Օր օրի նոր անուններ են ի հայտ գալիս՝ Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցող թեկնածուներ։ Գրել էինք, որ Հայաստանի երկրորդ քաղաքի համար պայքարի ելածների թիվը կարող է գերազանցել սպասելիքները։ Երեկ ԱԺ նախկին պատգամավոր, «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ իրենք էլ են մասնակցելու Գյումրու ընտրություններին՝ կա՛մ թեկնածու կառաջադրեն, կա՛մ կմիանան այն անձին, որը որեւէ առնչություն չունի խորհրդարանի ընդդիմադիր ուժերի եւ ՔՊ-ի հետ։ «Մենք ռադիկալ ընդդիմադիր գործիչների եւ կուսակցությունների հետ քննարկումներ ենք ունեցել մի շարք՝ ընտրություններին մասնակցելու առումով։ Նրանք բացարձակապես առաջատար ուժեր են՝ ըստ հարցումների։ Քննարկումները դեռ շարունակվում են»,- ասաց նա։
Գյումրեցիների շրջանում բարձր ռեյտինգ ունի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։ Ուրիխանյանը կաջակցի՞ նրան, համարո՞ւմ է նրան ռադիկալ ընդդիմություն։ «Ես իր հետ ունեմ քննարկումներ։ Ուզում եմ հուսալ, որ ընտրությունների արդյունքում որեւէ մեկը բացարձակ հաղթանակ չի տանելու, հետեւաբար ուզում եմ հուսալ, որ մեծ թվով ձայներ ունեցող ուժերը կկազմեն կոալիցիա»։ Իսկ Ռուբեն Մխիթարյա՞նը։ «Ես չեմ կարող մի մարդու դիտարկել իրական ընդդիմադիրների տիրույթում, որը բացահայտ հայտարարում է, որ Միքայել Մինասյանն իր ընկերն է։ Ինչպես գիտեք՝ նախորդ իշխանություններն են բերել սրանց, ինչպես ասում է Ալեն Սիմոնյանը՝ սկուտեղի վրա մատուցելով իշխանությունը։ Մեղադրանքն առաջին հերթին նախորդների հասցեին է, որոնց պատճառով մենք այսօր ունենք թուրք-ադրբեջանական գործակալ Նիկոլ Փաշինյան»,- ասաց նա՝ նշելով, որ բոլոր նրանց, ովքեր կապ ունեն նախորդների հետ, ինքը չի համարում իրական ընդդիմություն։
«Մենք անելիք չունենք նրանց հետ։ Եթե խորհրդարանական ընդդիմադիր ուժերի մեջ կան մարդիկ, որոնք ընդունում են, որ Սերժն է բերել Նիկոլին ու դրանով երկիրը գցել պատմական, ազգային ողբերգության ճիրանները, ապա մենք այդ մարդկանց հետ պատրաստ ենք, ուս-ուսի տված, սրանց հեռացնել։ Կապ չունի, թե որտեղից կլինեն այդ մարդիկ, ուզում է դժոխքից լինեն։ Բանաձեւը մեկն է՝ նախորդն է բերել ներկային, միմյանց հետ ձեւավորել են երկրում երեւացող եւ չերեւացող համակարգ»,-ասաց Ուրիխանյանը, որի կարծիքով՝ Գյումրու ընտրությունները ոչ թե մունիցիպալ, այլ քաղաքական, հակաիշխանական պայքարի մաս են կազմում, եւ ասում է, որ մասնակցելու են նաեւ համապետական ընտրություններին։ Բայց ընտրություններին մասնակցելու համար ՀՀ-ում մշտական բնակությունը պարտադիր պայման է, հետախուզման մեջ գտնող Ուրիխանյանն ինչպե՞ս է շրջանցելու օրենքի այդ պահանջը։ Պարզվեց, որ հիմա «երրորդ բարձրագույն կրթությունն է ստանում Ռուսաստանի ուսումնական հաստատություններից մեկում»։ Միայն այդ դեպքում է երկրից բացակայությունը համարվում հարգելի։ «Ես ենթարկվում եմ քաղաքական հետապնդման՝ կոչեր անելու համար։ Բայց որպեսզի նրանց թակարդը չգործի, հիմա ուսումնառություն եմ ստանում բուհում, իսկ Ընտրական օրենսգրքով՝ դա հարգելի պատճառ է»,- ասաց նա։