Քաղաքականություն

Հեռացումը խորը պատմություն ունի․ ՀՅԴ Բյուրոյի նախագահ

Հեռացումը խորը պատմություն ունի․ ՀՅԴ Բյուրոյի նախագահ

Մարտի 8-ին Հայ Հեղափոխական Դաշնակցության գերագույն գործադիր մարմինը՝ Բյուրոն, հայտարարություն էր տարածել, համաձայն որի՝ ՀՅԴ. շարքերից արտաքսվել են Արևմտյան Ամերիկայի կազմակերպական շրջանի անդամներ Ավետիք Իզմիրլյանը, Քարմեն Օհանյանը, Լևոն Կիրակոսյանը, Կարո Իսբենճյանը։

Արտաքսումը կատարվել է «ծանր հակակարգապահական հանցանքների համար»։

«Ամերիկայի Միացյալ Նահանգների Արևմտյան շրջանի կառույցում երկար տարիներ կուսակցական պատասխանատու պաշտոններ վարած մի խումբ, հիմնականում փառատենչությունով տարված, իրենց մի շարք համախոհներով ու որոշ այլ մոլորյալներով, ՀՅԴ Կազմակերպական կանոնների թյուր ու կամայական մեկնաբանություններով խախտել են իրենց դաշնակցականի երդումը՝ «միշտ հավատարիմ մնալ Հ.Յ.Դաշնակցության Ծրագրին, Կանոնագրին եւ որոշումներուն»։ 

«Այս խումբը ունեցել է խիստ հակակարգապահական ընթացք. ի շարս այլ հակականոնագրային քայլերի՝ «գումարել» է ապօրինի «ժողով» և «ընտրել»՝ ապօրինի «մարմին», որ ապօրինի կերպով հանդես է գալիս «ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի Կենտրոնական Կոմիտե» անունով, կուսակցության պաշտոնաթերթ «Ասպարեզ»-ը իր վերահսկողության տակ է պահում, զավթել է կուսակցապատկան անշարժ ու շարժական գույքեր ու դրամատնային հաշիվները», - ասվում է հայտարարության մեջ։  

Բյուրոն նշել էր, որ ՀՅԴ 130-ամյա պատմության ընթացքում նման երևույթներն աննախընթաց չեն։ «Վստահ ենք, ինչպես անցյալում՝ ներկայումս ևս կուսակցությունը կհաղթահարի այս տագնապն էլ և իր Արևմտյան Ամերիկայի շրջանը շուտով կվերագտնի իր աշխույժ դերը Դաշնակցության հայրենանվեր գործունեության եւ հայության ծառայության առաքելության ոլորտներից ներս»:
«Հրապարակ» թերթը ՀՅԴ-ականների հեռացման հետ կապված մեկնաբանության համար կապ հաստատեց ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանի հետ։

«Հայտարարություն արվել է», - ի պատասխան ասաց ՀՅԴ գործիչը։ 

Հարցին՝ «քաղաքական իրադարձությունների հետ կապ ունի՞ նրանց հեռացումը, այսինքն՝ իշխանությունների հետ ինչ-որ պայմանավորվածությունների՞ են գնացել», պատասխանեց․ «Դե, դա ավելի խորը պատմություն է։ Երկար խոսելու բան է։ Հայտարարություն կա։ Այդ հայտարարությունով ամեն ինչ ասված է։ Իրենք այդ հայտարարությանը պատասխանել են անկապ ձևի։ Դուք վերցրեք հայտարարությունը, որը եղել է շատ ավելի շուտ։ Բյուրոյի հայտարարության մեջ ամեն ինչ ասված է»։ 

ՀՅԴ Բյուրոյի անդամ (Հայաստան) Կիրո Մանոյանը չցանկացավ այլևս մեկնաբանություն տալ այս թեմայով՝ նշելով, որ «իմաստ չունի դրա մասին խոսելը։ «Երկիրը կորցնում ենք, դրա մասին խոսենք», - եզրափակեց նա։ Այս թեմայով Մանոյանը խոստացավ խոսել երկուշաբթի օրը։

Ավելի վաղ՝ մարտի 11-ին, «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Սարգիս Հարությունյանին տված հարցազրույցում անդրադառնալով Կենտրոնական Կոմիտեի անունից արված հայտարարությանը՝ Մանոյանն ասել էր, որ «Ժողովը ինքը իր էությամբ հակականոնագրային է, կանոնագրով պահանջված պայմանները չէր լրացրել, և դրա համար էլ պետք չէր, որ գումարվեր։ Իսկ մնացածը կազմակերպության կանոններով ճշտված աշխատելաձև է, որ տարբեր իրավիճակներում կուսակցությունը շարժվելու հնարավորություն կունենա։ Եվ դա այնպես չէ, որ այս նշանակովի մարմինը առհավետ նշանակված պիտի մնա։ Դա էլ փորձելու է այս քովիդի պայմաններում ընտրություններ կազմակերպել և այդ ընտրությունները իրենց արդյունքը կտան»։

Լրագրողի հարցին՝ ինչո՞ւ Կենտրոնական կոմիտե նշանակելու փոխարեն ընտրություններ չեն նախաձեռնվում, Մանոյանը պատասխանել էր․ «Էս քովիդի պատճառով չէին կարողացել ժողովի բոլոր պատգամավորները ընտրվեն։ Եղել են ընտրություններ։ Այսինքն՝ պետք է ամենաներքևի միավորը ընտրի իր պատգամավորներին, իսկ քովիդի պատճառով չէին կարողացել բոլորը ընտրել։ Եվ դեռ չեմ խոսում ընտրվածների խախտումների մասին»։

