Քաղաքականություն

Քերոբյանը խոսում է ի հեճուկս էկոնոմիկայի նախարարության ռազմավարությունների

Քերոբյանը խոսում է ի հեճուկս էկոնոմիկայի նախարարության ռազմավարությունների

Նիկոլ Փաշինյանի կառավարության անդամներն իրար հետեւից զավեշտալի ու անգամ հանցագործության մասին հաղորդման մակարդակի հայտարարություններ են անում: Արդարադատության նախարարն ասում է՝ ցավոք, օրենք կա: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ սնանկության ձեւերն է հուշում քաղաքացուն։ Հիշեցնենք, որ բանկից վերցրած փողով Կովսականում տուն կառուցած քաղաքացուն, որին կանչել էին դատարան, նախարար Քերոբյանը հուշել էր․ «Հիմա վատ բառ կօգտագործեմ, բայց վատ մի ընկալեք։ Հանգիստ կարելի է սնանկանալ, պարտքերը․․․»։ Ասել էր Քերոբյանը՝ ձեռքով ցույց տալով ջրելու նշանը։ 

Եվ, փաստորեն, քաղաքացուն ուղղություն ցույց տալով՝ նախարարը սեփական փորձով է կիսվում։ Գուցե ոմանք չեն հիշի, թե ինչպես վերացավ «Սթար» խանութների ցանցը, որի սեփականատեր «Սթար Դիվայդ» ՓԲ ընկերությունը, դատարանի որոշմամբ, ճանաչվեց սնանկ: Այն ժամանակ լուրեր տարածվեցին, թե այս սուպերմարկետները չկարողացան դիմակայել մրցակցությանը: «Սթար Դիվայդի» դեմ ժամանակին շուրջ 16 դատական հայց էր ներկայացված, ուներ չմարված հարկային պարտավորություններ։ Բայց 2 տարի անց՝ 2014թ․, «Սթարի» հին տերերը նույն կազմով նոր սուպերմարկետների ցանց հիմնեցին, այս անգամ արդեն՝ «Կրպակ» անունով, որի 5 հիմնադիրներից էր նույն ինքը՝ «Սթար» առեւտրային ցանցի գործադիր տնօրեն Վահան Քերոբյանը։ «Կրպակ» ՍՊԸ-ի մյուս 4 հիմնադիրներն են Արշակ Քոսյանը, Սուրեն Մադոյանը, Ռուստամ Ալավերդյանը եւ Արման Սահակյանը՝ Սովրանոյի Արմանը: 

Բանկային եւ սնանկության հարցերով մասնագիտացած փաստաբան Արամ Կարապետյանին հարցրինք՝ նախարար Քերոբյանն ասում է՝ ձեւեր կան․ ինքը, որպես փաստաբան, այդ ձեւերը գիտի՞։ Արամ Կարապետյանն ի պատասխան ծիծաղեց․ «Ձեւեր շատ գիտեմ, բայց դրանց մասին գերադասում եմ չխոսել»։ Իսկ մեզ կասե՞ք, մենք էլ իմանանք։ Նորից՝ պատասխան ծիծաղ։ Այնուամենայնիվ, օրենքը նախատեսում է իրավիճակներ՝ օրենքով նախատեսված դեպքեր, երբ սնանկ կամ կանխամտածված սնանկ ճանաչված անձի սեփականության ու գույքի վրա բռնագանձումը չի կարող տարածվել։ 

«Կա՛մ աշխատավարձն է, կա՛մ վերջին կացարանը՝ վերջին բնակության վայրը, որն էլ կախված է բնակարանի արժեքից, պետք է 4․9 միլիոն դրամից ցածր լինի»,- մեզ հետ զրույցում ասաց  փաստաբան Կարապետյանը։ Բռնագանձում չի լինում, եթե պարտապանը չունի գույք։ Փաստաբանի խոսքով, հաճախ է լինում, որ պարտապանը գույք ու եկամուտ չի ունենում։ Սկզբում ունեցած է լինում, հետո ընթացքում՝ օտարած, վաճառած, բայց գործարքներն արդեն կնքված են լինում։

