Հասարակություն

Անծանոթ ու ծանոթ Մոլդովա․ հայաստանցու աչքերով

Անծանոթ ու ծանոթ Մոլդովա․ հայաստանցու աչքերով

«Մոլդովա» անունը Հայաստանում գիտեն ամենքը, ճիշտ այնպես, ինչպես Մոլդովայում Армянска կամ Armenesca անունները գիտեն ամենքը։ Տարբերությունն այն է միայն, որ եթե Հայաստանում Մոլդովայի մասին գիտեն գլխավորապես ԽՍՀՄ-ի կազմում լինելու բերումով, քանի որ ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Մոլդովան մաս են կազմել 20-րդ դարում ինչ-որ ժամանակ գոյություն ունեցած եւ Խորհրդային Միություն կոչված պետությանը, ապա Մոլդովայում հայերի մասին գիտեն Армянская улица, Армянское подворье, Армянское кладбище, Армянская церковь եւ Քիշնեւի Հին Քաղաքին մաս կազմող այլ տեղանուններից, որոնք այդպես են կոչվել Խորհրդային Միությունից դարեր առաջ, նույնիսկ ռուսների՝ Մոլդովայի իշխանության (1359-1812) արեւելյան հատվածում՝ Բեսարաբիայում հայտնվելուց առաջ։ 

Իսկ ռուսները Մոլդովայում, ավելի ճիշտ՝ Բեսարաբիայում հայտնվել են 1812-ի Բուխարեստի պայմանագրով, որը բանակցվել է հայազգի Մանուկ բեյ Միրզայանի՝ Բուխարեստի առանձնատուն-ապարանքում։ Շատ հետաքրքիր անձնավորություն է Մանուկ բեյը, որը մահացել է 48 տարեկան հասակում, անհասկանալի հանգամանքներում, որսի ժամանակ, սակայն այդքան կարճ ապրած կյանքի ընթացքում հասցրել է դառնալ Բալկանների ամենաազդեցիկ վաճառականն ու ամենահարուստ մարդը։ Այն մակարդակի անձնական շփումներ, ազդեցություն եւ կապեր է ունեցել, որ Օսմանյան կայսրության արքունիքի եւ կառավարության կողմից, որ ընդհանրական կոչվում էր Բարձր Դուռ (Sublime Porte), նրան շնորհվել է Dragoman-ի պաշտոն Եվրոպայի հետ հարաբերություններում, ինչը նշանակում էր թարգմանի եւ միջնորդի դերակատարում եվրոպական երկրների հետ շփումներում, ներառյալ՝ դիվանագիտական հանդիպումներ, դիվանագիտական փոստ բացելու լիազորություն եւ այլն։ Զուգահեռաբար, Ռուսաց արքունիքում էլ Մանուկ բեյին շնորհվել է Действительный Статский Советник կոչում, որը համազոր էր զինվորական ծառայությունում գեներալ-մայորի աստիճանի։ Մանուկ բեյ Միրզայանի ունեցած նման բարձրագույն մակարդակի կապերի եւ շփումների արդյունքում Օսմանյան եւ Ռուսական կայսրությունների միջեւ կնքված 1812թ․ Բուխարեստի պայմանագիրըը, որով Բեսարաբիան (ներառյալ ներկայիս Մոլդովան) Օսմանյան կայսրությունից անցել է Ռուսական կայսրությանը, բանակցվել եւ կնքվել է Մանուկ բեյի՝ Բուխարեստի  առանձնատանը՝ իր գործուն միջնորդությամբ։ 

Մանուկ բեյը եւ Մոլդովայի պատմության մեջ դերակատարում ունեցած մյուս ականավոր հայերն իմ անսպասելի, թանկագին եւ մեծագույն բացահայտումն էին Մոլդովայում։ Բնականաբար, թե՛ անցյալում Մոլդովայի պատմության մեջ հետք թողած հայերի, թե՛ Քիշնեւի ներկայիս աշխույժ ու կենսունակ հայկական համայնքի մասին կգրեմ, բայց դա՝ շարքի եզրափակիչ հոդվածում։ Առայժմ՝ Մոլդովա։

