ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանի և լրագրողների շփումը այսօր հարթ չանցավ խորհրդարանում։ Սուքիասյանը իրեն դուր չեկած հարցերից բորբոքվում էր, փրփրում, սկսում ձայնն ու ձեռքը միաժամանակ բարձրացնել լրագրողի վրա, թվում էր՝ կխփի նաև։ Սուքիասյանին հուշեցինք, որ իր կայքի (Araratnews.am) լրագրող Նանեն երկու օր առաջ մոտեցել էր Ռոբերտ Քոչարյանին ու ինչ հարց ասես՝ տալիս էր, օրինակ՝ հարցնում էր, թե քանի՞ մարդ է սպանել Քոչարյանը, բայց երկրորդ նախագահը ձայնը չէր բարձրացնում լրագրողի վրա, ինչո՞ւ է ինքը հիմա իր ձայնը բարձրացնում իրեն քաղաքավարի հարց ուղղող լրագրողների վրա։
Սուքիասյանին դուր չեկավ մեր համեմատականը. դժգոհեց, թե ինչու ենք իրեն Քոչարյանի հետ համեմատում։ Հետո սկսեց մի որոշ ժամանակ հանդարտ տոնով պատասխանել հարցերին, մինչև որ TV5-ի մեր գործընկերը նրան հարցրեց, թե մտավախություն չունի՞, որ իրեն էլ կարող է հրավիրեն հարցաքննության ապօրինի ծագում ունեցող գույքի թեմայով։
Այստեղ Սուքիասյանը դարձյալ փրփրեց, հունից դուրս եկավ, ու կարմրատակած երեսով սկսեց հարձակվել իրեն հարց ուղղած լրագրողի վրա․ «Դուք՝ ձեր Ռոբերտ Քոչարյանի ու մնացածի հետ գնացեք էդ միլիարդները բերեք։ 400-500 հատ բնակարան․․․ մարդիկ մնացել են առանց բնակարանի՝ Հյուսիսային պողոտան կառուցվել ա։ Ինձ մյուս նախագահն ա ասել։ Ասել ա՝ 320 բնակարան Ռոբերտ Քոչարյանից հետո մնացել ա մեզ»։
Hraparak.am-ը նորից հիշեցրեց գործարար պատգամավորին, որ երբ իրենց կայքի լրագրող Նանեն գնում Ռոբերտ Քոչարյանին ինչ հարց ասես՝ տալիս է, Քոչարյանը նրա վրա չի բղավում, իսկ ինքը հիմա բղավում է մեզ վրա։ Սուքիասյանն սկսեց արդարանալ․ «Չեմ բղավում, ավելի բարձր եմ խոսում»։
Հորդորեցինք ավելի ցածր խոսել։ Մի քիչ հանդարտվեց, հետո նորից շարունակեց նույն ոճով․ «Ապօրինի գույքը ձեր ու ձեր շրջապատինն ա, ձեր քաղաքական համակարգինն ա, նրանց զավակներինն ա, նրանց բարեկամներինն ա»։
Մանրամասն՝ տեսանյութում