Իրավունք

«Հրապարակ». Կառավարությանը հարցեր չտալ, միանգամից նախագահին մեղադրանք առաջադրել` տրամաբանությունից դուրս պրոցես է

«Հրապարակ». Կառավարությանը հարցեր չտալ, միանգամից նախագահին մեղադրանք առաջադրել` տրամաբանությունից դուրս պրոցես է

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չորեքշաբթի օրը թույլ տվեց, որ Գլխավոր դատախազությունը մեղադրանք առաջադրի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին: Փաստաբան Արամ Օրբելյանը հայտնեց՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածով: Փաստաբանը նիստից առաջ գործից որոշ մանրամասներ փոխանցեց: Մեղադրանքը վերաբերում է 2004 թվականին, այսինքն՝ Քոչարյանի նախագահության ընթացքում կառավարության մի որոշմանն ու դրան հաջորդած գործարքներին: «Այս գործընթացում որեւէ կրիմինալ չկա»,- վստահեցրեց փաստաբանը:

Նիկոլ Փաշինյանը թե՛ ընտրություններից առաջ եւ թե՛ դրա արդյունքների հրապարակումից հետո` մի քանի անգամ սպառնացել է, որ ընդդիմադիր երեք առաջնորդները դատապարտվելու են տասը տարվա ազատազրկման: Տպավորություն է, որ Փաշինյանը տառապում է անձի երկվությամբ. մի օր խոստանում է դատել ընդդիմադիրներին, անգամ դատապարտման ժամկետ է նշում, հաջորդ օրը բրիֆինգի ժամանակ զարմացած լրագրողներին հայտարարում է. «Ես ի՞նչ կապ ունեմ դատախազության, իրավապահների հետ, որ ինձ նրանց վերաբերող հարցեր եք տալիս», եւ ասում է`«ջախջախել» բառն էլ օրենսդրության շրջանակներում է պետք հասկանալ: Թեպետ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը դիմել է ԿԸՀ` Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու համար, սակայն իրավապահները, հավանաբար, ամաչում են առաջադրված մեղադրանքից մանրամասներ հայտնել: Գործն այնքան կեղծ է, այնքան անտրամաբանական, որ, երեւի, դատախազությունն էլ է գիտակցում, որ Քոչարյանին նման մեղադրանքով պատժելը զավեշտալի է: Պարզվում է` դատախազությունը պաշտոնեական դիրքի չարաշահում է համարում այն, որ 2004 թվականին կառավարությունն ինչ-որ տարածքներում շինթույլտվություն տալու որոշում է կայացրել, իսկ նախագահը կատարել է լիազորությունները եւ իր ստորագրությամբ հաստատել կառավարության որոշումը: Թեմայի մասին «Հրապարակը» զրուցել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւի հետ:

- 2004 թվականին ինչ-որ տարածքում շինթույլտվության մասին կառավարության որոշման տակ ստորագրելու համար ԿԸՀ-ն Ռ. Քոչարյանին զրկեց անձեռնմխելիությունից, եւ պատրաստվում են հերթական շոուն բեմադրել: Ակնհայտ է, որ այս գործն ունի քաղաքական ենթատեքստ, եւ ընդամենը Նիկոլ Փաշինյանի հերթական ցանկությունն են իրավապահներն ի կատար ածում: Ռոբերտ Քոչարյանը նման տարբեր փաստաթղթերի տակ կարող է ստորագրած լինել: Ձեր գնահատմամբ` ի՞նչ գործ է սա:

- Գործի մանրամասներին չեմ տիրապետում: Միայն այն տեղեկությունները, որոնք տարածվել են մեդիայում, բավարար են հասկանալու համար, որ գործ ունենք քաղաքական գործընթացները վիժեցնելու փորձի տրամաբանության հետ: Ես դժվարանում եմ այստեղ իրավական գործընթաց տեսնել, այն պարզ պատճառով, քանի որ այստեղ չկա իրավունքի տարր: Պետք է հասկանալ, որ 2004 թվականին Հայաստանի Հանրապետությունը նախագահական ֆորմատով էր աշխատում, իսկ այդ ստորագրությունը եղել է պաշտոնից բխած ստորագրություն: Եթե նայենք 1995-2005-ի սահմանադրությունները, նախագահն այդ շրջանում պարտավոր էր կառավարության որոշումները վերավավերացնել: Այսինքն` սա ոչ թե որոշում է, որն ընդունել էր նախագահն իր ցանկությամբ, այլ նա պարզապես վավերացրել է կառավարության կողմից կայացրած որոշումը: Եթե այդ գործարքում իսկապես լինեին խնդրահարույց կետեր, ապա նախ պետք է խնդիրը կառավարության այն ժամանակվա անդամների հետ լիներ, կառավարությունն այդ որոշումը, ինչպես նաեւ այլ որոշումներ, կայացրել է կոլեգիալ: Չգնալ, կառավարությանը հարցեր չտալ եւ միանգամից նախագահին մեղադրանք առաջադրել, զրկել անձեռնմխելիությունից՝ իրավաբանական տրամաբանությունից դուրս պրոցես է:

