Քաղաքականություն

Արտապատվիրակված իշխանությունից ազատվելու հրամայականը

Արտապատվիրակված իշխանությունից ազատվելու հրամայականը

«Ես ասել եմ, որ առաջնորդելու եմ իրենցից Վեհարանն ազատելու գործընթացը: Վեհարանն ազատվելու է այնպես, ինչպես Հայաստանի Հանրապետությունն ազատեցինք Սերժ Սարգսյանից»,- մամուլի ասուլիսում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: Իսկապես՝ նա «ազատելու» մեծ փորձ եւ հմտություն ունի․ կարող է ասել, որ Հայաստանի Հանրապետությունն ազատելու է հայերից, ինչպես ժամանակին մեծ հաջողությամբ Արցախն ազատեց հայերից, կարող է հպարտորեն ասել, որ ինքը Հայաստանը հանձնելու է Թուրքիային եւ Ադրբեջանին` այնպես, ինչպես հանձնել է Արցախը: Հայաստանի Հանրապետության մյուս տարածքները եւս ազատելու է հայկական ներկայությունից, ինչպես դա արել է Գորիս-Կապան ավտոճանապարհի, Հայաստանի ինքնիշխան տարածքի մի շարք հատվածների հետ: Վեհարանի «ազատումը» Հայաստանի Հանրապետությունը հայ ժողովրդից ազատելու գործընթացի ընդամենը մի դրվագն է` շատ կարեւոր, առանցքային դրվագ: Երկրի նոր տերերին Հայ առաքելական եկեղեցի պետք չի լինելու` այնպես, ինչպես Արցախում այլեւս Հայ առաքելական եկեղեցի գոյություն չունի:

«Ինչ վերաբերում է արտապատվիրակմանը, հենց այսօր ՀՀ-ում արտապատվիրակման շատ հայտնի դեպքեր կան։ Օրինակ, «Զվարթնոց»-ի կառավարումն արտապատվիրակված է։ Ջրային համակարգի կառավարումն արտապատվիրակված է։ Նախկինում ունեցել ենք փորձ՝ «Հայփոստի» արտապատվիրակման։ Հայաստանի երկաթուղիների կառավարումն արտապատվիրակված է»,- ասում է Նիկոլ Փաշինյանը՝ դրանով փորձելով արդարացնել Հայաստանի տարածքի մի մասի վրա Հայաստանի ինքնիշխանության արտապատվիրակումն ամերիկյան կամ որեւէ այլ կազմակերպության: Փաշինյանին թվում է, թե որեւէ ընկերության կառավարման արտապատվիրակումը նույնն է, ինչ Հայաստանի տարածքի մի մասի նկատմամբ Հայաստանի ինքնիշխանության արտապատվիրակումը մեկ այլ պետության: Իսկ որ խոսքը հենց տարածքի նկատմամբ ինքնիշխանության արտապատվիրակման մասին է, ասենք, որ ճանապարհի կամ միջանցքի վրա ՀՀ ինքնիշխանությունը չի տարածվելու, քանի որ մաքսային, սահմանային եւ այլ կարգի հսկողությունն իրականացվելու է ոչ ՀՀ պետական իշխանության մարմինների կողմից: Հայ սահմանապահը, հայ մաքսավորը եւ նույնիսկ հայ ոստիկանը կամ զինվորականն այդ տարածք մուտք գործելու իրավունք չեն ունենալու: Դա այլեւս Հայաստանի Հանրապետություն չի լինելու:

Այս իրավիճակն արդյունք է այն բանի, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը 2018 թվականի հակասահմանադրական հեղաշրջման արդյունքում արտապատվիրակվել է, այն չի պատկանում ՀՀ ժողովրդին, այլ՝ ԱՄՆ-ին եւ նրա սատելիտներին, որոնք էլ եղել են հեղաշրջման կազմակերպիչն ու հետագա շահառուն: Հետագա, այսպես կոչված, ընտրությունները կազմակերպվել են իշխանազավթումն օրինականացնելու համար: Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, թեեւ անվանապես ՀՀ վարչապետն է, բայց իրականում հանդիսանում է ՀՀ-ն կառավարող ընկերության կողմից նշանակված գործադիր տնօրեն: Այս ընկերությունը ներկայանում է փակ բաժնետիրական ընկերության տեսքով, որտեղ բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը պատկանում է Միացյալ Նահանգներին եւ Միացյալ Թագավորությանը, ինչ-որ բաժնեմաս ունի նաեւ Եվրոպական Միությունը: Գործադիր տնօրենն ինքնուրույն քաղաքականություն որոշելու կամ իրականացնելու իրավասություն չունի, նա կատարում է վերադասի հրահանգները, քանի որ հասկանում է, որ ցանկացած ինքնիրավչություն կարող է արժանանալ վերադասի կոշտ արձագանքին, եւ իրեն կարող են փոխարինել, իր փոխարեն այլ գործադիր տնօրեն կարող են նշանակել:

