Քաղաքականություն

«Հրապարակ». Ընտրությունները ՔՊ-ի համար կյանքի ու մահվան հարց են

«Հրապարակ». Ընտրությունները ՔՊ-ի համար կյանքի ու մահվան հարց են

ՀՀ արտաքին գործերի նախարարությունն օգոստոսի 24-ին Կապանում դեսպանահավաք էր կազմակերպել: Սա ամենամյա դեսպանահավաքն է, որը, որպես կանոն, կազմակերպվում է օգոստոսին, եւ որի ժամանակ աշխարհի բոլոր երկրներից Հայաստան են կանչվում տարբեր պետություններում հավատարմագրված ՀՀ դեսպանները։ Հիմնականում նրանց փոխանցում են կառավարության ուղերձները, այսպես ասած՝ ինստրուկտաժ են անում, թե ինչպես ներկայացնեն Հայաստանի արտաքին քաղաքականությունը եւ ինչ դիվանագիտական աշխատանք իրականացնեն արտերկրում։ Այս դեսպանահավաքին սովորաբար մասնակցում է նաեւ կառավարության ղեկավարը, զրուցում է, ելույթ է ունենում, պատասխանում դեսպանների հարցերին։ Կապանում դեսպանների հավաքի առաջին օրը մասնակցել է նաեւ Նիկոլ Փաշինյանը։

«Հրապարակի» տեղեկություններով, Փաշինյանն այս տարվա դեսպանահավաքը վերածել է սեփական անձի գովերգման միջոցառման: Բնականաբար, խոսակցության թեման պտտվել է խաղաղության, Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ կառուցվող հարաբերությունների եւ, այսպես կոչված, «Սյունիքի միջանցքի» շուրջ, որը ներկայացվել է որպես հաղթանակ։ Դեսպաններն ակնկալել են, որ Նիկոլ Փաշինյանը գոնե իրենց կներկայացնի Ադրբեջանի հետ ստորագրվելիք խաղաղության վերջնական համաձայնագրի դեռեւս չհրապարակված հատվածները։ Բայց այդ ակնկալիքները չեն արդարացել։ Վարչապետ-դեսպաններ զրույցը նախընտրական մինի քարոզարշավ է հիշեցրել: Փաշինյանը երկար խոսել է իր հաջողությունների մասին՝ դրանք հակադրելով «նախկինների» անհաջողություններին։ Ներկայացրել է, որ ինքն ավելի քաջ է գտնվել ու լուծել է այն հարցերը, որոնք նախկինները չեն կարողացել լուծել, ձգձգել են:

Դեսպանահավաքի ընթացքում նաեւ ամփոփվում է անցած տարվա գործունեությունը, գնահատվում են արդյունքները, եւ հաջորդ տարվա անելիքներն են քննարկվում՝ երկրի արտաքին քաղաքականության վերաբերյալ: Բայց, ինչպես հասկացանք մասնակիցների պատմություններից, այս տարվա դեսպանահավաքն արտաքին քաղաքականության հետ գրեթե աղերս չի ունեցել:

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը «Հրապարակի» հետ զրույցում նկատեց, որ Սյունիքում դեսպանների հավաքի ժամանակ ցուցումներ են տվել՝ դա հստակ է: Դեսպաններին ցուցումներ են տվել արտաքին քաղաքականության վերաբերյալ, որովհետեւ դեսպաններին հավաքում են պետության քաղաքականությունը ներկայացնելու եւ ուղղորդումներ տալու համար: Իսկ թե ինչու է հենց Սյունիքում տեղի ունեցել հավաքը, Դանիելյանն ասաց. «Կարելի է ենթադրել, որ իմաստային է, որ ինքը Սյունիքը փորձում է սարքել իր համար հաջողություն: Այսինքն՝ Սյունիքում, այսպես կոչված, խաղաղության խաչմերուկի ինչ-որ գործընթաց է գնում, Միացյալ Նահանգներն են այդ գործընթացին ներկայացել, եւ ինքն ուզում է սա սարքել իր հիմնական մեխը՝ նախընտրական առումով: Եվ նաեւ հանրությանը հերթական անգամ քարոզել, որ ինքը բերում է խաղաղություն: Եվ իր նախորդ ելույթում էլ ինքն ասաց, որ ընտրությունը լինելու է խաղաղության եւ ոչ խաղաղության միջեւ»:

Այսինքն՝ ովքեր որ մասնակցելու են ընտրություններին, նրանք բերելու են, Փաշինյանի խոսքերով ասած, պատերազմ, իսկ ինքը բերելու է խաղաղություն եւ այդ խորհրդանշական բովանդակությամբ էլ Սյունիքում դեսպանների հավաքն է կազմակերպել: «Սա նախընտրական քարոզարշավ է, որովհետեւ այս ընտրություններն իր համար կյանքի եւ մահու հարց են: Իր եւ իր նեղ շրջապատի համար, բառի բուն իմաստով, առանց չափազանցնելու, կյանքի եւ մահվան հարց է: Եվ իր բոլոր քայլերը, այս ընթացքում ինչ էլ որ արվի, դա հենց այդ նպատակն է հետապնդելու: Հիմնական քաղաքական քայլերը հենց այդ կոնտեքստում պետք է դիտարկել»,- եզրափակեց Դանիելյանը:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image