Գագիկ Ծառուկյանի մարզային այցելությունները շարունակվում են․ այս անգամ նա եղել է Կոտայքի մարզում, որտեղ հանդիպումներ է ունեցել բնակիչների հետ և անդրադարձել մի շարք սոցիալ-տնտեսական խնդիրների։
Քաղաքական գործիչը նշել է, որ յուրաքանչյուր կանգառում զգում է մարդկանց վստահությունն ու սպասումները, սակայն միաժամանակ ընդգծել է գյուղական բնակավայրերում առկա բազմաթիվ դժվարությունները։ Նրա խոսքով՝ հաճախ գյուղացին մնում է միայնակ իր խնդիրների առաջ։ Ծառուկյանը շեշտել է, որ անհրաժեշտ է փոխել մոտեցումը, որպեսզի գյուղը դառնա ոչ թե պարզապես գոյատևման վայր, այլ կայուն և արժանապատիվ եկամտի աղբյուր։ Նա կարևորել է գյուղացու դերը՝ ընդգծելով, որ հենց նա է երկրի հենասյունը, սահման պահողը և արտադրողը, ու հավելել, որ գյուղի զարգացումը անմիջականորեն կապված է պետության ամրության հետ։
Հանդիպման ընթացքում նա նաև խոսել է մարդկանց սոցիալական վիճակի մասին՝ նշելով, որ իրեն մտահոգում է ժողովրդի դժվար կացությունը։ Նրա խոսքով՝ այսօր բազմաթիվ քաղաքացիներ հայտնվել են վարկային պարտավորությունների տակ և կանգնած են ընտրության առաջ՝ մնալ գյուղում, տեղափոխվել քաղաք կամ ընդհանրապես հեռանալ երկրից։ Ծառուկյանը բարձրացրել է նաև գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրները՝ մատնանշելով սերմերի, պարարտանյութերի, վառելիքի և ոռոգման ջրի պակասը, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտի կառավարման հետ կապված հարցերը։
Անդրադառնալով կենսաթոշակների թեմային՝ նա նշել է, որ դրանց կտրուկ բարձրացման խոստումները իրական չեն, քանի որ դրա համար անհրաժեշտ է զարգացած տնտեսություն և բավարար բյուջետային միջոցներ։ Միևնույն ժամանակ, նա առաջարկել է սոցիալական աջակցություն տրամադրել այն քաղաքացիներին, ովքեր ունեն մինչև 3 միլիոն դրամի վարկային պարտավորություններ՝ առաջարկելով կիրառել ներում։
«Պետությունը պետք է մինչև 3 մլն դրամի վարկ ունեցողներին ներում շնորհի»,- նշել է նա: