Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտի՝ անվստահություն հայտնելու հարցով «Արթուն ենք» քաղաքացիական շարժումն օրեր առաջ ԱԺ բոլոր պատգամավորներին նամակներ ուղարկեց եւ հատկապես ընդդիմադիր երկու խմբակցություններից քայլեր է ակնկալում։ Շարժումը, որը հանրությանը հայտնի է Նարեկ Մալյանի եւ Էդգար Ղազարյանի դեմքով, համոզված է, որ դա Փաշինյանին իշխանությունից հեռացնելու միակ ճանապարհն է։ Բայց ընդդիմադիր երկու խմբակցությունները կարծում են, որ իմպիչմենտը հաջողությամբ գլուխ բերելը տեխնիկապես անհնար է։ Նրանց պետք է միանան ՔՊ-ականներ, ընդ որում, ո՛չ մեկը, ո՛չ երկուսը։
ՀՀ Սահմանադրության 115-րդ հոդվածի համաձայն, վարչապետին անվստահություն հայտնելու Ազգային ժողովի որոշման նախագիծ կարող է ներկայացնել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը, եւ որոշման նախագծով միաժամանակ նոր վարչապետի թեկնածու պետք է առաջարկվի, ինչը նախաձեռնության հեղինակները չեն արել՝ խորհրդարանական ընդդիմությանը թողնելով վարչապետի թեկնածուին որոշելը։ Մի բան, որ հայաստանյան ընդդիմադիր դաշտի համար, ինչպես նախորդ ժամանակահատվածների պայքարն է ցույց տվել ու ընթացիկ խմորումներն ընդդիմության ներսում, ամենաբարդ գործն է, հավանաբար, բայց անգամ եթե հաջողվի այդ հարցում համաձայնության գալ, գլխավոր խնդիրը պարզ թվաբանության մեջ է։
Խորհրդարանի երկու ընդդիմադիր խմբակցությունները միասին ունեն 34 ձայն։ Որպեսզի Փաշինյանին իմպիչմենտ հայտնելու նախագիծն ԱԺ ներկայացվի, անհրաժեշտ է 36 պատգամավորի ստորագրություն։ Իսկ որպեսզի նախագիծն ընդունվի, առնվազն 54 կողմ ձայն է պետք: Այսինքն՝ առնվազն 20 ոչ ընդդիմադիր պատգամավոր պետք է միանա նախաձեռնությանը։ Սա նշանակում է, որ առանց մի խումբ ՔՊ-ական պատգամավորների, հարցը լուծվել չի կարող, եթե անգամ խմբակցություններում չընդգրկված անկախ պատգամավորները կողմ լինեն Փաշինյանին անվստահություն հայտնելուն։
2020 թվականի պատերազմում խայտառակ պարտությունից ու նոյեմբերի 9-ի անակնկալից հետո Փաշինյանի կողքին մնացած ՔՊ-ականները, որոնք անգամ Արցախի էթնիկ զտումից հետո չլքեցին «նավը», կգնա՞ն այդ քայլին` շատ մեծ հարցական է, եթե չասենք` գրեթե անհնարին։ Իմպիչմենտի գործընթացը նախաձեռնողները համոզված են՝ լայն ժողովրդական ճնշման ներքո դա հնարավոր է։ Ըստ այդմ էլ նշում են, թե գնդակը խորհրդարանական ընդդիմության դաշտում է։
Թե՛ «Հայաստան», թե՛ «Պատիվ ունեմ» խմբակցությունները պնդում են՝ Փաշինյանի իշխանազրկումն իրենց օրակարգում է, բայց խմբակցությունների տեսակետներն էլ` այս նախաձեռնության հետ կապված, որոշակիորեն տարբերվում են։
«Ուզում եմ շատ հստակ ասել, որ մենք երբեք այս իշխանությունների պաշտոնազրկմանը դեմ չենք եղել, ավելին` դա դիտում ենք որպես հիմնական գործիք՝ երկիրը ճգնաժամից եւ պարտությունների այս խոր անդունդից դուրս հանելու համար։ Իմպիչմենտի գաղափարի մասին առաջինը խոսել ենք 2021-2022 թվականներին, սակայն պետք է իրատես լինել՝ իմպիչմենտի գործընթացն սկսելու համար առնվազն պետք է, որ պատգամավորների մեկ երրորդը հարցը դարձնի օրակարգային։ Որպեսզի վարչապետին անվստահություն հայտնվի, այսինքն՝ նա պաշտոնազրկվի, անհրաժեշտ է