Քաղաքականություն

Պակիստանի հետ հարաբերությունները` պրոթուրքականության հաջորդ քա՞յլ

Պակիստանի հետ հարաբերությունները` պրոթուրքականության հաջորդ քա՞յլ

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Պակիստանի Իսլամական Հանրապետության փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Մոհամմադ Իշաք Դարը օրերս ստորագրել են Հայաստանի և Պակիստանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին համատեղ կոմյունիկե։ Ստորագրման արարողությունը կայացել է Չինաստանի Թիենծին քաղաքում անցկացվող Շանհայի համագործակցության կազմակերպութան գագաթաժողովի շրջանակներում։

Կոմյունիկեի ստորագրմամբ Հայաստանը և Պակիստանը հայտարարում են, որ հաստատում են դիվանագիտական հարաբերություններ։ Երկու երկրների կառավարությունները ձգտում են զարգացնել բարեկամական հարաբերություններ՝ ՄԱԿ կանոնադրությանը համապատասխան՝ ներառյալ ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության փոխադարձ հարգման, ագրեսիայի բացառման, միմյանց ներքին գործերին չմիջամտելու, հավասարության, փոխշահավետության և խաղաղ գոյակցության սկզբունքները։

Հիշեցնենք, որ Պակիստանն այն պետությունն էր, որը որևէ կերպ ներգրավված չլինելով Արցախյան հակամարտությունում, չունենալով սահմաններ ոչ Հայաստանի, ոչ էլ Արցախի հետ, ուղիղ մասնակցություն է ունեցել 44-օրյա պատերազմում Արցախի և Հայաստանի դեմ: Իսկ պատերազմից հետո էլ պարբերաբար Պակիստանի նախագահը կամ բարձրաստիճան այլ պաշտոնյաներ այցելել են Արցախ եւ Թուրքիայի, Արդբեջանի նախագահների հետ միասին հակահայկական բովանդակությամբ հայտարարությունների անմիջական մասնակիցն են եղել:

«Հրապարակը» քաղաքագետ Հրանտ Միքայելյանից հետաքրքրվեց, Պակիստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը պրոթուրքական քաղաքականության հերթական դրսևորո՞ւմն է, ինչին քաղաքագետը պատասխանեց` իհարկե, այնքան, որքան Հայաստանի կողմից Պաղեստինի ճանաչումը, այնքան, ինչքան հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը դառնալու է պանթուրքիզմի համար պլացդարմ, այնքան, ինչքան Հայաստանը Նախիջևանի համար անխոչընդոտ ճանապարհ է ապահովելու, ինչը միջանցք է փաստացի:

Նույնքան, ինչքան բոլոր նարատիվները, որոնք տարածվում են այս իշխանությունների կողմից:
«Սա ևս թուրքամետ քայլ է», -շեշտեց Միքայելյանը: Պետք է շեշտը դնել Հնդկաստանի դիրքորոշման վրա, որը միշտ եղել է բարեկամ պետություն Հայաստանի համար: Այդ բարեկամությունը վերջին պատերազմից հետո սկսեց դառնալ ռազմավարական, սակայն պետք է հաշվի առնել ևս մեկ հանգամանք, հետաքրքրությունը զարմանալիորեն դրսևորվեց ոչ թե Հայաստանի կողմից, այլ Հնդկաստանի կողմից:

«Այսինքն, Հնդկաստանի հետ հարաբերությունները զարգացնելու ավելի մեծ կարիք Հայաստանն ունի, բայց նախաձեռնողականությունը դրսևորվեց Հնդկաստանի կողմից: Եվ այսպիսով, մենք տեսնում ենք, որ այն նախաձեռնողական քաղաքականությունը, որ վարվում է այս իշխանությունների կողմից՝ թուրքամետ է, իսկ այն մնացած ուղղություններով քաղաքականությունը պայմանավորված է այդ երկրների հետաքրքրությամբ, այլ ոչ թե Հայաստանի ակտիվությամբ՝ այս պահի դրությամբ»,- շեշտեց Միքայելյանը:

Հետաքրքրվեցինք, իսկ Պակիստանի հետ հարաբերությունների ի՞նչ հնարավոր զարգացումներ կարող են լինել: Միքայելյանը կարծում է, որ այդ հարաբերությունները հետագայում կարող են կրկին ընդհատվել, օրինակ, եթե Պակիստանը համարի, որ Հայաստանը Ադրբեջանի հետ վատ հարաբերությունների մեջ է գտնվում: «Այս պահի դրությամբ մենք կարող ենք համարել, որ մի փոքր կթուլանա լարվածությունը այդ պետության հետ, սակայն Հնդկաստանի պարագայում էլ որոշակի լարվածություն հնարավոր է, ենթադրելի է, որ կարող է լինել»,-եզրափակեց Հրանտ Միքայելյանը:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image