Հասարակություն

«Հրապարակ»․ Վարուժան Ներսիսյանի գործերով դատավորները մեկը մյուսի ետեւից ինքնաբացարկ են հայտնում

«Հրապարակ»․ Վարուժան Ներսիսյանի գործերով դատավորները մեկը մյուսի ետեւից ինքնաբացարկ են հայտնում

Քրեական գործերով հակակոռուպցիոն դատարանում քննվում է Իջեւանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի վերաբերյալ քրեական երկու գործ: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 1999-2011-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով Իջեւան համայնքի ղեկավարի պաշտոնը, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի համաձայն, ի թիվս այլնի, ունենալով համայնքի ավագանու որոշմամբ եւ սահմանված պայմաններով համայնքի սեփականություն համարվող գույքն օտարելու կամ օգտագործման տրամադրելու, ինչպես նաեւ համայնքի անունից հանդես գալու լիազորություններ, հանդիսանալով պաշտոնատար անձ, 2 դեպքով «պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որով էական վնաս է պատճառել համայնքի օրինական շահերին», իսկ 1 դեպքով օրինականացրել է ապօրինի գործողության արդյունքում հանցավոր ճանապարհով ստացված անշարժ գույքը:

Այդ գործով նրա որդուն՝ Նաիրի Ներսիսյանին, մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, միջոցներ տրամադրելով, օժանդակել է Իջեւան համայնքի ղեկավար  Վ․ Ներսիսյանին՝ վերջինիս պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն, ինչպես նաեւ խմբի կազմում օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված անշարժ գույքը: Հորը` Վ․ Ներսիսյանին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով («Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը») (2 դրվագ) եւ 190 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով («Հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից»)։ Որդուն` Նաիրի Ներսիսյանին մեղադրանք է առաջադրվել 38-308 հոդվածի 1-ին մասով («Պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն հանցակցությունը») եւ 190 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով։ Վ․ Ներսիսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը, Ն․ Ներսիսյանի նկատմամբ՝ վարչական հսկողությունը։ 

2025թ․ դեկտեմբերի 2-ին  քրեական գործը հանձնվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Սարգսյանին։ Դեկտեմբերի 8-ին անցկացված նախնական դատալսումների ժամանակ հանրային մեղադրող Ա․ Այվազյանը բացարկ է հայտնել  դատավոր Վ․ Սարգսյանին: Միջնորդության  մեջ մեղադրողը գրել է․ «2022թ․ օգոստոս ամսվանից մինչեւ 2023թ․ ապրիլ ամիսը աշխատել եմ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Սարգսյանի կազմում՝ որպես դատավորի գործավար։ Ավելորդ չէ նշել, որ դատավոր Վ․ Սարգսյանի հետ ունեցել եմ աշխատանքային փոխհարաբերություններ եւ հիշյալ նախկին փոխհարաբերությունների բնույթով պայմանավորված՝ գտնում եմ, որ օբյեկտիվ  դիտորդի մոտ լուրջ կասկածներ կարող են առաջանալ վերջինիս անկողմնակալության մեջ։ Հատկանշական է, որ ես սույն քրեական գործին ներգրավվել եմ դեռեւս նախաքննության ընթացքում, ծանոթ եմ քրեական գործի ամբողջ ծավալին։ Մասնավորապես՝ մեղադրյալների նկատմամբ հանրային քրեական հետապնդումներ հարուցվել են իմ կողմից կայացված որոշումներով, մեղադրական եզրակացությունը եւս հաստատվել է իմ կողմից: Իսկ քննարկվող գործը մակագրվել է դատավորին միայն 2025թ․ դեկտեմբերի 2-ին»։ Այս միջնորդությունից հետո դատավոր Վ․ Սարգսյանն ինքնաբացարկ է հայտնել եւ գործը հանձնել  Հակակոռուպցիոն  դատարանի նախագահին՝  վերաբաշխման։ Դեկտեմբերի 15-ին Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Լեւոն Պետրոսյանը որոշել է ստանձնել այդ քրեական գործով վարույթը։ Նախնական դատալսումների վերջին նիստը կայացել է հունվարի 23-ին։ 

Երկրորդ քրեական գործով Վ․ Ներսիսյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, «զբաղեցնելով համայնքի ղեկավարի պաշտոնը, Իջեւան համայնքի Անկախության 13/41 հասցեում գտնվող 0,0905 հա մակերեսով անշարժ գույքն իրենը դարձնելու շահադիտական դրդումներից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որով  էական վնաս է պատճառել համայնքի օրինական շահերին, այնուհետեւ պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ օրինականացրել է հիշյալ ապօրինի գործողության արդյունքում հանցավոր ճանապարհով ստացված վերը նշված անշարժ գույքը»։ Վ․ Ներսիսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական  օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով եւ 190 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով («Հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը, որը  կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով»), 441 հոդվածի 1-ին մասով («Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը, կամ լիազորություններն անցնելը») եւ 296 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով («Փողերի լավացումը, որը կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված  ազդեցությունն օգտագործելով»)։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել գրավը։ 

Սակայն այս գործով եւս դատավոր Վարդգես Ստեփանյանը 2025թ․ հուլիսի 14-ին որոշել է ինքնաբացարկ հայտնել այն հիմքով, որ մեղադրյալ Վարուժան Ներսիսյանն իր համակուրսեցի Նելլի Ներսիսյանի հայրն է, ինքն ուսանողական տարիներին եւ դրանից հետո Վ․ Ներսիսյանի դստեր հետ պահպանել է ընկերական հարաբերություններ։ Քրեական գործով վարույթը հիմա էլ ստանձնել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը։ Այդ գործով նախնական դատալսումների հաջորդ նիստը նշանակված է փետրվարի 9-ին։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image