Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարության նիստում բացառիկ ելույթ ունեցավ՝ երեւի թե առաջին անգամ խոսեց ոչ թե Արցախի դեմ ու ի նպաստ Ադրբեջանի, որի հետ ցանկանում է բարեկամանալ, այլ ի շահ, ու մի քիչ էլ կշտամբեց «բարեկամ» Ադրբեջանին։ Փաշինյանը, հավանաբար, հայտնվել է անելանելի դրության մեջ՝ Արցախի այս էլ երկրորդ անգամ գազամատակարարումից զրկվելու փաստի հետ կապված, երբ Հայաստանում աջ ու ձախ «թափահարող» իշխանություններն անճարի նման ոչինչ չեն կարողանում ձեռնարկել արցախցիներին օգնելու համար։ Ուստի Փաշինյանը երեկ համարձակ ելույթ ունեցավ Արցախում առաջացած հումանիտար ճգնաժամի ու Ադրբեջանի ոչ խաղաղասիրական գործողությունների վերաբերյալ։
Նա նախ հիշեցրեց․ «Ինչպես գիտեք, մարտի 7-ին Արցախին մատակարարող գազատարը պայթեցվել էր Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող տարածքում: Ամենատարբեր պատրվակներով Ադրբեջանը թույլ չէր տալիս գազատարի վերանորոգումը, եւ, ի վերջո, ինքը նորոգեց: Նորոգման արդյունքում, մեր տեղեկություններով, գազատարի վրա տեղադրվել է փական: Եվ ահա, մարտի 18-ին՝ 11 օր անց, 4 օրով Արցախի գազամատակարարումը վերականգնելուց հետո Ադրբեջանը մարտի 21-ին, արդեն առանց պայթյունների, պարզապես փակել է գազատարի փականը՝ այսպիսով ապացուցելով, որ ինքն է հեղինակել նաեւ մարտի 7-ի պայթյունը»։
Ապա նկատեց, որ Ադրբեջանի գործողությունների արդյունքում Արցախը հայտնվել է հումանիտար աղետի շեմին, եւ հույս հայտնեց, որ Արցախի հերոսական ժողովուրդը, անկասկած, կհաղթահարի այս փորձությունը նույնպես: Հետո անցավ դիվիդենտներ կորզելու փորձերին․ «Բայց այս գիտակցմամբ պիտի արձանագրեմ, որ Ադրբեջանն իր գործողություններով նաեւ ծառայություն է մատուցում Արցախի ժողովրդին, որովհետեւ գազատարի հետ կապված այս դրվագը միջազգային հանրության համար շատ դիպուկ եւ համառոտ նկարագրություն է Արցախի հիմնախնդրի: Այս դրվագի շնորհիվ միջազգային հանրությունը Ղարաբաղի հիմնախնդրի էությունը կարող է հասկանալ առանց հարյուրավոր էջեր թերթելու, պատմության նրբություններն ուսումնասիրելու»։ Հետո անցավ «հակահարձակման»՝ փորձելով պաշտպանել արցախահայության գոյության իրավունքն Արցախում, չնայած վերջին օրերին հետեւողականորեն ու ամբողջ թիմով թշնամուն հասկացնում էին, որ պատրաստ են Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքել եւ Արցախը նաեւ Ադրբեջանի մաս ճանաչել, եթե Ադրբեջանն ու Թուրքիան նման պահանջներ դնեն իրենց առաջ։
«Սա անառարկելիորեն ի ցույց է դնում Ադրբեջանի քաղաքականությունն արցախահայության նկատմամբ, այն է՝ անհնար դարձնել նրանց ապրելը սեփական հայրենիքում: Ադրբեջանն արդեն շուրջ մեկուկես տարի թմբկահարում է, թե փառահեղ հաղթանակ է տարել 2020 թվականի 44-օրյա պատերազմում, բայց ամեն ինչ ցույց է տալիս, որ այն փաստը, որ այսքան տառապանքներից ու զրկանքներից հետո Արցախում հենց այսօր, հենց այս պահին շուրջ 117 հազար հայ է ապրում, Ադրբեջանը համարում է իր ամենամեծ պարտությունը, եւ խնդիր է դրված ամեն ինչ անել Արցախում էթնիկ զտումների քաղաքականությունն ավարտին հասցնելու համար»,- Ադրբեջանի նախագահին անուղղակի հեգնեց Հայաստանի վարչապետը։ Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը չի կարողանում այլեւս «խաղեր տալ» Ալիեւի հետ բանակցություններում եւ հիմա փորձում է այսպես հեռակա կշտամբանքներով ինչ-որ բան հասկացնել, որ հետո սակարկման տեղ ունենա։ Ալիեւին ուղղված մի քանի արտահայտությունից հետո Նիկոլ Փաշինյանն անցավ բուն թմային՝ խաղաղության օրակարգին, եւ պարզ դարձավ, որ նրա «փորացավն» իրականում այլ էր՝ Արցախի խնդիրների հարցով մտահոգության քողի տակ վերահաստատել Արդբեջանի հետ «խաղաղություն» հաստատելու իր երազանքը։