Թիվ 30 տրոլեյբուսով՝ օդանավակայան

Մոլդովա մարդիկ ժամանում են գերազանցապես երկրի մայրաքաղաքի՝ Քիշնեւի միջազգային օդանավակայանով (միանգամից նշեմ, որ խորհրդային ժամանակների Кишинев անվանումը ռուսներն են օգտագործում, քաղաքի ինքնանվանումը Մոլդովայի պետական լեզվով՝ ռումիներենով, հնչում է Քիշինէու գրվում է՝ Chișinău, Кишинэу, իսկ անգլերեն՝ Chisinau): 

Օդանավակայանից Քիշնեւի կենտրոն` Stephan cel Mare (թարգմանաբար՝ Շտեֆան Մեծ) պողոտա, կամ ընդհակառակը՝ Stephan cel Mare-ից օդանավակայան մեկնում ես տրոլեյբուսով։ Իհարկե, Եվրոպայի քաղաքների մեծ մասում գործում են արագընթաց ավտոբուսներ՝ գրեթե առանց կանգառների՝ քաղաքի կենտրոնի եւ օդանավակայանի միջեւ։ Կան նաեւ քաղաքներ՝ Վարշավան, Թբիլիսին եւ այլն, որտեղ քաղաքային երթուղու ավտոբուսներն են հասնում օդանավակայան։ Բայց որ տրոլեյբուսային երթուղի լինի քաղաքի եւ օդանավակայանի, առավել եւս՝ երկրի մայրաքաղաքի եւ միջազգային օդանավակայանի միջեւ՝ առաջին անգամ Քիշնեւում ականատես եղա։ Դա 30 համարի տրոլեյբուսի երթուղին է։ Հետո պարզվեց՝ Քիշնեւում առհասարակ գլխավոր հասարակական տրանսպորտը տրոլեյբուսներն  են, որոնց համարյա բոլորի երթուղին անցնում է Stephan cel Mare-ի ինչ-որ մի հատվածով։

Ավտոբուսները հատուկենտ են։ Տրամվայ, մետրո, երթուղային տաքսի, գնացք՝ շուրջ կես միլիոն բնակչությամբ Քիշնեւում առհասարակ գոյություն չունի։ Երկաթուղային կայարան կա, նույնիսկ 19-րդ դարավերջին կառուցված, գեղեցիկ շինությամբ, որտեղից նախկինում միջպետական երթուղիներ են սպասարկվել՝ դեպի Օդեսա, Կիեւ, Մոսկվա, Վարշավա, Բուխարեստ եւ այլն։ Այժմ, սակայն, օրը մի շարժակազմ է ժամանում եւ մեկնում՝ Մերձդնեստրի (Transnistria, Приднестровье) մայրաքաղաք Տիրասպոլ։

Քիշնեւի կենտրոնը Հին քաղաքն է, որտեղ գտնվում են բոլոր կառավարական շինությունները, տեսարժան վայրերը, մշակութային կառույցները, համալսարանները, թանգարանները, համերգասրահները, տաճարները, եկեղեցիները, քաղաքային պուրակները, սրճարանները, ռեստորանները... Այսինքն՝ կարելի է ասել՝ Քիշնեւը Հին քաղաքն է, որի նշանակալի շինությունների մեծ մասը կառուցվել է 19-րդ դարավերջին։ Առավել ուշագրավ ու գեղեցիկ շենքերը կառուցվել են ցարական Ռուսաստանի քաղաքացի, ազգությամբ իտալացի Ալեքսանդր Բեռնարդացիի նախագծերով։ Ինչ խոսք, իտալական շքեղ ճարտարապետության, անափ գեղեցկության, մեծածավալ ու մեծաշուք կոթողների հետք անգամ չկա Բեռնարդացիի գործերում։ Քիշնեւում նրա գործերը համեստ միահարկ, երկհարկ, առավելագույնը՝ եռահարկ շինություններ են՝ որոշ գեղեցիկ դեկորներով, էքստերիերային լուծումներով, բայց դրանք ձեւավորել են Քիշնեւի ճարտարապետական դիմագիծը, որը գնահատվում, սիրվում եւ պահպանվում է առայսօր։ Իսկ Հին քաղաքից դուրս արդեն ննջարանային թաղամասերն են, խորհրդային ժամանակներում կառուցված միօրինակ բնակելի շենքերով, դրան առնչվող ենթակառուցվածքներով, գուցե՝ նաեւ արդյունաբերական հզորություններով։ 

