Հարցազրույց

«Հրապարակ». Նիկոլն իր ականջի հետեւը կտեսնի` նոր սահմանադրություն չի տեսնի

«Հրապարակ». Նիկոլն իր ականջի հետեւը կտեսնի` նոր սահմանադրություն չի տեսնի

Իշխանափոխությունից մեկ տարի անց` 2019-ի մայիսին, Հայաստանը փոթորկվեց Նիկոլ Փաշինյանի անսպասելի կոչից։ Նա ազդարարեց «թավշյա հեղափոխության» երկրորդ, իր կարծիքով` ամենակարեւոր փուլի մեկնարկը, որ ժողովրդի իշխանությունը «հաստատվի նաեւ դատական համակարգում»: «Վաղը՝ 8։30-ից արգելափակում ենք հանրապետության բոլոր դատարանների մուտքերը եւ ելքերը, ոչ ոք ներս չի մտնում»,- հայտարարել էր վարչապետը, սակայն հասարակությունն իր վեցերորդ զգայարանով հասկացավ, որ սա աբսուրդ է, եւ մայիսի 20-ին դատարաններն արգելափակողները հազիվ 1000 կամ 2 հազար հոգի էին, որոնց զգալի մասը՝ «Իմ քայլի» պատգամավորներ, պաշտոնյաներ։ Ինքը` Փաշինյանը, որն այդ քայլը ձեռնարկել էր ի պատասխան Ռոբերտ Քոչարյանին  ազատ արձակելու որոշման, ժամանել էր Կենտրոն դատարան․ «Եկել եմ ասեմ, որ բոլորիդ սիրում եմ, հպարտանում եմ բոլորովդ, խոնարհվում եմ բոլորիդ առաջ: Դուխո՛վ»:

Բայց անգամ այդ օրերին, երբ նա դեռ երկիրը պարտության չէր տարել, երբ դեռ հասարակության մեջ մեծ էր ոգեւորությունն իր եւ 2018-ի «հեղափոխության» հետ կապված, շատերը գիտակցեցին, որ նման կոչն օրենքի խախտում է: Ժամանակին իրեն զայրացրած դատավորներին պատերազմ հայտարարած Փաշինյանն այժմ էլ կատաղի պայքարի է դուրս եկել Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ եւ հայտարարում է, որ ժողովրդի իշխանությունը պետք է հաստատվի նաեւ եկեղեցում: Հոգեւորականներին մեղադրում է կուսակրոնության ուխտը դրժելու, մանկապղծության եւ այլ արատների մեջ, կոչ է անում կաթողիկոսին՝ հրաժարական տալ եւ հեռանալ: Փաշինյանը կարո՞ղ է հասնել իր ուզածին։ Զրուցել ենք ՍԴ նախկին դատավոր Կիմ Բալայանի հետ:

- Փաշինյանը դատավորներին վեթինգի ենթարկելուց, ՍԴ-ն հակասահմանադրական ճանապարհով վերցնելուց հետո անցել է Եկեղեցուն: Նա գրառում է արել՝ հանրությանը կոչ անելով պայքարել կաթողիկոսի դեմ, նրան հանել Վեհարանից: 

- Ամբողջ աշխարհում կա մի սկզբունք. իշխանություններն ունեն երեք թեւ, եւ որեւիցե թեւ մյուսի նկատմամբ չունի գերիշխանություն, ուստի չունի իրավունք՝ միջամտելու մյուսի գործերին: Չնայած այս ամենին, Նիկոլ Փաշինյանի համար որեւէ կանոն, ընդ որում` սահմանադրական նորմ, չի գործում: Ես չեմ կարող հաստատ համոզմունք հայտնել. դա իր անգրագիտությունի՞ց է բխում, թե՞ այն ծրագրի շահերից, որի համար իրեն իշխանության են բերել: Երբ Սահմանադրական դատարանի լիազորությունները դադարեցրին` հակասահմանադրական ճանապարհով, եւ Նիկոլի ուզած մարդկանցով համալրեցին տվյալ դատարանը, ամեն բան սպասելի է նման իշխանությունից: Դատարաններ էին շրջափակում, բայց գործադիր իշխանությունն ի՞նչ իրավունք ունի խառնվել դատական իշխանության գործերին: Ո՞վ է նրան այդ իրավունքը տվել: Եթե մենք ունենայինք իսկապես իրավական պետություն, ապա ամեն ինչ այլ կլիներ: Դժբախտաբար, պետք է արձանագրենք, որ Հայաստանը մինչեւ 2018 թվականը շատ ավելի իրավական պետություն է եղել, քան 2018-ի հայտնի իրադարձություններից հետո: Հակառակ դեպքում գլխավոր դատախազն անմիջապես պետք է քայլեր ձեռնարկեր, երբ Փաշինյանն իր պաշտոնեական դիրքը չարաշահեց: Բայց, ինչպես տեսնում ենք, այսօր Գլխավոր դատախազությունը, Հակակոռուպցիոն կոմիտեն, Քննչական կոմիտեն, Ազգային անվտանգության ծառայությունը, Ոստիկանությունը լուծում են մեկ խնդիր. կատարել Նիկոլի կամքը, այլ խնդիր չեն լուծում: Նույն բանն այսօր անում է եկեղեցու հանդեպ, բայց Սահմանադրության մեջ հստակ գրված է, որ պետությունն ու եկեղեցին իրարից անջատ են, սակայն Նիկոլը ցանկանում է կաթողիկոս ընտրել՝ մոռանալով, որ Հայ առաքելական եկեղեցին համահայկական կառույց է, այլ ոչ թե` հայաստանյան: Արդեն ժողովրդի համբերության բաժակը վաղուց լցվել է, պիտի մարդիկ փողոց դուրս գան եւ համապատասխան քայլեր ձեռնարկեն:

- Դատարանների եւ ՍԴ-ի դեմ պայքարելը հասկանալի էր` դատարանները եւ ՍԴ-ն ենթարկեցնելն էր խնդիրը, իսկ ո՞րն է եկեղեցու դեմ գրոհի նպատակը:

- Այդ ամենն այնքան պարզ է: Եթե Վեհափառը չգնար եւ եկեղեցական խորհրդում չբարձրաձայներ Լեռնային Ղարաբաղի հարցը, նման խնդիր չէր առաջանա, Փաշինյանը նման հրահանգ չէր ստանա.... ես գտնում եմ, որ այս իշխանությունը թուրքական քաղաքականություն իրականացնող իշխանություն է:

- Փաշինյանը մտադիր է փոխել Սահմանադրությունը, գուցե եկեղեցին վարկաբեկում է, որ նոր սահմանադրության մեջ նրան զրկի՞ հատուկ կարգավիճակից:

- Փառք Աստծո, հայ ժողովուրդը գիտակցություն ունի: Նիկոլն իր ականջի հետեւը կտեսնի, բայց նոր սահմանադրություն չի տեսնի, ժողովուրդը դեռ ճանապարհ ունի գնալու, չի թողնի նման բան:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image