Խորհրդային տարիներին Հայաստանը մնացած հանրապետությունների շարքում զբաղեցնում էր առաջին տեղերից մեկն ընթերցանության, բուհերի շրջանավարտների ու գիտական նվաճումների առումով: 34 տարվա անկախության ընթացքում մենք ոչ թե ավելացրինք, խորացրինք ու ընդլայնեցինք մեր ունեցածը, այլ «ձեռք բերեցինք» ճիշտ հակառակ արդյունքը: Ու դրա արդյունքում էլ ստացանք «նիկոլիզմի» խտացում թե՛ ընդհանրապես և թե՛ հատկապես վարչապետի աթոռից կառչած անձի ու նրան մերձ շրջապատի տեսքով: Ի դեպ, 100 տարի առաջ Գարեգին Նժդեհն այդ երևույթը կրողներին անվանում էր թուրքացած հայեր: Նժդեհի կողմից այդ զանգվածին տրված բնորոշումը նշանակում էր ոչ թե Օսմանյան կայսրության հայ բնակչության անվանում, ինչպես կարող է սխալմամբ ընկալվել, այլ դարերի ընթացքում տիրապետող թուրքերից վատ հատկանիշների փոխանցված լինելը մեր ազգաբնակչության ահռելի հատվածին:
Ինչը հնարավորություն է տալիս գործող իշխանությանը նման մարդկանց հիմարի տեղ դնել կամ նրանց ողջ ուշադրությունը կենրոնացնել կեղծիքի կամ ինչ-որ անհեթեթության վրա ու դրա վրա էլ կառուցել մանիպուլյացիոն մի ողջ բուրգ: Իսկ եթե հաշվի առնենք, թե որքան նման բուրգեր են կառուցվել 2018-ի գարնանային օրերից (վկա 44-օրյա մարտերի հերոս Աբաջյանի կեղծ պապի օրինակը. տեսնե՞ս կենդանի է նա, թե՞ ոչ), ապա կարող ենք ենթադրել, որ յոթուկես տարում ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողի ու նրա կամակատարների կողմից շատ ավելի մեծ ծավալի սուտ է գեներացվել, քան մնացած ողջ աշխարհում: Քանի որ նախկինների կառավարման շուրջ երեք տասնամյակի առումով համեմատության եզրեր ուղղակի չկան:
Բայց կյանքում պատահում են նաև պահեր, երբ իրականությունը գործող իշխանությանը պարգևում է նվերներ ոչ ընդունելի՝ գոնե բարոյապես, իրադարձությունների տեսքով: Դրանցից մեկն, օրինակ, Վեհափառի կողմից զավակ ունենալու հանգամանքն է: Ինչն էլ իր ողջ ծավալով ու զորությամբ օգտագործվում է ընդդեմ հայոց եկեղեցու: Անձամբ ես չեմ կասկածում դրա ճշմարիտ լինելուն, քանի որ 15 (±) տարի առաջ դրա առնչությամբ նույնիսկ անձայն (պաստառով) բողոքի ցույցի եմ մասնակցել Մայր տաճարի տարածքում: Մի ժամանակ նույնիսկ նկարը կար, հետո այն անհայտացավ տնային համակարգչի թարմացումից հետո, այլապես կդնեի այս հոդված հետ: Իսկ եթե նման բան առկա է, ապա դրա առումով մեղադրանքին «կռուտիտի» պատասխանով արձագանքելն անօգուտ է: Դրա օպտիմալ պատասխանը մեղա գալն է ու մեղքը քավելը: Իսկ թե ինչպիսի ընթացք կարող է այն ունենալ՝ դա արդեն սեփական որոշելիքի հարց է: Ինչն ավելի ընդունելի է, քան եթե այն նախաձեռնվի Վեհափառին պատերազմ հայտարարծ վարչապետի կողմից: Սա ի պատասխան Արշակ Սրբազանի մամուլի ասուլիսի, որում, բնականաբար, տրվեց նաև այդ հարցը:
Իհարկե, կարելի է պնդել տարածված այն հարցադրումը, թե ովքեր են դտավորները: Ինչն, ի դեպ, օգտագործել եմ նաև ես: Բայց դա, այսպես ասած, ոչ արդյունավետ մեթոդ է կաթողիկոսի և եկեղեցու դեմ նախաձեռնված՝ ողջ իշխանության դեմ պատերազմում: Որովհետև, էն գլխից, իշխանությանը ներվում են բաներ, որ ընդդիմությունը երբեք չէր անի: Ու դա գործում է բոլոր երկրներում և բոլոր ժամանակներում: Իհարկե, մեկ-մեկ այդ մեխանիզմը խափանվում է, ինչն էլ խռովությունների, ապստամբությունների ու հեղափոխությունների պատճառ է դառնում: Ինչևէ, տվյալ դեպքում այն հանգամանքը, որ վարչապետի հետ դաշնակցած կամ ավելի ճիշտ՝ բազմաթիվ «կոմպրոմատների» արդյունքում նրա կամքին ենթարկված հոգևորականները մաքրամաքուր անձինք չեն, դա չի աշխատում ընդդիմության օգտին: Թեկուզ այս օրերում բազմիցս ասվեց, որ դրանց շրջանում առկա են թե՛ զավակներ ունեցողներ և թե՛ անօրինական գործեր կատարած անձինք, ինչպես նաև ծանր բարոյական հանցանքներ (համայնքի կողմից եկեղեցու համար հավաքագրված գումարի յուրացումը) գործածներ:
ՀԳ. Այս հոդվածը չէր գրվի, եթե նախորդ օրը «Մեր ձևով» շարժման համակարգող Կարեն Կարապետյանը և դրա հաջորդ օրը Արշակ Սրբազանը կարողանային պատասխանել իշխանական լրատվամիջոցի ներկայացուցչին: Առաջին հարցը, հիշեցնեմ, վերաբերում է եկեղեցուն պաշտպանելու ձևի մասին: