Դատավորների եվրոպական միությունը Հայաստանի դատական համակարգի հետ կապված բանաձեւ է ընդունել, որտեղ դատապարտել է թե՛ ԲԴԽ իրավաբան գիտնական անդամների ընտրությունը, թե՛ արդարադատության նախարարի՝ կարգապահական վարույթներ հարուցելու լիազորություններն ու ԲԴԽ-ի կողմից դատավորների լիազորությունների դադարեցման հանգամանքը եւ, ընդհանուր առմամբ, դատապարտել է նաեւ Կարեն Անդրեասյանին ու Երանուհի Թումանյանցին, որոնք, լինելով արդարադատության նախարար եւ տեղակալ, իրար ձեռք բռնած՝ եկան ԲԴԽ եւ դիրքավորվեցին իբրեւ «վերին աստիճանի անկախ ու միմյանց հետ ոչ մի կապ չունեցող անձինք»։
Դատավորների եվրոպական միությունն առաջարկում է․ «Երաշխավորել ԲԴԽ ոչ դատավոր անդամների թեկնածությունների առաջադրումը (ընտրությունը) բաց, թափանցիկ, որակական չափանիշների ներքո, ինչպես նաեւ՝ զերծ գործադիրի կողմից քաղաքական ազդեցության ենթարկվելուց։ Հարգել դատավորների խոսքի ազատության իրավունքը։ Զերծ մնալ դատավորների նկատմամբ չարաշահումներով կարգապահական վարույթների հարուցումից, որոնք միտված են զսպելու դատավորների կողմից դատական համակարգի եւ դրա կառույցների, ինստիտուտների վերաբերյալ հրապարակային խոսքը, վերանայել այն գործերը, վարույթները, որոնք նախաձեռնվել են արդարադատության նախարարի կողմից կարգապահական վարույթ հարուցելու լիազորության չարաշահմամբ»։
Հայաստանի դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանին հարցրինք, թե ինչ կառույց է Դատավորների եվրոպական միությունը, եւ նրա ընդունած բանաձեւն ինչ ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի դատական իշխանության համար։
«Պարտադիր ոչ մի նշանակություն չունեն, բայց եթե Հայաստանի Հանրապետության դատական իշխանության ղեկավարությունը կամ այդ համակարգով զբաղվողները մի քիչ պադոշ չլինեն, իրենց վրա կազդի այդ բանաձեւը»,- պատասխանեց Ազարյանը։ Հարցին՝ կարո՞ղ ենք ենթադրել, որ Կարեն Անդրեասյանը, իշխանությունների քաղաքականությունը՝ դատարանների հետ կապված, եվրոպացի դատավորների շրջանում հեղինակություն չունի։ «Ինձ թվում է՝ Կարեն Անդրեասյանն իր նեղ շրջապատում էլ հարգանք չի վայելում։ Ինձ այդպես է թվում։ Ուր մնաց՝ եվրոպական կառույցների մոտ, էսքանից հետո»,- պատասխանեց Ազարյանը։
Մամուլը նաեւ գրել է, որ Կարեն Անդրեասյանը ԲԴԽ է կանչել Վերաքննիչ քրեական դատարանի մի խումբ դատավորների եւ առաջարկել է քվեարկություն անել, դատարանի ստվերային նախագահ ընտրել, քանի որ Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Մխիթար Պապոյանի հետ ինքը չի կարողանում աշխատել, ներկաներին առաջարկել է իրենց միջից ստվերային նախագահ ընտրել, որի հետ ԲԴԽ-ն «կաշխատի», այսինքն՝ հրահանգներ կփոխանցի, նա էլ դատավորներին կհանձնարարի կատարել այդ հրահանգները։ Դատավորները, սակայն, քվեարկության չեն մասնակցել, դա վիրավորանք են համարել իրենց հասցեին ու հեռացել են, միայն դատավոր Արմեն Դանիելյանն ու ստվերային նախագահ Ռուբիկ Մխիթարյանն են մնացել։
Ալեքսանդր Ազարյանին հարցրինք, թե ինչպիսին պիտի լինի դատավորների արձագանքն այս խայտառակ դեպքին։
«Ես չեմ կարող ասել՝ Ձեր կողմից նկարագրված այդ փաստն իրականությանը համապատասխանո՞ւմ է, թե՞ ոչ, սակայն եթե համապատասխանում է, ապա այդ քայլով Կարեն Անդրեասյանն առնվազն Քրեական օրենսգրքի մեկ հոդված էլ ավելացրեց հետագայում իրեն առաջադրվող մեղադրանքին»,- ասաց Ազարյանը՝ հավելելով, որ Կարեն Անդրեասյանը թող ինքը փնտրի եւ գտնի այդ հոդվածը, որին համապատասխանում է։