- Ստացվում է, որ այդ տրամաբանությամբ Քոչարյանի դեմ բազմաթիվ մեղադրանքներ կարող են առաջադրել եւ նրան մեղադրել 10 տարում հաստատած ցանկացած որոշման համար:

- Նախագահական հանրապետության պարագայում կառավարությունը գործառութային անկախություն չունի: Այն ամբողջությամբ եղել է նախագահի վերահսկողության տակ, ուստի որեւէ որոշում դե յուրե չէր կարող իրավական ուժի մեջ մտնել, քանի դեռ ՀՀ նախագահը դրա տակ ստորագրած չլիներ: Այդ շրջանում անհնար է գտնել կառավարության գեթ մեկ որոշում, որը նախագահի կողմից վավերացված չլիներ: Սա սահմանադրությամբ ամրագրված պրոցես է եղել: Առնվազն մինչեւ 2005-ի նոյեմբերի 20-ը, երբ դադարեց կրկնավավերացման ինստիտուտի գոյությունը, նախքան այդ պահը` 1998-ից մինչեւ 2005 թվականները, կառավարության բոլոր որոշումները ենթարկվել են կրկնավավերացման:

- Իշխանությունները` Փաշինյանի գլխավորությամբ, Ռոբերտ Քոչարյանին արդեն ութ տարի է՝ մեղադրում են 2008-ի մարտի 1-ի ողբերգական դեպքերի եւ 1999-ի հոկտեմբերի 27-ի ոճրագործության մեջ, իսկ այսօր երկրորդ նախագահին մեղադրում են ընդամենը ինչ-որ տարածքներում շինարարության համար, փաստացի ստացվում է, որ այդ մեղադրանքներն այնքան անհիմն են, որ մի պարզունակ գործից են կառչել…. կարո՞ղ ենք վերջնականապես ասել, որ Նիկոլ Փաշինյանն ու իր պատգամավորները շարքային զրպարտիչներ են` ոչ ավելի:

- Եթե Ռոբերտ Քոչարյանը մարտի 1-ի հետ կապ ունենար կամ առհասարակ որեւէ քրեական հանցագործություն կատարած լիներ, ապա ութ տարին ահռելի ժամանակահատված է, որ մենք ունենայինք այդ փաստերն ազդարարող դատավճիռներ: Չկան դատավճիռներ, կան քաղաքական բնույթի հայտարարություններ, վարկածներ, կասկածներ, սակայն, որպես իրողություն, չկա ոչ մի բան: Ի դեպ, անընդունելի է նաեւ այն թեզը, որ դատաիրավական համակարգի պատճառով է նման իրավիճակ ստեղծվել, որովհետեւ Քոչարյանին մեղսագրվող հոդվածն ամբողջապես հակասահմանադրական է ճանաչվել նոր եւ, ինչպես իշխանությունն է ասում, բարեփոխված կազմի ժամանակ: ՍԴ-ն ձեւավորել է հենց այս իշխանությունը, դատաիրավական համակարգին մեղադրելը նույնպես տրամաբանությունից դուրս է: Այնպես որ, բոլոր այս գործընթացները քաղաքական իրադարձությունները վիժեցնելու համար են, իրավական վերլուծության մասին այս պարագայում խոսելն անիմաստ է: Ի դեպ, Սահմանադրությունը բոլոր նախագահների համար ունի հատուկ կետ, ըստ որի` նախագահներին չի կարելի զրկել անձեռնմխելիությունից: Բայց մեր երկրում սահմանադրաիրավական պատվիրաններն արհամարհված են:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image