Հայաստանում նոր կարգով վաճառվող մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշները կարճ ժամանակում մեծ հետաքրքրություն են առաջացրել քաղաքացիների շրջանում։ Ընդամենը երեք օրվա ընթացքում 224 անձ ձեռք է բերել նման համարանիշ՝ պետբյուջե վճարելով ընդհանուր 234 մլն 400 հազար դրամ։
Այս մասին հայտնել է ՆԳՆ հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչության պետի տեղակալ Տիգրան Գևորգյանը։
Նրա խոսքով՝ ամենապահանջվածը եղել է 600 հազար դրամ արժողությամբ համարանիշների տարբերակը։ Ընդհանուր վաճառված 224 համարանիշներից 165-ը հենց այս արժեքային խմբին են պատկանել։
Նոր չափորոշիչներով՝ մեծ պահանջարկ ունեցող համարանիշները քաղաքացիները կարող են ձեռք բերել առանց էլեկտրոնային աճուրդի՝ սահմանված վճարներով։ Դրանք ներառում են թվերի ու տառերի տարբեր համադրություններ, օրինակ՝ նույնական կամ կրկնվող թվերով տարբերակներ։
Այս խմբի համարանիշների արժեքը սահմանվել է 250 հազարից մինչև 8 միլիոն դրամի սահմաններում՝ կախված դրանց առանձնահատկությունից։
ՆԳՆ ներկայացուցիչների փոխանցմամբ՝ նոր մոտեցումը մշակվել է քաղաքացիների պահանջարկը և հանրային առաջարկությունները հաշվի առնելով։
Միաժամանակ առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների տրամադրման կարգը չի փոխվել։ Խոսքը հատկապես 4 կամ 5 զրո պարունակող համարանիշների մասին է, որոնք շարունակում են վաճառվել միայն էլեկտրոնային աճուրդների միջոցով։
Տիգրան Գևորգյանը նշել է, որ նման համարանիշների էլեկտրոնային աճուրդների համակարգը գործում է 2024 թվականի փետրվարի 1-ից։ Այդ ժամանակահատվածում վաճառվել է 49 առանձնահատուկ համարանիշ, իսկ պետական բյուջե մուտքագրվել է 892 մլն դրամ։ Միջին հաշվարկով՝ մեկ համարանիշի արժեքը կազմել է մոտ 18 մլն դրամ։