Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր «Հրապարակ» օրաթերթին, թե մենք ժամանակին քննադատում էինք Վեհափառին ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, հիմա պաշտպանում ենք: Եվ չընկալելով «Հրապարակի» նախկին ու ներկա պահվածքի տարբերությունը՝ մեզ մեղադրել է «երեսպաշտության» մեջ: Դժվար է նման տարրական հանգամանքները բացատրել մի մարդու, որն այս իրավիճակի եւ այս գարշելի արշավի բուն մասնակիցներից է: Դժվար է անգամ հասկանալ, որ 2015-ին Եկեղեցին ու մեր պետականությունը վտանգված չէին, եւ մենք կարող էինք քննարկել ցանկացած հոգեւորականի վարքն ու բարքը եւ ցանկացած թեմայի անդրադառնալ, իսկ այսօր, երբ թշնամին մտել է մեր տուն եւ մեր արժեքների ու սրբությունների նկատմամբ է ոտնձգություն կատարում, մեր պարտքն է պաշտպանել մեր հայրենիքը, հավատքը, Եկեղեցին եւ անգամ՝ Վեհափառին:
Չենք կարող այս մարդկանց կրթության պակասը մեկ հոդվածի շրջանակներում լրացնել, սակայն մեզ առավելապես հետաքրքրեց, թե ովքեր են նույն՝ արայիկհարությունյաններին խրախուսում, հավատացնում, որ իրենք ճիշտ են, այսինքն` անմիջականորեն մասնակցում մեր արժեքների ու Եկեղեցու, մամուլի եւ ընդդիմության վրա իշխանական արշավին: Մասնավորապես` ովքեր են Արայիկ Հարությունյանի այս տգետ գրառումը «լայքել» ու մեկնաբանել` հօգուտ հեղինակի: Գրառմանը «լայք» էր դրել Արայիկ Հարությունյանի էջին հետեւող 121 հազար մարդուց ընդամենը 880-ը, որը 0.7%-ն է: Բայց առավել հետաքրքիր էր այդ 900 հոգու, այսինքն` Հարությունյանի ստատուսով հիացածների կազմը: Այսպես ասած, սպեկտրալ անալիզ արեցինք եւ չծուլացանք՝ հերթով նայեցինք այդ անձանց պրոֆիլները, որ հասկանանք, թե ինչ կոնտինգենտ է հետեւում աշխատակազմի ղեկավարին, թեւ տալիս, խրախուսում, որ նա էլի գրառումներ անի մամուլի, ընդդիմության եւ իրենց դուր չեկած անձանց մասին:
«Լայքողների» ցանկում, ի դեպ, շատ քիչ մարդկանց ճանաչեցինք` կոլոտ Հովոյին` Հովհաննես Ազոյանին, Հայաստանի «գլխավոր կոկորդիլոսագետ» Գարիկ Պետրոսյանին, սփյուռքի գլխավոր «համախմբող» Զարեհ Սինանյանին, Ալեն Սիմոնյանին ու մորը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին, Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանին, եւ վերջ: Գրառումը հավանողներից 199-ը մաքուր ֆեյք էր․ մի մասը՝ ընդհանրապես դատարկ ու նորաստեղծ էջեր, մյուս մասի հետնանկարում Փաշինյանի կամ Աննա Հակոբյան-Փաշինյան զույգի դիմանկարներն էին, կամ ԵՄ-ի ու Հայաստանի դրոշները: Այդ էջերում որեւէ տեղեկատվություն չի տեղադրվում, միայն կիսվում են Արայիկ Հարությունյանի ու Նիկոլ Փաշինյանի տեսանյութերով, ստատուսներով եւ, ուշադրություն` ՔՊ պատգամավոր Հասմիկ Հակոբյանի՝ ՀՅԴ կուսակցությունը փակելու կոչով: Այդ էջերը կա՛մ ընկերներ չունեն, կա՛մ իրենք իրար ընդհանուր ընկեր են, իրենք ասում են, իրենք` լսում, այսինքն՝ ոչ այնքան գրագետ կամ ընդունելի բառապաշարով աչքի ընկնող ՔՊ քարոզիչներ են:
Հիմա քննության առնենք մյուս 660-680 «լայքերի» հեղինակներին: Որքան կարողացանք ուսումնասիրել` դրանցից 250-260-ը կառավարության, մի շարք նախարարությունների, ՊՈԱԿ-ների աշխատողներ են, ՔՊ-ի Երեւանի ու մարզային ստորաբաժանումների անդամներ: Մնացած 400 հոգուց շատ քչերն են հայաստանաբնակներ: Կարեւոր պահ կա` հայաստանաբնակների մեծ մասը դպրոցների տնօրեններ եւ ուսուցիչներ են, տարբեր կրթական, մշակութային կենտրոնների ղեկավարներ ու աշխատակիցներ: Մոտ 30 հոգի շարքային կանայք են, որոնց էջերում ո՛չ քարոզչություն կա, ո՛չ էլ ՔՊ-ի հետ կապված որեւէ հրապարակում կամ լուսանկար: Մնացածը սփյուռքում բնակվող հայեր էին: Ընդ որում, Բելգիայում, Նիդերլանդներում, Իսպանիայում, Լոնդոնում եւ Նյու Յորքում, ԱՄՆ-ում՝ հիմնականում` Գլենդելում, Լոս Անջելեսում բնակվողներ:
Այս փոքրիկ տեքստը գրելը մեզնից պահանջեց մի քանի ժամվա ծանր աշխատանք, որովհետեւ Արայիկ Հարությունյանին «լայքողների» էջերն ուսումնասիրելիս կարդում էինք նաեւ ՔՊ-ականների ու նրանց աջակիցների ատելության խոսքն ու անմեղության կանխավարկածի խախտում պարունակող գրառումները, կարդում էինք նաեւ Նիկոլ Փաշինյանին սրբադասող, մեծարող հիվանդ տեքստերը, որոնք դժվար է առողջ բանականության մեջ տեղավորել:
Ամեն դեպքում, մի հետեւություն արեցինք` վիրտուալ տիրույթում, սոցցանցերում ՔՊ-ին եւ Նիկոլ Փաշինյանին սատարում են միայն ՔՊ-ականներն ու պետական համակարգերում տեղավորված ՔՊ-ամերձները, ինչպես նաեւ՝ աշխարհի տարբեր երկրներում բնակվող մեր հայրենակիցների մի խավ, որն ատում է նախկիններին, չի բախվում հայկական իրականությանը, չի հասկանում, թե այս 7 տարում Հայաստանն ինչ աղետալի կորուստներ է ունեցել, ուստի շարունակում է ամեն ինչ անել, որ Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության: Այստեղ, իհարկե, հարց է ծագում` ինչո՞ւ դրսից այդպես կատաղի մարտնչողները չեն գալիս հայրենիք` իրենց սիրելի Փաշինյանի կողքին ապրելու եւ նրան պաշտպանելու: