Հարցազրույց

«Հրապարակ»․ Զանգահարել՝ կանչել են, գնացել եմ

«Հրապարակ»․ Զանգահարել՝ կանչել են, գնացել եմ

Աննա Հակոբյանի «Կրթվելը նորաձեւ է» հեշթեգի շրջանակներում հերթական հանդիպմանը մասնակցել են երկրի թիվ մեկ ստախոս, 44-օրյա պատերազմի պարտության խորհրդանիշ Արծրուն Հովհաննիսյանը, Վայոց Ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը, հայտնի խոհարար Սեդրակ Մամուլյանը: Ի՞նչ են քննարկել․ հարցեր ուղղեցինք Սեդրակ Մամուլյանին:

- Ի՞նչ թեմայով էր հանդիպումը: Ի՞նչ քննարկեցիք:

- Ընդհանուր արշավ են հայտարարել, որ կրթվելը նորաձեւ է, բայց եթե ես մի տեղ կամ, ուրեմն խոսվեց խոհանոցի մասին, խոհարարի կրթության, մանավանդ որ մենք նոր ավարտեցինք ուսումնարանների «խոհարարություն» դասավանդող մասնագետների վերապատրաստման աշխատանքները: Ընդհանրապես ներկայացրինք նաեւ ազգային խոհանոցի ռազմավարական հայեցակարգ, ինչպես նաեւ՝ հանրապետության խոհարարական քարտեզի վերականգնման հարցեր:

- Իսկ ի՞նչ կապ ունի Աննա Հակոբյանը: Ի՞նչ եք ակնկալում այդ հանդիպումից, գուցե՝ օգնությո՞ւն:

- Ես չգիտեմ: Իմ խոսքում նշեցի, որ օգնելը ենթադրում է պետական եւ մասնավոր սեկտորի համատեղ գործունեություն, բայց մենք եւ տուրիզմի ֆեդերացիան մեր ծրագրերը կամաց իրականացնելու ենք: Ես ոչ մի ակնկալիք էլ չունեմ, ինձ զանգահարել կանչել են, ես էլ՝ որպես այդ ոլորտի մարդ, մտահոգ մեկը, ներկայացել եմ հանդիպմանը: Ինձ մոտ հակառակն է՝ թող ինձնից ակնկալիք ունենան: Ինձնից ակնկալում են ազգային խոհանոցի զարգացման մասին հարցեր:

- Կարծում եք՝ Աննա Հակոբյանը կարեւորո՞ւմ է ազգային խոհանոցը:

- Առաջին անգամ ՀՀ անվտանգության ռազմավարության մեջ խոհանոցը նշվել է որպես խիստ կարեւոր երեւույթ:

- Հակոբյա՞նն է նշել:

- Չգիտեմ՝ ո՞վ է կազմել: Ես ուղղակի տեքստը կարդացի:

- Էլ ի՞նչ թեմաներ քննարկեցիք:

- Տարբեր ոլորտի մարդիկ էին, ես իմ ոլորտը ներկայացրի, ծանոթ-անծանոթ մարդիկ էին՝ ինչ-որ ոլորտներ ներկայացնող:

- Առաջ ընդդիմադիր հայացքներ ունեիք, հիմա իշխանակա՞ն եք:

- Ինձ միշտ ընդդիմադիրներն իշխանական են համարում, իշխանականները` ընդդիմադիր:

- Կարծում եք՝ Աննա Հակոբյանը կարո՞ղ է «կրթել» հանրությանը:

- Ո՞վ ասաց, որ այդպես եմ համարում: Նա չի կրթել, չի կրթում եւ չի էլ կրթելու:

- Բայց «Կրթությունը նորաձեւ է» խորագիրն ունի հանդիպումը:

- Այո, այդ անվանումն ունի, ինձ հետաքրքրեց, գնացի: Ես չեմ համարում, որ Աննա Հակոբյանը կրթելու է մեզ: Դրա մասին չէ խոսքը: Հավաքույթ է եղել, մարդիկ էին, ովքեր մտահոգ են կրթության մասով: Աննա Հակոբյանը ո՞նց կարող է կրթել, իր ընտանիքում կարող է, բայց… Կրթությունը սկսվում է լավ դաստիարակությունից:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image