Նիկոլ Փաշինյանը Շվեյցարիայում Հայոց ցեղասպանության հերթական ուրացման հայտարարությունն արեց` ասելով. դեռ պետք է հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել ցեղասպանության ժամանակ։ Դրան նախորդել էր ՔՊ-ից դաշտ նետված մեկ այլ անհեթեթ գաղափար, թե պետք է ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի անվանացանկը կազմել: Պատմաբան Միքայել Մալխասյանն ասում է, որ սա թուրքական նարատիվի ուղղակի կրկնություն է ու նաեւ սիմվոլիզմի դաշտում շատ լուրջ հարված մեր ազգային ինքնությանն ու արժանապատվությանը, որովհետեւ արվեց մի երկրում, որտեղ թուրք ազգայնական գործիչ Դողու Փերինչեքը Հայոց ցեղասպանության ժխտողականության համար դատապարտվել էր։
Շվեյցարիայում 2005թ. կազմակերպված մի գիտաժողովի ժամանակ նա Հայոց ցեղասպանությունը որակել էր «միջազգային սուտ» եւ դրա համար 2008 թվականին դատապարտվել 90-օրյա պայմանական ազատազրկման, ինչպես նաեւ 12 հազար շվեյցարական ֆրանկ տուգանքի: Գործը հասել էր ՄԻԵԴ, որտեղ Շվեյցարիան հաղթել էր։
«Հիմա ստացվում է, որ ՀՀ-ն պաշտոնապես մտնում է հակառակ դաշտ, ինչու պաշտոնապես, որովհետեւ երկրի թիվ մեկ անձն է հանդես գալիս Հայոց ցեղասպանության իրողությունը վերանայող հայտարարությամբ եւ կոչ անում պարզաբանել, թե ինչ է եղել այդ ժամանակ։ Այսինքն՝ մենք չգիտե՞նք, թե ինչ է եղել, այդ հազարավոր գրքերն ու տասնյակ հազարավոր հոդվածները, որ լույս են տեսել, ընդ որում՝ հիմնականում արեւմտյան հեղինակների կողմից, մոռանա՞նք։ Ընդ որում, նա ակնարկում է, թե գործ ունենք Խորհրդային Միության, այսպես ասած, պատմաշինարարության հետ՝ նշելով, թե ինչու այդ մասին չեն խոսել մինչեւ սառը պատերազմը, այն դեպքում, երբ ցեղասպանությունը ճանաչած երկրների մեծ մասը ԵՄ անդամ կամ լատինամերիկյան երկրներ են, այսինքն՝ ԽՍՀՄ կամ հետագայում ռուսական օրակարգով չշարժվող երկրներ։ Այդ տրամաբանությամբ, Ֆրանսիան ինչո՞ւ է ճանաչել ցեղասպանությունը, կամ՝ 2015-ին ավստրիական խորհրդարանը, իսկ հաջորդ տարի` գերմանական բունդեսթագը ոչ միայն ցեղասպանությունն են ճանաչել, այլեւ իրենց մեղսակցությունը դրան եւ ներողություն են խնդրել հայ ազգից։ «Ցեղասպանություն» տերմինն էլ ԽՍՀՄ-ը չի ստեղծել»,-ասում է պատմաբանը՝ հավելելով, որ անգամ Ռաֆայել Լեմկինի՝ ՄԱԿ-ում ցեղասպանությունների մասին կոնվենցիայի ընդունումից հետո ունեցած ելույթի տեսագրությունը կա, երբ նա նշում է, որ առաջին անգամ այն իրականացվել է հայերի նկատմամբ, իսկ 2-րդ աշխարհամարտի ընթացքում՝ հրեաների։
Պատմաբանն ապշեցուցիչ է համարում այն, որ, առհասարակ, մենք նման հարց կարող ենք քննարկել, մի բան, որն անհերքելի է ու ապացուցման կարիք չունի։ Նա ընդգծում է՝ ցանկացած հայտարարություն քաղաքական շահակից է ունենում, բայց Հայոց ցեղասպանության փաստն օտարազգի եւ հայ պատմաբանները, ցեղասպանագետները վաղուց են ապացուցել՝ փաստերով։ Եվ շեշտում է՝ Օսմանյան կայսրությունը, իսկ հետո նրան հաջորդած քեմալականները խնդիր են ունեցել վերացնել ոչ միայն հայերին, այլեւ Պոնտոսի հույներին, ասորիներին, եզդիներին` կենսատարածքի խնդիր են լուծել։ «Հիմա հնչեցված թեզն այն է, ինչ թուրքական պատմագրությունն է ասում։ Թուրքերը չեն ասում՝ ոչինչ չի եղել, թուրքական պաշտոնական պատմագրությունը եւ անձամբ Էրդողանն ուղիղ ասում են՝ այո, մարդիկ են զոհվել, Էրդողանը նույնիսկ 600 հազար թիվն է օգտագործում, բայց ասում է, որ դա տեղի է ունեցել, որովհետեւ Կիլիկիայում հայերը ֆրանսիացիների հետ էին համագործակցում, իսկ Արեւմտյան Հայաստանում, իրենց ձեւակերպմամբ՝ Անատոլիայում՝ ռուսների։ Բա հարց է առաջանում՝ հույները, ասորիները, որոնք ոչ ոքի հետ չեն համագործակցել, ազատագրական շարժում չեն ունեցել, ինչո՞ւ են կոտորվել։ Գործ ունենք հստակ քաղաքական օրակարգի հետ՝ պատմական իրողությունները դիմախեղել եւ վերաշարադրել, դա արդեն միտում էլ չէ, փաստացի իրողություն է, որովհետեւ մեկ տարի շարունակ մենք լսում ենք հայտարարություններ, որոնք այդ շղթայի մասերն են»,- արձանագրում է Մալխասյանը։ Նրա կարծիքով, հաջորդիվ այս իշխանությունը գնալու է Թուրքիային արդարացնելու ճանապարհով, թե «խեղճ» թուրքերն ի՞նչ անեին։
«Մեր հանրությանը փորձում են ապացուցել, որ կարելի էր իրավազուրկի կարգավիճակով, ֆիզիկական գոյությունը քարշ տալով ապրել Օսմանյան կայսրությունում, եթե մենք չփորձեինք հավասար իրավունքների համար պայքարել։ Մենք հասկանում ենք, չէ՞, որ թուրք հասարակության ընկալումներն այն ժամանակներից շատ չեն տարբերվում։ Հասարակ բան՝ իրենց հարցումներում որպես Թուրքիայի թիվ մեկ թշնամի՝ Հայաստանն անփոփոխ եռյակում է՝ շուրջ 80-85 տոկոս ձայնով։ Ուշագրավ է, որ Ռուսաստանը նույնպես «պատվավոր» եռյակում է՝ հայերի ու հույների հետ, այսինքն՝ անկախ ներկա պահին ՌԴ-Թուրքիա երկխոսությունից, Ռուսաստանն էլ է թշնամի ընկալվում»,- ասում է Մալխասյանը՝ հիշեցնելով, որ Թուրքիան Հայաստանին երբեք չի դիտել ու հիմա էլ չի դիտում որպես հավասարը հավասարի։ Անգամ ֆուտբոլային դիվանագիտության ժամանակ, երբ Հայաստանն արցախյան պատերազմում հաղթողի դերում էր, ու երկրի դիվանագիտական դիրքերն ավելի ամուր էին, Թուրքիան նախապայմաններով էր խոսում, ինչը ստիպեց նախկին իշխանություններին՝ հետ կանգնել այդ քաղաքականությունից։
Ի՞նչ տեղի կունենար Իսրայելում, եթե այդ երկրի որեւէ ղեկավար Հոլոքոստը ժխտող հայտարարություն աներ։ Այս հարցին պատմաբանի պատասխանը միանշանակ է՝ այդ անձը կհեռացվեր իշխանությունից։ «Ոչ միայն իշխանափոխության խնդիր կառաջանար, հասարակությունը դուրս կգար հրապարակներ, այլեւ այդ նույն անձի թիմակիցները եւ պետական ապարատն անմիջապես՝ հաշված ժամերի ընթացքում հարցը կլուծեին ներսից՝ առանց սպասելու, որ հասարակությունը քայլ անի։ Շատ արագ նա կզրկվեր կուսակցության նախագահի պաշտոնից, իշխանության ներսում կդրվեր տվյալ անձի՝ առհասարակ քաղաքականությունից հեռացման խնդիր, անհնար է այլ բան պատկերացնել»,- ասում է մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ Հայաստանում, ցավոք, էլիտաները տարբեր խնդիրներ թողնում են ժողովրդի ուսերին, մինչդեռ իրենք պետք է լուծեն։ Նա նաեւ նկատում է՝ մտավորականության արձագանքը չկա։ «Մտավորականությունը միայն ռոճիկ ստանալու համա՞ր է, այս բառը հատուկ եմ օգտագործում։ Ընդամենը մի քանի պատմաբան ու քաղաքագետ է ձայն հանել, մնացածը՝ շառից, փորձանքից հեռու»,- արձանագրում է մեր զրուցակիցը՝ հավելելով, որ չի լսվում նաեւ ցեղասպանության հետեւանքով ձեւավորված դասական սփյուռքի ձայնը, որի այն կառույցները, որոնք հայ-թուրքական արձանագրությունների ժամանակ արմատական դիրքորոշում ունեին ու նույնիսկ լոլիկներ էին նետում ՀՀ նախագահի ուղղությամբ, վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի իշխանությունների՝ Հայոց ցեղասպանության ժխտողական կեցվածքի դեմ որեւէ քայլ չեն արել։ Հայտարարությունները՝ այս կամ այն կազմակերպության սոցցանցի էջում, պատմաբանը բավարար չի համարում։