Հայաստանը ներկայացնող երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը հաղթել է Voice of Turan (Թուրանի ձայնը) երգի միջազգային մրցույթում: «Հայաստանը հաղթեց Voice of Turan միջազգային մրցույթում։ Շնորհակալ եմ, Տեր»,- ինստագրամյան իր էջում գրել է երգչուհին։
Voice of Turan երգի միջազգային մրցույթն անցկացվել է Ղազախստանի Հանրապետության Թուրքեստան քաղաքում։ Մրցույթն անցկացվել է հինգերորդ անգամ։ Մասնակցել են 18-35 տարեկան կատարողներ Ղրղզստանից, Ուզբեկստանից, Թաթարստանից, Ադրբեջանից, Վրաստանից, Բելառուսից, Հայաստանից, Կիպրոսից, Թուրքիայից, Բուլղարիայից, Կոսովոյից, Ինդոնեզիայից, Իսպանիայից, Կուբայից, Վենեսուելայից եւ այլ երկրներից։
Երգչուհու մասնակցությունն այս մրցույթին քաղաքականացվեց, հետո նաեւ քննադատվեց ու քննարկվեց սոցիալական ցանցերում, մարդիկ զայրացան՝ «այդ երբվանի՞ց դարձանք Թուրանի մաս», կամ՝ այդ տրամաբանությամբ «մի օր էլ Հայաստանը կմասնակցի «Ադրբեջանի ձայնը» մրցույթին ու ոչ մի խնդիր չի տեսնի դրանում»։
Հատկանշական է, որ փառատոնի հիմնական նպատակների մեջ, բացի միջազգային ասպարեզում ղազախական երաժշտության եւ մշակույթի հանրահռչակումից, ձեւակերպված է նաեւ մեկ այլ նպատակ․ «Ուշադրություն հրավիրել Թուրքեստանի՝ որպես թյուրքական աշխարհի հոգեւոր մայրաքաղաքի վրա»։
Կոմպոզիտոր Արթուր Շահնազարյանից հետաքրքրվեցինք, թե որքանով է նպատակահարմար Հայաստանի մասնակցությունը մի մրցույթի, որի նպատակներից մեկը թյուրքական աշխարհի հոգեւոր մայրաքաղաքի ու նրա երաժշտության հանրահռչակումն է։
Կոմպոզիտորը նախ նշեց, որ սա ոչ այնքան երաժշտական, որքան քաղաքական հարց է։ Իսկ ընդհանուր առմամբ կարծում է, որ մենք ուրիշ «դարդուցավեր» ունենք, ու չարժե ընկնել դրա հետեւից․ «Մեր ամբողջ խնդիրը մեր ներսում է, թե մեր երկրում ինչ ենք անում, մեր գյուղերի երեխաներն ինչ են լսում, մեր ժողովրդին ինչ ենք տալիս, ոնց ենք այս ռաբիզի ճիրաններից հանում, ոնց է Սնուփ Դոգը մտել մեր դասագիրք, ոնց ենք Կոմիտասին կամ Արամ Խաչատրյանին տարածում մեր երեխաների մեջ…։ Մենք ավելի լուրջ խնդիրներ ունենք, սա ի՞նչ մի հարց է․․․, դա, մեծ հաշվով, ո՛չ մեր երկրի քաղաքականության, ո՛չ մեր ժողովրդի վրա ազդեցություն չի թողնի, մեր բոլոր խնդիրները մեր ներսից են, մենք այս տեսակ հարցերով շեղվում ենք մեր ներսի խնդիրներից։ Այսօր, օրինակ, լուրերով նորից հայտարարեցին, որ Ադրբեջանն ու Թուրքիան մեր մշակութային ժառանգությունը յուրացնում են, անգամ գիրք են տպել, մի բան, որ միշտ են արել ու շարունակում են անել, բայց ոչ ոք չի խոսում, թե մենք ինչ ենք անում՝ ոչ թե դրա դեմն առնելու կամ գնալ-նրանց հետ վիճելու համար, այլ մենք մեր տեղում՝ մեր ժողովրդի համար ինչ ենք անում, մեր մշակույթը մեր ազգին վերադարձնելու համար, որովհետեւ այստեղ առավոտից իրիկուն համատարած թուրքական մուղամ են լսում»։