ՀՅԴ Բյուրոյի անդամը նշել էր, որ ընտրություններ տեղի կունենան հնարավորինս շուտ․ «Երբ որ պայմանները թույլատու կլինեն, որ ընտրվեն պատգամավորներ և կարելի լինի հավաքվել»։

ԱՄՆ Արևմտյան հատվածում ՀՅԴ անշարժ և շարժական գույքի ճակատագրի մասով ՀՅԴ գործիչն ասել էր, երբ այդ հարցը լուծեն, կհայտարարվի դրա մասին։

Ի պատասխան ՀՅԴ Բյուրոյի՝ մարտի 8-ին արված հայտարարությանը Բյուրոյի կողմից ապօրինի հռչակված «Կոնտրոնական Կոմիտեն» մարտի 10-ին «Ասպարեզ» պաշտոնաթերթում հայտարարություն էր տարածել՝ ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը որակելով «մոլորեցնող»։ 

«Մեր կազմակերպական շրջանին հասցվող վերջին ու հերթական հարվածը եկավ, երբ ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեությունը պատրաստվում էր գումարելու իր 55-րդ Շրջանային ժողովը, որ, ի շարս այլ քննարկումների, նաև պիտի ընտրեր իրեն ղեկավարող Կենտրոնական կոմիտե: Մեզ համար անհասկանալի, և կանոնագրային հասկացողությունների մեջ չտեղավորվող քայլով, ՀՅԴ Բյուրոն կասեցրեց ժողովը և նշանակեց Կենտրոնական կոմիտե՝ այսպիսով խախտելով շարքայինների ընտրելու իրավունքն ու ոտնակոխելով ժողովրդավարության հիմնական արժեքը, որի կրողը եղել է ու պետք է լինի Դաշնակցությունը: Այս իսկ պատճառով եւ ի հեճուկս Բյուրոյի՝ արգելակելու փորձերին, եւ այլ ելք չգտնելով՝ Շրջանի կազմակերպական միավորների պատգամավորները, կազմակերպական կարգ ու կանոնը հարգելով, գումարեցին Շրջանային ժողով և ընտրեցին Կենտրոնական կոմիտե: Այս քայլը վայելում է ոչ միայն ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի, այլ նաև նման քայլերի թիրախ դարձած այլ շրջանների դաշնակցականների լայն զանգվածին աջակցությունը», - նշված է հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ «անհեթեթ, քանդիչ և խիստ դատապարտելի են» Բյուրոյի այն պնդումները, որ կուսակցապատկան անշարժ ու շարժական գույքերն ու դրամատնային հաշիվները «զավթված են»։

Կառույցը նշել է, որ ամեն բան առաջին հերթին վերահսկվում է ԱՄՆ դաշնային ու Քալիֆոռնիայի օրենքներով: «Դրանց հաշիվները  տնօրինվում են անկախ հաշվապահական հաստատությունների կողմից, որոնք, հերթական քննություններ կատարելով, դրանց արդյունքները հաղորդում են Ներքին եկամուտի ծառայության (IRS), երկրի օրենքներին համաձայն: Այս բոլորը գրեթե անկարելի է դարձնում, որ որևէ անհատ կամ խումբ «զավթի» որևէ գումար կամ հիմնարկ: Վստահ ենք եւ ակնկալում ենք, որ կուսակցության բոլոր շրջանների մեջ թափանցիկության այս սկզբունքները հարգվում են», - ասվում է հայտարարության մեջ:

ՀՅԴ պաշտոնական կայքում մարտին 12-ին հրապարակված հայտարարության մեջ նշվում է , որ «Երբ մեր կուսակցությունը, մեր երիտասարդությունը, մեր համակիրները երկուսուկես տարի շարունակ բացահայտորեն ենթարկվում էին վարչապետի, նախարարների, պատգամավորիկների սպառնալիքներին ու լուտանքներին Արևմտյան Ամերիկայի շրջանից մի խումբ անձինք, ի զարմանս բոլորի, «բարեկամություն» էին փնտրում այդ նույն իշխանության հետ, սրեր էին ճոճում ՀՅԴ Բյուրոյի դեմ և փոփոխություններ պահանջում կուսակցության ռազմավարության մեջ, որ մոտենանք, գործակցենք, համաձայնենք, այժմ արդեն բացահայտված թուրքամետ վարչապետի և նրա թիմի հետ: Այս նույն խմբակն էր, որ նյութական խոշոր ներդրումներով Լոս Անջելեսում դիմավորեց վարչապետին և հովանավորեց ու հունավորեց նրա տիկնոջ, իբր բարեսիրական, ֆոնդը, որին նվիրած սփյուքահայության օժանդակությունները մինչ օրս էլ պարզ չէ, թե ինչի՞ վրա են ծախսվում»:

Հայտարարության մեջ նաև նշված է, որ այս հեռացված անդամներն «այսօր փորձում են, ՀՅԴ շարքերը պառակտելով, հարվածել հայաստանյան և սփյուռքյան քաղաքական կյանքում ապիկար իշխանություններին գահընկեց անելու գլխավոր գործող ուժերից մեկին՝ ՀՅԴ-ին, որը, բնականաբար, համարվում է վարչապետի, նրա աթոռապաշտ թիմի և ինչպես պարզվում է թուրքիայի, ադրբեջանի, գորշ գայլերի ու էլի նման հակահայկական տանդեմի դեմ ծառացած և աշխատող համար մեկ թշնամին»։

Այս վերջին հայտարարությունից կարելի է եզրահանգել, որ Դաշնակցությունից հեռացված Ավետիք Իզմիրլյանը, Քարմեն Օհանյանը, Լևոն Կիրակոսյանը, Կարո Իսբենճյանը ինչ-որ ստվերային բանակցությունների մեջ են  իմքայլականների հետ։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image