«Բայց ուզում եմ աներկբա արձանագրել, որ մեր որդեգրած այդ քաղաքականությունն այլընտրանք չունի: Ընդհակառակը, իր այս գործողություններով, զանազան սադրանքներով Ադրբեջանը փորձում է մեզ շեղել խաղաղության օրակարգից, դելեգիտիմիզացնել այդ օրակարգը՝ տարածաշրջանում նոր էսկալացիաներ, նոր պատերազմներ հրահրելու իր քաղաքականությունը կյանքի կոչելու համար: Բայց մենք չպետք է տրվենք այդ եւ այդօրինակ սադրանքներին: Ասել եմ, որ խաղաղության օրակարգը կյանքի կոչելու համար մեզ անհրաժեշտ են ամուր նյարդեր, եւ մենք որեւէ կերպ մեր հռչակած ռազմավարությունից չպետք է շեղվենք: Ռազմավարությունը հենց դրանով է ռազմավարություն, որ մեզ պետք է առաջնորդի բոլոր իրավիճակներում»,- փիլիսոփայեց Փաշինյանը։
Հետո անցավ «նախկինացավին»՝ Ռոբերտ Քոչարյանին, ու որոշեց դարձյալ մեղքը բարդել նախկինների վրա՝ հիշեցնելով, որ Հայաստանը հայտարարում է, թե Ադրբեջանի ներկայացրած առաջարկները Հայաստանի համար ընդունելի են, իսկ Ադրբեջանը փակում է գազատարը, եւ սա ամենամեծ ապացույցն է այն բանի, որ Ադրբեջանի քաղաքականությունը մեզ խաղաղության օրակարգից շեղելն է: Եվ այս հայտարարությունից, ըստ Փաշինյանի, դժգոհ է հայաստանյան արմատական ընդդիմությունը, նկատի ունի Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը, որն իրենց քննադատում է, թե համաձայնել են տարածքային ամբողջականության սկզբունքն ընդունել որպես հարաբերությունների կարգավորման սկզբունք: «Այս քննադատությունն առավել քան տարօրինակ է, որովհետեւ 1999 թվականի նոյեմբերի 19-ին ԵԱՀԿ ստամբուլյան գագաթնաժողովից Երեւան վերադարձած եւ տարածքային ամբողջականության սկզբունքը պաշտպանող Եվրոպայում անվտանգության խարտիային կողմ քվեարկած Ռոբերտ Քոչարյանը Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողի հարցին ի պատասխան բառացիորեն հայտարարել է․
«Եթե մենք ընդհանուր խոսում ենք տարածքային ամբողջականության մասին, ապա մենք չպետք է ասենք, որ դրա դեմ ենք: Մենք էլ տարածք ունենք եւ մենք եւս համարում ենք, որ այդ տարածքը կարիք ունի նման սկզբունք հարգելու համար»: Նրանից հետո՝ Սերժ Սարգսյանը նույնպես երկար տարիներ բանակցել է ԼՂ հարցի կարգավորման մասին՝ որպես կարգավորման հիմնարար սկզբունք ընդունելով այդ թվում տարածքային ամբողջականության սկզբունքը: Այնպես որ, այստեղ որեւէ շահարկում տեղին չէ»,-մանիպուլացրեց նախկին լրագրող-վարչապետն ու անցավ բուն ասելիքին, որն ամենավտանգավորն է Արցախի կարգավիճակի լուծման կոնտեքստում։
«ԼՂ հիմնախնդիրը չի եղել տարածքի խնդիր եւ հիմա էլ այդպիսին չէ, այլ իրավունքի խնդիր է, եւ մենք հետեւողական պաշտպանելու ենք Արցախի հայության բոլոր իրավունքները՝ չարհամարհելով այլ ժողովուրդների իրավունքները․․․ Ինչպես Սերժ Սարգսյանն իրավացիորեն նշել է իր վերջին հարցազրույցներից մեկում, մենք ֆաշիստ չենք»,- եզրափակեց Փաշինյանը։ Այո, Արցախի հիմնահարցը տարածքի խնդիր չէ, այլ «Արցախ» անունով անկախ եւ ինքնիշխան պետություն ունենալու խնդիր եւ ոչ թե անվտանգության ու ապրելու իրավունքի։