Քիշնեւի Հին Քաղաքի ամբողջ կենտրոնով ձգվում է արդեն ծանոթ Stephan cel Mare պողոտան, որը, ի դեպ, միակ երկկողմ երթեւեկությամբ փողոցն է Հին քաղաքում՝ 3 կմ-ից ավելի երկարությամբ։ Եվս մի քանի փողոցների երթեւեկությունը միակողմանի է, մյուսներում հանրային տրանսպորտի եթեւեկություն առհասարակ չկա։ Փողոցները նեղլիկ, գողտրիկ են՝ մեր Արամի կամ նախկին Սվերդլովի, ներկա Փարպեցու փողոցների նման, հաճախ՝ սաղարթաշատ ծառերով, որոնք հյուսիսից հարավ ձգվելիս, որպես կանոն, հատվում են Stephan cel Mare-ի հետ։ Արեւելք-արեւմուտք ձգվող փողոցներն էլ զուգահեռ են Stephan cel Mare-ին։ Հին քաղաքում համարյա ամենուր գնում ես ոտքով, որովհետեւ վայրերն իրար մոտ են, Stephan cel Mare-ի երկու կողմում էլ տարածվում են ընդարձակ զբոսայգիներ, այնպես, որ ինքնաբերաբար ու հաճույքով Հին քաղաքում քայլում ես։ Ես տասն օր էի Քիշնեւում, Հին քաղաքում երեւի փողոց չի մնացել, որով անցած չլինեմ ե՛ւ հանդիպումների համար, ե՛ւ հիմնարկներ այցելելու, ե՛ւ տեսարժան վայրերի, բայց միայն մի անգամ եղավ, որ տրանսպորտից օգտվեցի։ Եթե  նույնիսկ կարիք լինի մի փողոց ծայրից ծայր քայլել, դա հազիվ կես ժամ տեւի կամ քիչ ավելի։ 

Էթնիկ ռումիններ եւ ԵՄ ինտեգրում Բալկաններին  

Արդյունքում՝ Քիշնեւի հետ նույնիսկ միայն արտաքին ծանոթությունից՝ Հին քաղաքի տարածքից, փողոցներից, պուրակներից, տեղաշարժի հետիոտնային ու տրոլեյբուսային ռիթմից գիտակցում ես, որ Քիշնեւը գրեթե առողջարանային քաղաք է։ Եթե նաեւ հավելես հանգամանքները, որ տարեկան 50-60  հազար զբոսաշրջիկ է ժամանում Մոլդովա (համեմատության համար Հայաստան ժամանում է 2.3-2.4 միլիոն), Մոլդովայի արտահանումների ընդհանուր ծավալը 3,5 միլիարդ դոլարի կարգի է (Հայաստանինը՝ 13 միլիարդ), Մոլդովայի տնտեսության եւ արտահանումների մեծագույն սեկտորը գյուղատնտեսական եւ վերամշակող արտադրության ապրանքներն են՝ հացահատիկային կուլտուրաներից, ձեթերից, գինիներից, սպիրտից մինչեւ թարմ մրգերը՝ սալոր, խնձոր, խաղող եւ այլն, ապա կարելի է ընդհանրացնել, որ Քիշնեւը գրեթե հանգստյան գոտի եղող ագրարային երկրի առողջարանային մայրաքաղաք է։ Սա առաջին հանգուցային առանձնահատկությունն է, որ ընկալում ես Մոլդովայում լինելուց հետո։ 