Երբ ասում ենք, որ Փաշինյանը ոչ թե երկրի իրական ղեկավարն է, այլ կառավարիչների նշանակած գործադիր տնօրենը, դրանով ամենեւին չենք նվազեցնում Հայաստանում կատարվողի համար նրա պատասխանատվության չափը: Ի վերջո, կառավարիչները հատկապես նրան են ընտրել եւ նշանակել գործադիր տնօրեն՝ համոզված լինելով, որ նա, չունենալով որեւէ սկզբունք կամ համոզմունք, որեւէ պատասխանատվություն սեփական երկրի նկատմամբ, չունենալով հայրենիքի հանդեպ խորքային կապի եւ, հետեւաբար, պատասխանատվության զգացում, պատրաստ է ոչ միայն հնազանդորեն կատարել իրենց հրահանգները, այլեւ դրանց կատարման հարցում լինել առավել նախանձախնդիր եւ հետեւողական:
Ինչ վերաբերում է ՀԷՑ-ին եւ ռուսական մյուս սեփականությանը, ինչպիսին, օրինակ, գազամատակարարման համակարգն է, որը հիմա պատկանում է «Գազպրոմ» ընկերությանը, կամ, ասենք, երկաթուղիներին եւ էներգետիկայի այլ ձեռնարկություններին, ապա պետք է հասկանալ, որ եթե երկիրը եւ նրա ամբողջ իշխանությունն արտապատվիրակված է այլ երկրի, դրա ամբողջ սեփականությունը եւս պետք է պատկանի նույն սեփականատիրոջը: Չի կարող Հայաստանը պատկանել ԱՄՆ-ին, իսկ Հայաստանի բաշխիչ ցանցերը լինեն ռուսական ընկերության սեփականություն։ Սա անախրոնիզմ է, անցյալից մնացած ատավիզմի դրսեւորում: Նույնը վերաբերում է «Գազպրոմին», ինչ-որ պահի «Գազպրոմը» եւս կպետականացվի, իսկ հետո կանցնի արեւմտյան որեւէ ընկերության, ուղղակի «Գազպրոմը» հիմա Հայաստանի գազի միակ մատակարարն է, եթե գտնեն գազի այլ մատակարար, հենց նույն օրը «Գազպրոմ Արմենիան» եւս կապապետականացվի եւ կարտապատվիրակվի, իսկ երկաթուղու հարցն ընդհանրապես հեշտ լուծվող է, այն կոնցեսիոն կառավարման է հանձնված Ռուսաստանի երկաթուղուն, պայմանագրի ժամկետը լրանալուց հետո այն ուղղակի չի երկարաձգվի:

Նույն տրամաբանությունը գործում է Հայ առաքելական եկեղեցու դեպքում. մինչեւ 2018 թվականը Հայաստանը քիչ թե շատ ինքնիշխան եւ ինքնուրույն պետություն էր, ուներ սեփական անկախ եկեղեցի ունենալու իրավունք: Բայց երբ երկրի իշխանությունն արտապատվիրակվեց, նոր տերերը համարեցին, որ ինքնուրույն եկեղեցի ունենալը վտանգ է իրենց իշխանությանը, հետեւաբար՝ ինքնուրույն եկեղեցին պետք է լուծարվի, եւ դրա փոխարեն Հայաստանում եւս պետք է լինեն բողոքական այն եկեղեցիների մասնաճյուղերը, որոնք գործում են իշխանության սեփականատեր երկրներում: 

Երբ դուք որեւէ տուն կամ այլ սեփականություն եք ձեռք բերում` այն համապատասխանեցնում եք ձեր ճաշակին եւ պահանջմունքներին, նույնն է նաեւ երկրի դեպքում: Քանի դեռ Հայաստանը չի վերականգնել իր ինքնիշխանությունը, հնարավոր չէ ո՛չ ՀԱԵ պաշտպանել, ո՛չ էլ խոսել մասնավոր սեփականության կամ այլ իրավունքների պաշտպանության մասին:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image