Շահնազարյանն ասում է՝ այս տեսակ քննարկումները ոչ թե ձեւական են, այլ ոչ մի հարց չեն լուծում, ավելին՝ մեր խնդիրը հիմա դա չէ․ «Մեր խնդիրն այն է, որ դրանց մասին խոսում են լուրերով, բայց չեն խոսում, թե մերոնք ինչ են անում այստեղ, եւ ինչ անենք, որ ազգը վերադառնա իր արմատներին։ Խոսում ենք, որ ուրիշները գողանում են մեր երգերը, Կոմիտասին, ասում են՝ մերն է, եղբայր, դու չես կարող երգողի բերանը փակել, բայց դու կարող ես ինքդ Կոմիտաս երգել, դու ինչի՞ չես երգում։ Այսինքն՝ մեր գլխավոր հարցն է, թե մերոնք ինչ են երգում, մեր երեխաներն ինչ են երգում, ինչ հայոց պատմություն են անցնում, ասենք՝ Ադրբեջանում կեղծում են մեր պատմությունը, բա այստեղ ո՞վ եւ ինչո՞ւ է կեղծում պատմությունը։ Հայոց պատմության դասագիրք տպեցին, ու պարզվեց՝ մեջը հազար հատ կեղծիք կա։ Մեր ներսի գործը թողած, ընկել ենք դրսի հետեւից, ծածկադմփոց են անում, թե այստեղ ինչ է կատարվում։ Կոմիտասը լավ խոսք ունի, ասում է՝ ի՞նչ գործ ունեք, ուրիշներն ինչ են անում, դուք ձեր տան մեջ երգեք, օտարն ականջ ունի՝ կլսի, աչք ունի՝ կտեսնի։ Բայց մերոնք դա չեն անում, մեր տան մեջ մե՞րը երգել, դա էր պակաս, հենա մուղամ կլսենք ու կերգենք»։
Պետությունը, ըստ կոմպոզիտորի, շատ է թերանում այս հարցում․ «Պետությունն ահռելի փողեր ծախսելով՝ մերը կտանի միայն օտարներին ցույց տալու համար, որ, տեսեք՝ Կոմիտաս, Խաչատրյան ունենք, բայց ո՛չ ժողովրդի համար, կամ էլ՝ տեղի կունենա միայն Երեւանի կենտրոնում՝ նույն 800 տեղանոց դահլիճում, նույն 800 հոգու համար, բայց ժողովրդի, մեր երեխաների համար հասանելի չի լինի, ու ոչինչ, որ մեր երեխան թուրքական երաժշտության տակ է մեծանում, կարեւորն այն է, թե ինչ ենք մենք ցույց տալիս աշխարհին։ Կարեւոր չէ, որ մեր ներքնաշորերը կեղտոտ են, կարեւորը՝ թե վրայից ինչ ենք հագել, ծածկել, որ դա չերեւա, այլ դրսի համար փայլուն երեւա․․․։ Այդ «Թուրանի ձայնը» մեր ժողովուրդը վաղուց է լսում՝ գիշեր-ցերեկ, ավելի «բեթար», իսկ այդ աղջիկն այդ մրցույթին հաստատ մուղամ չի երգել, այլ՝ էստրադա․․․։ Հակոբ Մովսեսը ճիշտ ասաց, որ մեր ժողովուրդը մուսուլմանությունը երաժշտության միջոցով վաղուց է ընդունել։ Ավելին՝ հայ հարուստները ֆինանսավորում են մուղամը, իրենք մուղամ երգող երգիչներին վճարում են 3-4 հազար դոլար, ամենահայտնի մուղամբազին մի երգի համար վճարում են 7 հազար դոլար, 6 հազարին նույնիսկ չի համաձայնում, ասում է՝ կանչեք Թաթային, թող 5-ով երգի, ես 6 հազարով 10 երգ չեմ երգի․․․ պատկերացնո՞ւմ եք․․․։ Իսկ Կոմիտասի ձեռագրերը եկան այստեղ՝ 6 հազար դոլարով վաճառում էին օտարները, եւ ոչ մեկը փող չտվեց դրա համար, անգամ՝ նախարարությունը, մինչեւ լուրը հասավ Արթուր Ջանիբեկյանին, այդ 6 հազար դոլարն ուղարկեց, վերցրինք այդ ձեռագրերը․․․․ Սա է մեր խնդիրը, որ մեր ժողովուրդը զրկված է իր ինքնությանն առնչվելուց»։