Քաղաքականություն

Եթե իրենք ի վիճակի չեն հայրենիք պաշտպանելու, ապա հայրենիքը տալու իրավունք չունեն

Եթե իրենք ի վիճակի չեն հայրենիք պաշտպանելու, ապա հայրենիքը տալու իրավունք չունեն

Երեկ աշխատանքից ազատվեց պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը, եւ նրա փոխարեն նշանակվեց փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, ով բանակի հետ կապ ունի այնքանով, որ ժամկետային զինվորական ծառայություն է անցել եւ բանակում մարդ է դանակահարել ու դատապարտվել ազատազրկման։ Իսկ հետագայում իր կենսագրությունից թաքցրել է այդ փաստը: Սուրեն Պապիկյանի նշանակումը տարաբնույթ արձագանքների է արժանացել:

Մենք փորձեցինք պարզել ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կարծիքը: «Այդ մեկնաբանությունը Դուք պետք է ստանաք հանրապետության կառավարության աթոռին նստած անձնավորությունից՝ Նիկոլ Փաշինյանից»,- ասաց նա։ Նրան հարցրինք՝ մարտական ուղի չանցած անձը կարո՞ղ է ղեկավարել պաշտպանական թիվ 1 գերատեսչությունը:

«Ես հիմա չեմ կարող գնահատական տալ` կարո՞ղ է ղեկավարել, թե՞ չի կարող այդ անձը պաշտպանության նախարարությունը, բայց երկու բան կարող եմ ասել, որ պաշտպանության նախարարի պաշտոնը քաղաքական պաշտոն է, եւ քաղաքական թիմն է որոշում, թե ում նշանակել, բայց, միեւնույն ժամանակ, այդ քաղաքական պաշտոնում նշանակված անձնավորությունը պետք է նաեւ ինչ-որ ճանապարհ անցած անձնավորություն լինի։ Գտնում եմ, որ այսօր կառավարության մեջ գտնվող անձինք, որոնք երկիրը տարել են պարտության, այդ ճանապարհն իրենք չեն անցել, եւ ամենակարեւորը՝ որ պատերազմի ժամանակ եւ պատերազմից հետո նույն տեղական ինքնակառավարման մարմինների հետ կապված այդ անձնավորությունը, որ բավականին լուրջ խնդիրներ պիտի կատարեր նաեւ խորքում` մեր պաշտպանության օպերատիվ կառավարման ուղղությամբ, չի իրականացրել։ Մնացածն արդեն իրենց որոշումն է, ես չեմ կարող մեկնաբանել»,- պատասխանեց Օհանյանը։ Հարցրինք նաեւ` կարծիք կա, որ Պապիկյանի նշանակումը հետեւանքն է այն բանի, որ Նիկոլ Փաշինյանն այժմ իր շրջապատում ոչ մեկի չի վստահում։

«Դե, եթե վստահված անձնավորություն չունի ինքն իր շրջապատում, դա նշանակում է, որ ինքն իր պետական կառավարման գործունեության մեջ լիարժեք չի կարողանում աշխատել, որովհետեւ, եթե չունես այն վստահելի համակարգերը, այդ համակարգերում այն վստահելի անձինք, որոնք քո ծրագիրն առաջ են տանում, դա նշանակում է, որ այդ ծրագիրը ոչ լիարժեք է իրականացվում, իսկ դա փաստ է, որ այսօր կառավարության ծրագրերը մինչեւ պատերազմը չեն իրականացվել, նրանք երկիրը տարել են պատերազմի, պատերազմի ժամանակ ոչինչ չեն արել՝ երկիրը պատշաճ կերպով ղեկավարելու, երկիրը պատերազմական ռելսերի վրա փոխադրելու, բանակին թիկունք կանգնելու համար, եւ պատերազմից հետո էլ ոչ մի լիարժեք ռազմավարական վերանայում չեն իրականացրել՝ իրավիճակին գնահատական տալու, դրանից դուրս գալու ելքեր գտնելու համար։ Եթե իրենք անընդհատ փոփոխություններ են կատարում, արագ փոփոխություններն են առաջին պատճառները եղել, որ պատերազմի ժամանակ պաշտպանության նախարարության օգտակար գործողության գործակիցն իջել է»,- ասաց Օհանյանը։

Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այդ նշանակումն իրեն ուրախացրել է: «Ճիշտն ասած՝ շատ ուրախացել եմ, այս կառավարության մեջ միակ ադեկվատ մարդը ես իրեն եմ տեսնում։ Ես իր աշխատանքը որ տեսնում եմ կառավարության նիստերի ժամանակ, միակ ադեկվատ մարդն ինքն է»,- ասաց Հակոբյանը։ Իսկ Պապիկյանը կարո՞ղ է պաշտպանության նախարարությունը ղեկավարել՝ հարցրինք զինվորականին: «Պաշտպանության նախարարությունը զինվորական կառույց չէ, կազմակերպչական կառույց է, իսկ այս 3 տարվա ընթացքում այս կառավարությունում միակ մարդը, որ իրեն ցուցաբերել է որպես ադեկվատ մարդ, ես իրեն եմ տեսնում»,- պատասխանեց Մովսես Հակոբյանը։ Տարօրինակ չէ՞, որ պատերազմող երկրում ոչ զինվորական է նշանակվում այդ պաշտոնին: «Դա շատ ճիշտ է, որպեսզի Գլխավոր շտաբի պետն իր գործով զբաղվի, որ ԳՇ-ի եւ ՊՆ-ի գործերը տարանջատվեն»։

«Արաբո» ջոկատի հրամանատար, ազատամարտիկ Մանվել Եղիազարյանի կարծիքով՝ Արշակ Կարապետյանին պաշտոնից ազատելու եւ Սուրեն Պապիկյանին նշանակելու պատճառն այն է, որ Արշակ Կարապետյանը հրաժարվել է որոշ հրահանգներ կատարելուց։ «Երեկ ես մամուլում կարդում էի, որ մեր զորքերն առանց զոհերի, քաջաբար նահանջեցին, առանց կրակոցների, առանց զոհերի` 2 կիլոմետր նահանջեցին, եւ ադրբեջանցիները տեղափոխվեցին մեր դիրքեր, մերոնք էլ տեղափոխվեցին այլ դիրքեր։ Այդ ո՞վ է իրենց հող տվել, որ իրենք այդպես հեշտ, դերասանորեն նահանջեցին, եսիմինչ արեցին, վիրավորներ չկան, զոհեր չկան։ Էդ ի՞նչ հայրենիքը տալու թազա ձեւ է։ Ես կարծում եմ, որ Արշակ Կարապետյանը դրա համար էլ հրաժարական է տվել, որովհետեւ բաներ կան, որ ինքը չի ցանկացել անել, դա անելու բան էլ չի․ մի տեղ վախեցան, մի տեղ կրակեցին, մի տեղ շուն տեսան, մի տեղ կատու տեսան․․․, այդպես հայրենիք չեն պաշտպանում։ Եթե իրենք ի վիճակի չեն հայրենիք պաշտպանելու, ապա հայրենիքը տալու իրավունք չունեն։ Դա մեր հայրենիքն է։ Դրա համար էլ բերեցին, Պապիկյանին նշանակեցին, երեւի ինքն ավելի հլու-հնազանդ կկատարի այն հրահանգները, որոնք իջնում են վերեւից։ Կարծում եմ՝ պատճառը դա է»,- մեզ հետ զրույցում ասաց Եղիազարյանը։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image