Քաղաքականություն

«144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզ»

«144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզ»

«Հրազդանում կառուցվել է 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզ: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 929 մլն դրամ, միջոցները տրամադրվել են ՀՀ պետբյուջեից»: Սա վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի ֆեյսբուքյան վերջին գրառումներից մեկն է: Անսովորն այն է, որ առաջին անգամ եմ հանդիպում արտահայտության, որտեղ մսուր-մանկապարտեզում որոշակի թվի երեխաներ ընդունելու հնարավորության առումով օգտագործվել է «հզորություն» եզրույթը: Որովհետև այդ տերմինը սովորաբար օգտագործվում է ռազմական ու տեխնիկական սարքերի բնութագրման համար: Բայց քանի որ բանակը վերը նշված անձի ամենաատելի կառույցն է, իսկ ինքը դեմ չէ այդ տերմինն օգտագործելուն, ապա ստիպված է այն օգտագործել դրա համար բացարձակ ոչ համապատասխան համատեքստում: Իսկ տերմինն օգտագործելուն դեմ չլինելն էլ, ենթադրաբար, պայմանավորված է տգետների (կամ ֆեյքերի), որոնց պարագայում խայտառակ պարտությունը հզորության նշան է, «մեր հզոր վարչապետ» արտահայտությամբ: Ինչը դեռևս մեկ-մեկ հայտնվում է նրա որևէ նյութի ներքո:

Անցնենք առաջ: «Իրական» Հայաստանի «մեծարգո վարչապետը» շարունակ կրկնում է, որ ինքը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որպեսզի ճանաչի Հայաստանի լեգիտիմությունն ու տարածքային ամբողջականությունը: Նախ, ինքը չէ, որ պետք է ճանաչեր Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Դա պետք է աներ Ադրբեջանի ղեկավարը, ու ինքն իր խոսքը պետք է ձևակերպեր այսպես՝ «…որպեսզի Ադրբեջանի ղեկավարին ճանաչել տա Հայաստանի տարածքային ամբողջականությունը»: Երկրորդ, ի՞նչ է նշանակում «Հայաստանի լեգիտիմությունը» արտահայտությունը: Լեգիտիմությունն օգտագործվում է իշխանությունը և ոչ թե պետությունը բնորոշելու առումով: Լեգիտիմության ճանաչումն էլ իրականացվում է ոչ թե որևէ անձի կողմից՝ ինչ պաշտոն էլ վերջինս զբաղեցնի, այլ որևէ երկրի ժողովրդի կողմից:

Ինչ մնում է Ադրբեջանի ղեկավարի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչելուն, ապա վերջինս չի շարժվում նիկոլական տրամաբանությամբ ու բացարձակ ցանկություն չունի հետևելու Նիկոլի քայլերին: «Մեր մեծարգոն» դա, վստահաբար, գիտակցում է ու այդ պատճառով քաղաքականության մեջ աննախադեպ «նորարարություն» է մտցնում. իր վրա է վերցնում Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու խնդիրը: Եվ մի հարց էլ. ո՞ւմ համար է բարձրաձայնվում ողջ այս մանիպուլյացիան: Հաստատ ոչ ինձ նմանների և ոչ էլ տգետների (կամ ֆեյքերի) համար: Նույնիսկ ոչ էլ իր շրջապատի գրագետների համար՝ եթե այդպիսիք դեռևս կան: Ինչով ինքը վստահաբար հեղինակություն չի բարձրացնում, որովհետև ոչ ընդդիմադիր գրագետը կարող է լռել, սակայն հաստատ գիտակցում է, որ այդ ամենը ֆիկցիա է:

Անցնենք ամենակարևոր հարցին. Հայաստանի անվտանգությունը ոչ թե բանակի և անվտանգային որևէ համակարգի հետ կապելուն, այլ լեգիտիմությամբ պայմանավորելուն: Ինչպես ասվեց, գոյություն ունի իշխանության և ոչ թե պետության լեգիտիմություն, իսկ այդ դեպքում ստացվում է, որ անվտանգությունը կապվում է գոյություն չունեցող երևույթի հետ: Իսկ եթե դրա հետ միասին հաշվի առնենք նաև ժամանակակից աշխարհի անընդհատ փոփոխվող բնույթը, ապա մեր պետության անվտանգությունը կապվում է ոչ թե իրական գործոնների, այլ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի մտավարժանքների հետ: Հասկանալի է նաև, որ մտավարժանքների պատճառը «դուխով» լինելուց հետո խայտառակ պարտություն կրելն էր ու ավելի ուշ ինքն իրեն արդարացնել փորձելը: Բայց արդարացնելն էլ պետք է այն եղանակով կառուցվեր, որպեսզի չընկալվեր, որ «ինչ-որ տեղ ինչ-որ բանում» սխալ է տեղի ունեցել, ու դրա մեղավորն ինքն է: Ու արդյունքում ստացվում է, որ այսօր մեր պետության անվտանգության հիմքում Նիկոլի ինքնարդարացումն է՝ որքան էլ դա անհեթեթ հնչի:

ՀԳ. Տգետի (կամ ֆեյքի) պատկերը. «Խոնարհվում եմ պրն Վարչապետ: Վստահ եղեք Ձեր անունը ոսկե տառերով է գրվելու Հայաստանի պատմության մեջ Դուք ոսկե դարաշրջան եք բացել հայ ժողովրդի համար։ Շնորհակալ ենք և ամուր կանգնած Ձեր կողքին»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image