Սրանից բխող երկրորդ հանգուցային առանձնահատկությունը, որ Քիշնեւում գիտակցում ես՝ Մոլդովայի ինտեգրումը ԵՄ-ին, որքան էլ դե յուրե այդպիսի ընթացակարգ ունենա, եւ այդպես հնչի, փաստացի ինտեգրում է Բալկանների հարեւան երկրներին, գլխավորապես՝ Ռումինիային։ Դրսից դա երբեք չես կռահի, ներսում, կողմնակի հայացքով արագ գիտակցում ես։ Ընդ որում, Մոլդովայի ինտեգրումը ԵՄ-ին համարյա ինքնահոս ընթացք է, որը չի առաջացնում աշխարհաքաղաքական որեւէ նկատելի տեղաշարժ, հետեւանք կամ հետագիծ։ Ռումինիան ԵՄ անդամ պետություն է, Ուկրաինան ընթանում է դեպի ԵՄ անդամակցություն, այդ երկու երկրների միջեւ գտնվող Մոլդովան էլ, որ այլ հարեւան չունի, ինքնաբերաբար շարժվում է դեպի ընդհանուր ԵՄ տարածք։ 

Մինչդեռ Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին աշխարհաքաղաքական տեղաշարժ է, ողջ Մերձավոր Արեւելքի վրա անդրադարձող տրաեկտորիայով, որը պատմության անիվը ետ է շրջում ոչ թե 100 տարի՝ մինչեւ Սեւրի դաշնագիրը, այլ՝ 1000 տարի՝ մինչեւ Մանազկերտի ճակատամարտը։ 1071թ․ Մանազկերտի ճակատամարտից, ի դեմս Բյուզանդական կայսրության, սկսվեց եվրոպական քաղաքակրթության եւ ներկայության նահանջը Մեծ Հայքից։ Իհարկե, Կիլիկիայի թագավորությունը եւս երեք դար պահպանեց քաղաքակրթական կապը, նույնիսկ սերտացրեց շփումներն Արեւմտյան Եվրոպայի հետ՝ շնորհիվ խաչակրաց օրդենների հետ բարեկամության, Այասի նավահանգստի՝ ինչպես Մարկո Պոլոն է ձեւակերպել՝ «Արեւելքի դարպաս» դառնալու եւ այլն։ Սակայն Կիլիկիայի թագավորությունը, որ քաղաքակրթության եւ քրիստոնեության վերջին պատվարն էր Մերձավոր Արեւելքում, 14-րդ դարավերջին ընկավ, իսկ կես դար անց բարձրացավ Օսմանյան կայսրությունը, որ գոյատեւեց ամբողջ չորսեւկես դար՝ իր ողջ բացասական հետեւանքներով մարդկային քաղաքակրթության համար։ Այնպես որ՝ եվրոպական քաղաքակրթության վերադարձը Հայկական բարձրավանդակ 1000 տարի անց հսկայական տեղաշարժ է։

Մոլդովայում լինելուց հետո ես վստահ եմ, որ մինչեւ 2030թ․ Հայաստանի՝  ԵՄ անդամակցության հարցն էլ ներկայիս թեկնածու պետություններին հավասար լուծված կլինի։ Եթե ինտեգրման գործընթացի առաջատարին՝ Մոլդովային, անհրաժեշտ է 3 տարի՝ EU Acquis-ի 35 բաժինները բանակցելու համար, ապա Հայաստանի ցուցանիշներին նայելով՝ տեխնիկապես ավելի քիչ բանակցային ժամանակն էլ Հայաստանին կբավարարի։ Այլ հարց, որ Հայաստանի համար ԵՄ ինտեգրման ընթացքը չի կարող այնքան դյուրին լինել, որքան Մոլդովայի համար։ Առհասարակ, Բեռլինի պատի փլուզումից ի վեր նախկին սոցճամբարի ոչ մի երկրի համար ԵՄ անդամակցության ընթացքն այնքան դյուրին չի եղել, որքան Մոլդովայի համար։ Թե ինչու՝ հաջորդիվ։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image