Քաղաքականություն

Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանի գործած սխալներն անուղղելի հետք են թողել վիրահայոց թեմի վրա

Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանի գործած սխալներն անուղղելի հետք են թողել վիրահայոց թեմի վրա

Ապրիլի 28-ին Տալլինի եկեղեցում Բալթյան երկրների հոգևոր հովիվ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանի կողմից Փաշինյանին ջերմ ընդունելը թեմի առաջնորդին բուռն քննադատելու առիթ տվեցին: Մարդկանց վրդովվեցրել էր, որ հոգևոր հայրը, փաստորեն անտեսելով Մայր Աթոռի վերաբերմունքը Փաշինյանի հանդեպ, ոչ միայն օրհնել է նրան, այլև հայտարարել է, որ աղոթում է Փաշինյանի ծրագրերի իրագործման համար: 
Հաջորդ օրն իսկ` պատասխանելով քննադատությունների ալիքին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը հայտարարություն տարածեց. «Տալլինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում ՀՀ վարչապետի այցի առիթով Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Տ․ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանի ողջույնի խոսքում տեղ գտած արտահայտություններն առաջ են բերել տարընկալումներ մեր հասարակության տարբեր հատվածների մոտ, ցավոք, նաև պատճառ դարձել քաղաքական շահարկումների, հոգևորականի և Եկեղեցու հասցեին վիրավորական որակումների։ Թեմակալ առաջնորդի կողմից արտահայտված որոշ մտքեր և դատողություններ խիստ սուբյեկտիվ են, անհատական և վերագրելի չեն Եկեղեցուն»: Նույն օրը նաեւ Վազգեն արքեպիսկոպոսն էր հարցազրույց տվել լրատվամիջոցներին եւ հայտարարել. «Խիստ ցավում եմ այս վիճակի համար, իսկապես շատ տհաճ իրավիճակ ստեղծվեց: Եթե իմ խոսքերով որևէ մեկի համոզումները վիրավորել եմ, ապա խորապես ափսոսում և ներողություն եմ խնդրում։ Միակ նպատակս եղել է այն, որ Հայաստանը ներկայացնող բարձրագույն պաշտոնյային՝ անկախ իր նկատմամբ հասարակական տարբեր շրջանակներիում ձևավորված վերաբերմունքից, ցանկացել ենք օտար միջավայրում ըստ արժանվույն դիմավորել։ Սա մի տեսակ նաև նախընթաց տարիներին ձևավորված ավանդույթ է դարձել : Մնացածի մասով վերստին ափսոսում եմ»: 

Վրաստանի հայ համայնքային հարթակի նախագահ Գեորգի Թումասյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ ինքը ստիպված է եղել ժամանակին հայտարարությամբ հանդես գալ, որ Վրաստանում հոգևոր ծառայություն իրականացնող Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանն իր հոգևոր հայրը չի և նույնիսկ սպառնացել է բացահայտել վերջինիս վնասակար գործունեության մասին: «Դրանով ստիպել եմ իրեն լքել Վրաստանն ու Վրաստանում վիրահայոց թեմի առաջնորդի պաշտոնը: Միրզախանյանի գործունեությունը Վրաստանում` որպես թեմի առաջնորդ, եղել է շատ լուրջ խնդիրներ պարունակող, և շատ լուրջ, մեծագույն սխալներ պարունակող գործունեության շրջան: Իհարկե, ամեն վատի մեջ կարելի է գտնել նաև լավ բաներ, ինչը նա արել է երկար տարիների ընթացքում, բայց անհամեմատելի է այն չարիքը, որ ինքն այստեղ կատարել է վիրահայոց թեմի դեմ, հայ համայնքի դեմ, Վրաստան-Հայաստան միջպետական և ազգերի միջև հարաբերությունների դեմ: Ես իր գործունեությունը գնահատել եմ խիստ վտանգավոր ու ստիպված եմ եղել ամեն ինչ անել, որպեսզի ինքը շտապ լքեր Վրաստանը և այս նպատակին հասել եմ, և ինքը Վրաստանը լքել է շատ վատ իրավիճակում և համայնքի համար շատ վատ վիճակում: Որևէ մեկը չէր ցանկանում, որ նման իրավիճակ լիներ, բայց դրա ամբողջ պատասխանատվությունն իրենն է»,-ասաց Թումասյանը: 

Նա նշում է, որ փորձել է այս հարցը լուծել ոչ հանրային ձևով, սակայն չի ստացվել եւ ստիպված է եղել աղմուկ բարձրացնելով` հասնել հարցի լուծմանը: «Այս պահին չեմ ուզում մանրամասն անդրադառնալ հարցերին, որոնք ծանր են ու լուրջ, սակայն կարող եմ ասել, որ խնդիրներ են ստեղծվել իր որոշումների, քաղաքականության պատճառով, ինչպես նաև իր անձնական պահվածքի հետևանքով, ինչպես եկեղեցու, համայնքի, այնպես էլ հարաբերությունների ուղղություններով: Իր առաջնորդ լինելու ժամանակ, Թանդոյան Սուրբ Աստվածածնի եկեղեցին, որը հայկական եկեղեցի է, փոխանցվել է վրացական եկեղեցուն ու ամբողջությամբ դարձել վրացական եկեղեցի: Դատական գործ կար, ու շատ լուրջ խնդիրներ են ստեղծվել այդ գործի պարտվելու հետևանքով, որը ազդեցություն ունի Վրաստանի տարածքում բոլոր հայկական եկեղեցիների վրա ու այդ գործի պարտության հարցում մեծ ազդեցություն ունեցան Վազգեն Միրզախանյանի որոշումներն ու մոտեցումը, ես կասեի նույնիսկ պայմանավորվածությունները: Վրաստանի տարածքում բոլոր հայկական եկեղեցիները նույն կարգավիճակն ունեն, ինչ Թանդոյան Սուրբ Աստվածածնի եկեղեցին: Ես կասեի նույնիսկ, որ այլ կրոնների եկեղեցիների, տաճարների համար էլ է անպրեցեդենտ իրավիճակ ստեղծվել, դա նաև վերաբերվում է Սամցխե-Ջավախեթիի տարածքում տեղի ունեցած իրադարձություններին և դրանց շուրջ Միրզախանյանի պատասխանատվությանը, ինչպես նաև Սամցխե-Ջավախքի առաջնորդական փոխանորդության դե ֆակտո չեղարկմանը և ղեկավարին պաշտոնից հանելուն և առանց տեղակալ փոխանորդի թողնելուն, որի պաշտոնը զբաղեցրել է հենց ինքը՝ Միրզախանյանը, ինչը լուրջ խնդիրներ էր առաջացրել Սամցխե-Ջավախքի հայ եկեղեցու և հոգևորականների գործունեության համար»,-ասաց վերջինս: 
Թումասյանը շեշտում է, որ եկեղեցու ֆինանսական, բարոյական, կադրային ու քաղաքական մոտեցումներում Միրզախանյանի թույլ տված շատ կոպիտ սխալներն անուղղելի հարվածներ են հասցրել հայ համայնքին և Հայաստան-Վրաստան հարաբերություններին: 

«Շատ դեպքերում իր դիրքորոշումներն ու քայլերը սպասարկել են իր անձնական շահերը և դրանց ապացույցները կան»,-եզրափակեց Գեորգի Թումասյանը և հավելեց, որ ցավոք Միրզախանյանի հեռացմամբ դեռևս չլուծված են մնացել նրա գործունեության հետևանքով առաջացած խնդիրները, որոնք համապետական մասշտաբի խնդիրների են վերածվել: 
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image