Մշակույթ

Այն ամենը, ինչ կա այսօր, ունի իր արմատներն անցյալում

Այն ամենը, ինչ կա այսօր, ունի իր արմատներն անցյալում

Իսկ ի՞նչ կա այսօր մեր ընտանեկան կյանքի բավիղներում: Միանգամայն պարադոքսալ վիճակ: Երբեք հայ կնոջ կրթական մակարդակն այսքան բարձր չի եղել, երբեք հայ կնոջ առօրյան այսքան թեթեւ, կենցաղային բեռից այսքան ազատագրված չի եղել (ջուր կրել, ձեռքով սպասք եւ հագուստ լվանալ, բուրդ ծեծել-ձաղդել, իլիկ մանել…), եւ երեխաների-սերնդի դաստիարակությունն այսչափ աղետալի-վատթար վիճակում չի հայտնվել: Ինչո՞ւ: Ո՞ր փուլում կորցրինք հայ կնոջ խարիզմատիկ՝ փորձառու, անվերապահորեն հեղինակավոր, ուժեղ կերպարը, դերը: Չէ՞ որ Մեծ Մայրը ընտանիքի նահապետի հետ նույն դիրքում էր՝ ազդու, լսելի (մեծ մասամբ՝ անգամ առանց բառ ասելու), պաշտված:

Ազգագրագետ, մշակութաբան Սուսաննա Մելիքյանը շուրջ 40 տարի անխոնջ, անմռունչ, հազար անգամ կոտրվել ու ոտքի ելնելով, հյուլե-հյուլե հավաքել է այս հարցերի պատասխաններն ու համակարգված (ահռելի քանակությամբ այդ «հում նյութն» ի մի բերելը, «խոսեցնելը», համակարգավորելը հեշտ բան չէ) դրել է ընթերցողի սեղանին «Մայրության եւ մանկության ազգագրություն» վերտառությամբ իսկապես կոթողային մենագրությունը:

Հասարակության մեջ կնոջ դերին, Անտիկ աշխարհի հեղինակներից սկսած, անդրադարձել են բոլոր մտածողները, ուսումնասիրողները, սակայն՝ դրվագային: Եվ այդ ահռելի բեկորները հավաքել ու պատկեր ստանալը հուսահատեցնելու աստիճան դժվար պետք է որ լիներ: Եվ կարող ենք նաեւ սիզիփոսյան աշխատանք համարել, եթե ընթերցողների հոծ փաղանգ չունենա-չձեւավորի: Մինչդեռ սա պետք է յուրաքանչյուրիս սեղանի գիրքը լինի:

Անտիկ հեղինակներ, Հայ առաքելական եկեղեցու երեւելի հայրեր, հայ մտավորականություն, ազգագրական - բանահավաքչական նյութեր՝ Երվանդ Լալայանից, Ստեփան Լիսիցյանից մինչեւ Վարդ Բդոյան եւ, իհարկե՝ Սուսաննա Մելիքյան: Հատկապես պետք է առանձնացնեմ Հայ եկեղեցու դերը համայնքի-հասարակական-ընտանեկան հարաբերությունների կանոնակարգման հարցում: Հենց Հայ եկեղեցին էր, որ նախանձախնդրորեն խնամված, առողջ ու կենսունակ պահեց մեր ոգին, գենը (յոթ պորտի պահանջից սկսած, որ կենսաբանական մեծ ուժ ու միտք ունի) եւ ազգապահպան ավանդույթները, արժեհամակարգը:

Սուսաննա Մելիքյանը հավաքել է գիտարշավային նյութեր, որոնց կրողներն այլեւս չկան: Ասել է, թե մոռացումից ու կորստից փրկել է արժեքներ, որոնք սերունդները ստանում էին «մոր կաթի հետ» եւ պահում էին մինչեւ վերջին շունչը: Մեր շունչը հավերժորեն կենսունակ պահելու միջոցներից մեկն է սա…

ՀԳ. Վերնագրում գերմանացի գրող Էռնստ Վարդիմանի խոսքերն են:

ՀԳ. Գրքի երեւանյան միջազգային փառատոնի օրերին ես ուշադրությամբ հետեւում էի զբոսաշրջիկների զարմացած-հիացական հայացքներին, թե ինչպես են հայերը բուռն ոգեւորությամբ գիրք գնում: Հրաշալի է: Մնում է կարդանք:

ՀԳ․ Գիրքը ձեւավորել է հայտնի դիզայներ Մկրտիչ Մաթեւոսյանը: Շապիկին 1915 թվականի լուսանկարն է՝ Երեւանի Սուրբ Սարգիս եկեղեցու բակում երեխային կերակրող մանկամարդ մայրը:

Անի ԽՈՒԴԱՎԵՐԴՅԱՆ
Մշակութաբան

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image