Քաղաքականություն

«Հրապարակ». Վահան Քերոբյանն աշխատում է ճապոնական շուկան գրավելու ուղղությամբ

«Հրապարակ». Վահան Քերոբյանն աշխատում է ճապոնական շուկան գրավելու ուղղությամբ

«Լարսի անցակետում ուժեղացված հսկողությունը թուլացվել է, սակայն հսկողություն, այնուամենայնիվ, դեռեւս առկա է»,- մեզ ասաց Լարսի անցակետում ՀՀ ներկայացուցիչ Վահան Հակոբյանը։ Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության հակառուսական հայտարարություններից հետո հայկական բեռների համար Լարսի անցակետը գրեթե ամբողջովին փակվել էր, հայկական արտադրության գյուղմթերքը, ձկնաբուծական արտադրանքը Ռուսաստան չէր մտնում, այլ հետ էր ուղարկվում։ Հարցին, թե այս պահին Լարսում քանի հայկական բեռնատար է կանգնած, Վահան Հակոբյանը նշեց, որ շուրջ 300 բեռնատար կա․ «Ընդհանուր, Հայաստանից դուրս է եկել եւ Լարսի անցակետում դեռ ձեւակերպում չի ստացել մոտ 300 բեռնատար։ Դրանց մի մասը դեռ ճանապարհին է, մյուս մասը Լարսի անցակետում ձեւակերպում է ստանում»։ Հարցրինք՝ այդ 300 բեռնատարներն ի վերջո անցնելո՞ւ են Ռուսաստան, թե՞ հնարավոր է, որ հետ ուղարկվեն։

«Այն խնդիրները, որոնք ունեցել ենք, այս պահին չունենք, խստացված հսկողությունը վերացել է, սակայն հսկողություն դեռ կա, եւ եթե ինչ-որ կարանտինային վիրուսներ են հայտնաբերվում բեռներում, ապա լինում են դեպքեր, երբ հետ են տալիս, բայց քանակական առումով մեծ չեն այդպիսի դեպքերը, հիմնականում բոլորն առանց խնդիր անցնում են»,- պատասխանեց Հակոբյանը։ Նաեւ հետաքրքրվեցինք, թե այն բեռնատարները, որոնք հետ են ուղարկվել, ի՞նչ բեռներով են բեռնված եղել։ «Վերջին 10 օրվա մեջ բեռները, որոնք հետ են ուղարկվել, թվով 10 բեռնատար է եղել, բեռնված են եղել լոլիկով, բիբարով»,- ասաց Հակոբյանը՝ հավելելով, որ կոնյակն ու ձկնամթերքն անցնում են։

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանից երեկ հետաքրքրվեցինք, թե ինչ ազդեցություն է ունեցել վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը հայկական արտադրանքի արտահանման տեմպերի ու սպառման վրա։ Հիշեցնենք, որ Լարսի անցակետի փակման առթիվ նա գրել էր, որ «Լարսի որեւէ անցակետ փակելը մեզ վրա չի ազդի», եւ կոչ էր արել, որ հայերը` Հայաստանում եւ արտերկրում, գնեն հայկական ապրանքներ, որ չեզոքացնեն Լարսի փակման հետեւանքները։

«Դեռ շատ վաղ է այդպիսի ազդեցությունը գնահատելը, բայց կարող եմ ասել, որ մենք քայլեր ենք ձեռնարկում, որպեսզի արտահանողներին երրորդ ուղղություններով ապրանքներ արտահանելիս օգնենք»,- ասաց Քերոբյանը։ Իսկ որո՞նք են այդ երրորդ ուղղությունները, օրինակ՝ Եվրոպա ի՞նչ ծավալի ապրանք է արտահանվում։ «Դե, չեմ ուզում հիմա ավելի մանրամասներ ասել, ուղղակի ուզում եմ ասել, որ աշխատանքը չի դադարել, ընթանում է, եւ մեր մյուս տարվա պլանների մեջ էլ կա բազմաթիվ ուղղություններով ջանքերը մեծացնել, որպեսզի արտահանման դիվերսիֆիկացիա լինի»,-  պատասխանեց էկոնոմիկայի նախարարը։

Դիտարկմանը, որ Հայաստանի արտահանման մոտ 40-50 տոկոսը ՌԴ է գնում, ինչպե՞ս են պատրաստվում այդպիսի ծավալի շուկա գտնել Հայաստանի համար, Քերոբյանն ասաց․ «Նախ պետք է նշեմ, որ մենք չենք ուզում ինչ-որ մի երկրի հաշվին մյուս երկրի հետ հարաբերությունները լավացնել, ուղղակի գիտենք, որ մեծ պոտենցիալ կա բազմաթիվ այլ ուղղություններով՝ բացի արդեն առկա, լավ աշխատող ուղղություններից, ինչի ուղղությամբ պետք է, իհարկե, տքնաջան աշխատել, որովհետեւ այդ նոր շուկաները, ըստ էության, այնքան էլ հայտնի չեն իրենց սպառողների վարքագծով, նախասիրություններով եւ այլն, եւ հաճախ անհրաժեշտություն է լինում այդ շուկայի համար նոր ապրանք արտադրել, եւ դա անհամեմատ ավելի լուրջ աշխատանք է, քան այն, ինչ հիմա արվում է»։

Նրան խնդրեցինք մանրամասնել, թե իր պատկերացրած նոր շուկաներն աշխարհի քարտեզի ո՞ր մասում են՝ արեւմուտքո՞ւմ, հարավո՞ւմ, թե՞ արեւելքում։ «Ես իմ խոսքում նշել եմ, այսօր էլ, ի դեպ, կառավարության որոշումներից մեկը վերաբերում էր ԵԱՏՄ-ի եւ Իրանի հետ ազատ առեւտրի համաձայնագրին, որը եւս շատ կարեւոր քայլ է, որպեսզի մեր առեւտրային շրջանառությունն Իրանի հետ ընդլայնվի։ Եթե ուղղությունների մասին ասեմ, ապա մեզ համար ամենագրավիչ ուղղություններն Արեւելյան Ասիայի երկրներն են՝ Հնդկաստան, Չինաստան, Ճապոնիա եւ այլն։ Գիտեք, որ 2025 թ. Հայաստանը մասնակցելու է «Օսակա 2025»  էքսպոյին եւ մասնակցելու է լուրջ տաղավարով, եւ մեր նպատակն է՝ մինչ այդ մեր ապրանքները հայտնի դարձնել ճապոնական հասարակությանը, բայց նաեւ Մերձավոր Արեւելքն է մեզ համար կարեւոր՝ արաբական երկրները, Եվրոպա, Ամերիկա, բոլոր ուղղություններով ունենք մեծ պոտենցիալ»,- պատասխանեց Քերոբյանը։ Շատ կուզենայինք մեր աչքով տեսնել, թե հայկական որ արտադրանքն է վաճառվելու Ճապոնիայում:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image