Մի բան հստակ է՝ կեղծ կամ կանխամտածված սնանկության դեպքում պարտապանը կարող է նաեւ չկատարել, այդ թվում նաեւ հարկային պատավորությունները։ «Այո, դրանով կարելի է խուսափել հարկային պարտավորություններից, բայց եթե հարկայինը տեսնի, որ կանխամտածված եք խուսափել, քրեական գործ կհարուցի»,- ասաց փաստաբանը։

Արդարադատության նախարարության կայքում տեղադրված է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության ֆինանսավորմամբ ուսումնասիրություն, որի նպատակն էր, որ արդարադատության եւ Քերոբյանի գլխավորած էկոնոմիկայի նախարարությունները համատեղ նախագծեին Հայաստանի սնանկության ոլորտի բարեփոխման ամբողջական, ռազմավարական մոտեցումներ, որոնց նպատակներից մեկն էլ կանխամտածված սնանկությունների կանխումն է։

Այնտեղ այսպիսի մի պարբերություն ենք կարդում․

«Հայաստանում հարուցված սնանկության գործերի մեծ մասն անցնում է լուծարման: Առաջին փուլում հարցվածների 64%-ը ֆինանսական առողջացման ծրագիր կազմելու փորձ չի կատարել, ավելին, շատ դեպքերում պարտատերերի հետ բանակցելու պարտապանի փորձերը ձախողվել են: Այս արդյունքները կարելի է բացատրել մի շարք գործոններով: Առաջին հերթին, արտադատական համաձայնությունները, որպես կանոն, չեն խրախուսվում ինչպես իրավական մշակույթի, այնպես էլ օրենքի կողմից: Երկրորդ․ շատ պարտատերեր ունեն շատ քիչ չծանրաբեռնված սեփականություն: Հայաստանում սնանկ ճանաչելու դիմում ներկայացնելու պահին ընկերությունը, ունենալով լուծարման եւ բաշխման համար շատ քիչ գույք, հավակնում է նմանվել «դիակի, քան՝ հիվանդի»: Իսկապես, ընկերությունն այնքան է հետաձգում սնանկ ճանաչելու դիմում ներկայացնելը, որ այլեւս կենսունակ չէ վերակազմակերպվելու»։

Ապա՝ եզրահանգում․ քանի որ այս բնորոշ գիծը հատուկ է սնանկության գործերին, սնանկության համակարգերը պետք է հաշվի նստեն 2 հանգամանքի հետ. 1) ստեղծել այնպիսի պայմաններ, որոնց պարագայում հնարավոր կլինի վերակազմակերպումը (ներառյալ ուժեղ խթանիչ մեխանիզմների կիրառումը, որպիսիք են հաշվեկշռային եւ լուծարային փաստաթղթերի պատշաճ լինելը) եւ 2) նախատեսել բավականին կայուն, խուսափելու հնարավորություն տվող դրույթներ մինչեւ սնանկության վարույթը գույքի վաճառքը կանխելու նպատակով:  Այսինքն՝ սնանկացման գնացողների համար «գործնականում իրենց համար ավելի հեշտ է վաճառել սեփականությունը եւ ստանալ իրենց վճարները, քան ներկայացնել ֆինանսական առողջացման ծրագիր»:

Արդարադատության նախարարության կայքում նշվում է նաեւ, որ Հայաստանի տնտեսական զարգացման շահերից բխում է ոչ թե լուծարումը, այլ վերակազմակերպումը։ Ապա՝ այսպիսի եզրակացություն․ «Թեպետ հնարավոր չէ պարզել, թե արդյո՞ք այդ թերացումները եղել են դիտավորյալ (կոռուպցիա), թե պատահական (անիրազեկություն), սակայն դրանք ընդգծում են այն, որ սնանկության կառավարիչները վայելում են հայեցողության բարձր մակարդակ: Հետազոտության հաշվետվության մյուս մասերը վկայում են, որ սնանկության կառավարիչները կասկածվում են կոռուպցիոն գործունեության մեջ, օրինակ՝ լինում են դեպքեր, երբ աճուրդի հանված գույքը ձեռք է բերվել բանկի կառավարիչների ազգականների կամ փոխկապակցված անձանց կողմից»: Սա էլ՝ «ձեւերից» մյուսը։ Փաստորեն, Վահան Քերոբյանը բաց ու հրապարակային պայքարում է նաեւ այն ծրագրերի դեմ, որոնք ձեւակերպված են իր ղեկավարած նախարարության կողմից։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image