Քաղաքականություն

Արցախում եւս արտահերթ ընտրությունների ուրվական է շրջում

Արցախում եւս արտահերթ ընտրությունների ուրվական է շրջում

Արտահերթ ընտրությունների ուրվականը շրջում է նաեւ Արցախում։ Քաղաքական շրջանակներում խոսում են, որ չի բացառվում՝ Արայիկ Հարությունյանը կրկնի փաշինյանական սցենարը: Բայց նա կսպասի Հայաստանում արտահերթ ընտրությունների ավարտին, եւ եթե ամեն ինչ Փաշինյանի եւ իր իշխանության համար բարեհաջող ավարտ ունենա, չի բացառվում, որ ԱՀ նախագահն էլ գնա նույն ճանապարհով՝ ցույց տալու, որ ժողովուրդն իրեն վստահում է, եւ վերջնականապես փակելու ընդդիմադիրների բերանը։ Քաղաքական շրջանակներում պատահական չեն համարում, որ օրերս

Արցախի Ազգային ժողովի նախագահ, «Ազատ հայրենիք» կուսակցության պատգամավոր Արթուր Թովմասյանը խորհրդարանի վերջին նստաշրջանի ընթացքում այլ հարցի քննարկման շրջանակներում իբր փորձել է սպառնալ ընդդիմությանը, առաջարկել է վայր դնել մանդատները եւ գնալ արտահերթ ընտրությունների։ Ի պատասխան այն քննադատություններին, թե նախագահի եւ կառավարության ներկայացուցիչների օգնականների եւ խորհրդականների ինստիտուտն ուռճացվել է, ԱԺ խոսնակը հակադարձել է, թե ԱԺ-ի կազմն էլ է մեծ․ «Եկեք բոլորս վայր դնենք մանդատները եւ գնանք արտահերթ ընտրությունների»։ Բացի այդ, տեւական ժամանակ է՝ Արայիկ Հարությունյանն ու իր կաբինետի անդամներն այցելում են համայնքներ, հանդիպում քաղաքացիների հետ, փորձում նրանց խնդիրներին լուծում տալ եւ հավաքել աջակիցների բանակ։ Նույն ձեռագրով, ինչ Փաշինյանն է գործում։ 

Խորհրդարանական ընդդիմությունը, մասնավորապես «Արդարություն» խմբակցությունը, ողջունում է Արթուր Թովմասյանի առաջարկը։ Խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանն ասաց, որ պատրաստ են հրաժարվել մանդատներից եւ գնալ ընտրությունների, վստահ են նաեւ, որ Արայիկ Հարությունյանը չի վերընտրվի, եւ ապագա խորհրդարանն էլ այլ տեսք կունենա։ Արցախի Սահմանադրությամբ՝ խորհրդարանը լուծարվելուց հետո հրաժարական պետք է տա նաեւ ԱՀ նախագահը, եւ թե՛ նախագահի, թե՛ խորհրդարանական ընտրությունները պետք է անցնեն միաժամանակ։ Գալստյանը հիշեցրեց, որ պատերազմից հետո իրենց կուսակցությունը բազմիս է առաջարկել գնալ արտահերթ ընտրության, չեն համաձայնել։

Մյուս կողմից՝  մի՞թե հնարավոր է մոտ ապագայում Արցախում արտահերթ ընտրություններ անցկացնել, երբ հայտնի չէ, թե որտեղով են անցնում Արցախի սահմանները, Հադրութն ու Շուշին նոյեմբերի 9-ի փաստաթղթով անցել են Ադրբեջանին։ Մեր հարցին Գալստյանը պատասխանեց, որ սահմանադրական արգելք չկա, եթե մինչ օրս Շուշիի վարչական շրջանի ղեկավարը եւ այլ տարածքների պետական աշխատողներն աշխատում են եւ պետբյուջեից աշխատավարձ են ստանում, ապա ինչո՞ւ չպիտի կարողանան ընտրություններ անցկացնել․ «Արցախում այնպիսի Սահմանադրություն են կարել, որ բավական է ընտրատեղամասերը բացել, եւ հնարավոր է ընտրություն անցկացնել։ Շուշիի եւ Հադրութի ժողովրդի տեղը բոլորն էլ գիտեն, իսկ ընտրատեղամասերը կարող են բացել ոչ թե Շուշի քաղաքում կամ Հադրութում, այլ՝ ուրիշ տեղ»։ 

Իշխանության բարձր օղակներում կա՞ արտահերթ ընտրություններ անցկացնելու մտադրություն, եւ նախագահականում ինչպե՞ս են մեկնաբանում ԱԺ նախագահի հայտարարությունը։ Արայիկ Հարությունյանի խոսնակ Լուսինե Ավանեսյանն ասաց, որ ԱԺ նախագահի հայտարարության վերաբերյալ որեւէ քննարկում չի եղել, իսկ թե ինչու է Թովմասյանը նման հայտարարություն արել, նախագահի խոսնակը չի կարող մեկնաբանել․ «Երեւի թե պարոն Թովմասյանը պետք է մեկնաբանի»։ ԱԺ նախագահը հեռախոսազանգերին չի պատասխանում։ Միայն նրա հետ չէ՝ «Ազատ հայրենիք» կուսակցության պատգամավորների հետ վերջին շրջանում գրեթե անհնար է կապ հաստատելը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image