Հասարակություն

Կարդանք հեքիաթներ

Կարդանք հեքիաթներ

Շատ ուսանելի հեքիաթներ կան ե՛ւ հայկական, ե՛ւ այլ ժողովուրդների բանահյուսության մեջ, որն արժեր ոչ միայն կարդալ, այլեւ ականջին օղ անել: Ինչքա՜ն իմաստ ու խորհուրդ կա, դիցուք, Թումանյանի «Չարի վերջը» հեքիաթում:

Օրինակ, Նիկոլ Փաշինյանի պահվածքն Ադրբեջանի հանդեպ, Հայ առաքելական եկեղեցու պահվածքը Փաշինյանի հանդեպ, անչափ նման է հիմար կկվի պահվածքին, որը ձագերին հերթով տալիս է աղվեսին` հույս ունենալով, որ նրա ախորժակը կփակվի:

Իսկ ինչքա՜ն մեծ իմաստ կա «Մի կաթիլ մեղրի» մեջ, երբ մի չնչին առիթից մի ամբողջ փոթորիկ է բարձրանում, եւ ինչքան մարդիկ են միմյանց հետ թշնամանում:

Սա առավելապես մեր ընդդիմությանն է սազում, որն ամեն չնչին առիթով սրերն առնում է` հարձակվում մյուս ընդդիմադիր ճամբարի վրա: Իսկ ի՜նչ հանճարեղ պատմություն է «Կիկոսի մահը», երբ երեւակայական աղետին ընդառաջ, լացուկոծ ենք անում, մեզ պատեպատ տալիս, քելեխի համար մորթում մեր միակ եզը, նոր հանգստանում:

Իսկ «Անխելք մարդն» իսկեւիսկ հայերի համար է հորինված, երբ Աստծու բացած դռները չենք նկատում եւ երջանկություն ենք փնտրում, երբ այն մեր քթի տակ է, մեր կողքին: Կամ` «Անբան Հուռին»․ սա արդեն մեր իշխանությունների մասին է, որն այդպես էլ 7 տարում աշխատել չսովորեց, բայց ինչ-որ հնարամտությամբ մնում է իշխանության գլխին եւ անգամ վերարտադրվում` մարդկանց աչքին թոզ փչելով ու մոլորեցնելով:

«Անբան Հուռիի» քույր հեքիաթը «Քեֆ անողին քեֆ չի պակսիլ»-ն է` զվարճությունների մեջ օրն անցկացնող պորտաբույծների մասին, որոնք ապրում են ուտել-խմելու համար:

Բայց մեր ժողովրդին ամենաբնորոշ հեքիաթը, ըստ իս, «Ձախորդ Փանոսն» է, որը Թումանյանը հատուկ գրել է հայ ժողովրդի մասին: Ժողովուրդ, որը փորձանքներից աչք չի բացում եւ վատ ավարտ է ունենում:

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image