պատգամավորների կեսից ավելին, սակայն պետք է իրատես լինել, այսօր «Հայաստան» դաշինքն ունի 28 պատգամավոր, 6 պատգամավոր ունի «Պատիվ ունեմ» դաշինքը։ Ինձ համար շատ հետաքրքիր է, թե այս նախաձեռնության հեղինակներն ինչպես են պատրաստվում 20 ՔՊ-ականի բեկել դեպի իմպիչմենտին կողմ քվեարկելու որոշումը»,- «Հրապարակ»-ին ասում է ընդդիմադիր ամենամեծ խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, հարցնելով՝ արդյո՞ք նախաձեռնության հեղինակներն իրենց վրա պատասխանատվություն կվերցնեն՝ խոսել ՔՊ-ական պատգամավորների հետ ու ճնշում բանեցնել նրանց վրա։
«Կարո՞ղ են փողոցում գեներացնել 10, 20 հազար ակտիվ ցուցարարների, որպեսզի հանրային ճնշման արդյունքում պրոցեսը հաջողվի։ Սրանք հարցեր են, որոնց իրենք պետք է պատասխանեն, այլապես կարող է սկսվել մի գործընթաց, որը կանխավ դատապարտված է ձախողման, եւ ինձ մոտ հարց է առաջանում՝ ի՞նչ նպատակ են հետապնդում նախաձեռնողները եւ նրանց բացահայտ եւ ոչ բացահայտ աջակցողները, որ սկսում են մի գործընթաց, որի հաջողության հավանականությունը մեծ չէ։ Իրենց արդյո՞ք գործընթացն է ավելի հետաքրքիր, արդյո՞ւնքը, թե՞ ունեն մեկ այլ հետին նպատակ, որովհետեւ այս նախաձեռնության ձախողման թիվ մեկ շահառուն լինելու է Նիկոլ Փաշինյանը»,-համոզմունք է հայտնում «Հայաստան» խմբակցության պատգամավորը։
Ի տարբերություն Խաչատրյանի, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ասում է՝ գործընթացը դիտարկում ենք որպես իշխանափոխության փորձ։ «Հանրապետական կուսակցությունը եւ Հանրապետականի ֆրակցիան միշտ են հանդես եկել այն կարծիքով, որ իմպիչմենտն ամենագործուն եւ ամենահավանական գործիքն է՝ իշխանափոխության համար։ Դրա համար կան շատ պատճառներ, որոնց մասին մենք բազմիցս խոսել ենք, եւ կրկնելու իմաստ չկա։ Այս պահի դրությամբ «Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու չունի, պատրաստ է, ինչպեսեւ միշտ, այս տարիների ընթացքում, առանց որեւէ ամբիցիայի, սկսել քննարկումներն այդ հարցի շուրջ։ Նամակները ստացել ենք, ընթացքում կպատասխանենք, եւ կարծում եմ՝ նամակ գրողներն իրենք կհրապարակեն մեր խմբակցության պատգամավորների պատասխանները»,- մեզ հետ զրույցում ասում է Հայկ Մամիջանյանը, որի համոզմամբ, ՔՊ-ականների աջակցությունը հնարավոր կլինի ստանալ բացառապես լայն հասարակական ճնշման տակ։
«Հաշվի առնելով Փաշինյանի՝ պատմական մինիմումի վրա գտնվող ռեյտինգն այս պահին, դա առնվազն հնարավոր է, եթե չասենք ավելին։ Այնպես որ, մենք, ինչպեսեւ միշտ, այս տարիների ընթացքում, պատրաստ ենք պայքարի եւ կանենք ամեն ինչ, որպեսզի հասնենք մեր կուսակցության հռչակած հիմնական նպատակին՝ իշխանափոխությանը»,-շարունակում է Մամիջանյանը։ Ինչ վերաբերում է հանրային ճնշում գեներացնելուն, ըստ պատգամավորի, դա տեխնիկական հարց է՝ սկզբում պետք է հանրային ճնշում գեներացնել, ապա նոր իմպիչմենտի գործընթաց սկսե՞լ, թե՞ հակառակը։
«Մենք՝ ընդդիմությունը, որպես մեկ ամբողջություն, բոլորս միասին բազմիցս փորձել ենք սկզբում գեներացնել հանրային ճնշում, դրանից հետո անցնել իմպիչմենտի, գուցե ավելի արդյունավետ կլինի հակառակը»,- եզրափակում է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը։