Իշխանությունը հրատապ ռեժիմով պատրաստվում է լուծել Սահմանադրական դատարանի հարցը: Եվ չնայած, ըստ տեղեկությունների, Վենետիկի հանձնաժողովը լիարժեք կանաչ լույս չի վառել իշխանությունների առաջ, այլ որոշ խոչընդոտներ է մատնանշել, սակայն իշխանությունը նահանջելու մտադրություն չունի իր «երազանքների ՍԴ»-ն կյանքի կոչելու ճանապարհից, եւ արդեն նախագիծ է մշակվում, որը եկող շաբաթ կուղարկվի խորհրդարան։ Հստակ է միայն, որ Վենետիկը դրական է արտահայտվել հանրաքվեն չեղարկելու հարցում՝ թույլատրելով, որ ՍԴ-ի ճակատագիրը լուծեն խորհրդարանում։
Հիշեցնենք․ շաբաթներ առաջ արդարադատության նախարարությունը, ՍԴ-ի հետ կապված «դաբրո» ստանալու համար, դիմել էր Վենետիկի հանձնաժողով։ Հարցերից մեկը հանրաքվեն չեղարկելու մասին էր, մյուսները վերաբերում էին 2015 թ. Սահմանադրությամբ նախատեսված, սակայն փաստացի չիրականացված ՍԴ-ի ձեւավորման մոդելը կյանքի կոչելուն, այն է՝ ՍԴ դատավորների պաշտոնավարման համար 12 տարի ժամկետ սահմանելուն, որի արդյունքում 12 տարի պաշտոնավարած դատավորների՝ Ֆելիքս Թոխյանի ու Հրանտ Նազարյանի լիազորությունները կդադարեցվեն: Մի քանի ամիս անց կլրանա նաեւ Ալվինա Գյուլումյանի պաշտոնավարման ժամկետը։
Ըստ նախարարության պարզաբանման, հաջորդ սկզբունքային հարցը Սահմանադրության անցումային դրույթի՝ 213-րդ հոդվածի հարցն է, որը նշանակում է, որ ՍԴ նախագահը պետք է ընտրվի դատավորների կողմից՝ 6 տարի ժամկետով։
Այս ճանապարհով Հրայր Թովմասյանը, որը ՍԴ նախագահ է ընտրվել ընդամենը 2 տարի առաջ, կշարունակի պաշտոնավարել որպես ՍԴ դատավոր, փոփոխության արդյունքում ՍԴ գործող կազմի համամասնությունը կփոխվի հօգուտ իշխանության։ Եթե այսօր միայն Վահե Գրիգորյանն է նրանց սրտի դատավորը, մի քիչ էլ՝ Արման Դիլանյանը, մյուս 6-ը հստակ հակաիշխանական են, ապա 3 դատավորի հեռանալուց հետո իշխանությունը յուրայիններին կգործուղի եւ կունենա 5 դատավոր, որոնք իրենց ուզած թեկնածուին ՍԴ նախագահ կընտրեն։ Ի դեպ, իշխանական թիմում Վահե Գրիգորյանին այլեւս չեն դիտարկում ՍԴ նախագահի պաշտոնում, քննարկում են ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի տարբերակը։ Մյուս 2 դատավորների փնտրտուք է գնում, նշում են ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանի, նախկին ՄԻՊ Կարեն Անդրեասյանի անունները։
«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Սիրանուշ Սահակյանը պնդում է՝ իրավական ճանապարհով հնարավոր չի լինի վերոնշյալ փոփոխություններն իրականացնել, քանի որ, գործող Սահմանադրության համաձայն, մայր օրենքի՝ դատական համակարգին վերաբերող 7-րդ գլխում ԱԺ-ն փոփոխություններ չի կարող անել, դա հնարավոր է բացառապես հանրաքվեի ճանապարհով․ «Բացի այդ, Սահմանադրությունը փոփոխվող հոդվածների թվում չի նշել 213-րդ հոդվածը, որովհետեւ այն անցումային դրույթ է, իսկ իրավունքի փիլիսոփայությունն այն մասին է, որ անցումային դրույթը ժամանակավոր, մեկանգամյա կիրառման նորմ է, որը կոնկրետ իրավիճակում ապահովում է նախորդ ռեժիմից նորին անցումը»։
Կարելի՞ է իրավական ճանապարհով Հրայր Թովմասյանին զրկել ՍԴ նախագահությունից՝ հաշվի առնելով, որ նրան ընտրել է ԱԺ-ն, եւ օրենքը հետադարձ ուժ չունի։ «Գիտեք, սա իրենց քաղաքական պլանն է, որը չունի իրավական «սպասարկում», եւ հասկանալի է, որ այս հարցերն իրավական հարթության մեջ խնդիրներ են առաջացնելու թե՛ հետադարձ վատթարացնող օրենքի կիրառումով, թե՛ խտրականության, որովհետեւ այս նույն մոդելը որեւէ այլ պաշտոնյայի նկատմամբ չի կիրառվել։ Բայց մենք գիտենք, որ ընտրության փոփոխված կարգ կա թե՛ վճռաբեկ դատարանի դատավորների, թե՛ ԿԸՀ նախագահի, թե՛ մյուս դատավորների առնչությամբ, եւ եթե իրենց թեզն իրավական առումով կենսունակ է, ապա այդ փոփոխություններն իրենց ազդեցությունը պետք է ունենան նաեւ այլ պաշտոնատար անձանց նկատմամբ։ Եթե չեն ունեցել, եւ միայն ՍԴ նախագահի համար է արվում, այստեղ հիմնավորելու ենք խտրականությունը, որն իր հիմքում ունի քաղաքական դրդապատճառներ»։ Սահակյանի խոսքով՝ միջազգային իրավական սկզբունքները չեն թույլատրում որեւէ դատավորի կարգավիճակը կամ լիազորությունները դադարեցնել օրենքով չնախատեսված հիմքով։ Նա հիշեցնում է․ «Մեր Սահմանադրությունը չի նախատեսում պառլամենտի օրենքով դատավորի լիազորությունների դադարեցում, այսինքն՝ մենք այստեղ Սահմանադրության չնախատեսված ընթացակարգով, չնախատեսված հիմքով, չնախատեսված մարմնի միջոցով ենք լիազորությունները դադարեցնում, ինչն ապօրինություն է»։ Եվրոպական ստանդարտները պահանջում են նաեւ, որ ցանկացած դատավոր ունենա իր խախտված իրավունքների դատական պաշտպանության իրավունքը։ «Մինչդեռ եթե իրենք փորձ են անում օրենքի կամ հանրաքվեի միջոցով անել, նշանակում է՝ մենք դատավորին զրկում ենք լիազորությունների դադարեցման հիմքերը դատարանում վիճարկելու հնարավորությունից, իսկ սա բացարձակ իրավունք է, ու շեղումներ հնարավոր չէ կատարել»։ Սահակյանը շեշտեց, որ շատ այլ իրավունքների խախտման հետ էլ գործ կունենանք։
Նրան հայտնի չէ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը, ու չնայած «հարգալից է վերաբերվում» Վենետիկի հանձնաժողովի մասնագիտական կարողություններին, սակայն չի կարող չհիշեցնել, որ այս կառույցը գործում է Եվրոպայի խորհրդի հովանու ներքո․ «Իսկ ԵԽ-ն ենթարկվում է բազում արտաքին ճնշումների ազդեցիկ պետությունների կողմից։ Ես առնվազն պատահականություն չեմ համարի Վենետիկի կարծիքին այս փուլում դիմելը․ եթե ՀՀ իշխանություններն ի սկզբանե ցանկություն ունենային լսել Վենետիկի կարծիքը, ապա պարտավոր էին ավելի վաղ դիմել, պարտավոր էին լսել նույն ԵԽԽՎ համազեկուցողների կոչը, բայց չարեցին՝ վստահ լինելով, որ պատասխանը լինելու է բացասական, որովհետեւ իրավունքն է այդպես պահանջում։ Հետագա դիվանագիտական եւ քաղաքական աշխատանքի արդյունքում, որի դերակատարները, բնականաբար, չէին կարող լինել միայն ՀՀ իշխանությունները, կարծում եմ՝ ինչ-որ փոխպայմանավորվածություններ են ձեռք բերվել, որոնք մասնակի երաշխիքներ են հանդիսացել գործող իշխանության համար, որպեսզի դիմեն»։ Սակայն Սահակյանը կարծում է, որ Վենետիկի կարծիքը միակողմանի չի լինի․ «Հեռու եմ այն կարծիքից, որ Վենետիկը սազը վերցնելու եւ գովելու է այն ապօրինությունները, որոնք տեղի են ունենում մեր երկրում»։