապետարանի համար ծառայողական մեքենա ձեռք բերել լիզինգային տարբերակով՝ 2 երկու տարի մարման ժամկետով։ Ավագանին որոշումը հաստատել է: Հարցին, թե ի՞նչ մակնիշի եւ ի՞նչ գնի սահմաններում է որոշել ծառայողական մեքենա գնել, հարց ուղղեցինք քաղաքապետ Արամ Մելքոնյանին.
«2 տարի է համայնքի ղեկավար եմ, չունեմ ծառայողական մեքենա: Սալոնից հանած իմ անձնական նոր մեքենան ես օգտագործում եմ որպես ծառայողական: Այդ մեքենայով գնացել եմ 44 օր շարունակ դիրքեր, եւ շարքից դուրս ա եկել, որոշեցի գնել ծառայողական մեքենա: Բայց իմ ուզած մեքենան շատ թանկ էր, դրանից էլ դեռ չենք գնել»:
Ինչո՞ւ որոշեցիք թանկ ծառայողական մեքենա գնել. «Դեռ չենք գնել, ՏԻՄ օրենքով տրված ա, որ համայնքի ղեկավարի ծառայողական մեքենան արժենա 13մլն դրամից ոչ ավել: Հիմա կիջացնենք սանդղակը թույլատրելի սահմաններում կգնենք: 2 տարի ավագանին հաստատել էր, 2 տարի ես այդ գումարը ուղղել եմ սուբվենցիոն ծրագրերին: Այս տարի որոշեցի այդ ծրագրի հետ մեկտեղ նաեւ ծառայողական մեքենա ունենալ»:
Մեր տեղեկություններով՝ քաղաքապետը կնոջը աշխատանքի է տեղավորել համայնքապետարանում: Այն հարցին, թե ի՞նչ պաշտոն է զբաղեցնում ձեր կինը քաղաքապետարանում, Մելքոնյանը պատասխանեց. «Կինս հասարարական հիմունքներով ծրագրերի գծով մասնագետ է: Դրա հետ մեկտեղ աշխատում է «Էկո» կաթում, զբաղեցնում է փոխտնօրենի հաստիքը: Իսկ քաղաքապետարանում հասարակական հիմունքներով, մի քանի անգամ գրանտներ շահեց համայնքի համար: Այս տարի եւս գրանտ շահեց 25 մլն դրամ, որը մենք կուղղենք համայնքի լուսավորությանը: Վարդենիսը միակ քաղաքը կլինի, որ ամեն անկյուն կլինի լուսավորված»:
Խոսելով իր բիզնեսների մասին, քաղաքապետը նշեց, որ սեփականություն Հայաստանում գրեթե չունի, իսկ
Հայաստանից դուրս ինչ- որ ունեցել է փոխանցել է եղբորը . «Փառք Աստծո կինս աշխատում է, բաժնետեր է, շատ եկամուտ է բերում մեր ընտանիքի համար»: