Հասարակություն

Եթե կամք ու վճռականություն ունենան, չպետք է զիջեն․ պատգամավորը՝ Գյումրիի մասին

Եթե կամք ու վճռականություն ունենան, չպետք է զիջեն․ պատգամավորը՝ Գյումրիի մասին

Գյումրիում քաղաքական դաշտը լարված է, համայնքապետարանի աշխատանքը պարալիզացված։ Անցյալ շաբաթ չկայացավ ավագանու նիստը, իսկ այս շաբաթվա աշխատանքային առաջին օրվանից աշխատանքի չի գնում փոխքաղաքապետ Սուրեն Ջանոյանը, որը գտնվում է տնային կալանքում։ Հիշեցնենք, որ անցած շաբաթ ձերբակալվեցին Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի կրտսեր որդին՝ Խաչատուր Բալասանյանը, փեսան՝ նախկին փոխքաղաքապետ Ռուբիկ Սանոյանը եւ ներկայիս փոխքաղաքապետ Սուրեն Ջանոյանը։ Բալասանյանի որդու նկատմամբ քրեական գործ է հարուցվել՝ «Սև բերդ» կոչվող ամրոցի տարածքն ապօրինաբար իրենով անելու համար։ Նույն գործի շրջանակում էլ ձերբակալվեցին նախկին եւ ներկա փոխքաղաքապետերը։ Նշենք նաև, որ բոլորն էլ գրավի դիմաց ազատ են արձակվել։

 Նախկին քաղաքապետի որդու եւ թիմակիցների նկատմամբ քրեական հետապնդումը Գյումրիում տարատեսակ խոսակցությունների պատճառ է դարձել։ Ինչու այսքան տարի անց միայն, հանկարծ իշխանությունը հիշեց, որ «Սև բերդ» ամրոցի սեփականաշնորհումն օրինական չէ ։ Գյումրեցիները վստահ են՝ իշխանությունը Գյումրին զավթելու պլանն է իրագործում, ինչը չհաջողվեց անել « Բալասանյան դաշինք»-ի եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հուշագրի խզումից հետո։ Hraparak.am-ի տեղեկություններով, ՔՊ վերնախավում քննարկվում է՝ ամեն գնով վերցնել Գյումրու քաղաքապետի աթոռը, որին ի դեպ, հավակնում է վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռը՝ Գյումրու նախկին փոխքաղաքապետ, ՔՊ-ական Վահագն Մկրտչյանը։

«Հայաստան» խմբակցության Շիրակի մարզից ընտրված ԱԺ պատգամավոր Մհեր Մելքոնյանը hraparak.am-ի հետ զրույցում նկատում է, որ Գյումրին զավթելու նպատակից ՔՊ-ն երբեք էլ չի հրաժարվել։ «Ախուրյանը այն փաստացի օրինակն էր, թե ինչպես «ազատագրեցին» նախկիններից։ Ինչ վերաբերվում է նախկին քաղաքապետի որդու եւ մյուսների ձերբակալություններին, իհարկե, քաղաքական հետքեր կան։ Այս իշխանությունը միշտ էլ իրավական համակարգն օգտագործել է իր նպատակներին հասնելու համար։ Երեկվա ԱԺ-ի քննարկումն էլ հենց դա ցույց տվեց։ Գյումրու հետ կապված, թեպետ այս պահին իրավական գնահատական տալուց զերծ կմնամ, բայց վստահ չեմ, որ ամեն ինչ արդար ձևով քննության է ենթարկվելու։ Ինչո՞ւ հիմա հիշեցին «Սև բերդ» ամրոցի մասին։ Իրենք մի աշխատաոճ ունեն․ կարող են 2018 թվականին գործ հարուցեն, բայց ասենք՝ ի հայտ բերեն 2024 թվականին, երբ շահերի բախում լինի, դրա անհրաժեշտությունը կա, եւ իրենց փաստորեն հիմա է դա պետք, որ այդ ճանապարհով ճնշում գործադրեն»,- hraparak.am-ին ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Հարցին, թե ի՞նչ է կարծում՝ Սամվել Բալասանյանն ընկրկելո՞ւ է, ի վերջո զիջելո՞ւ է քաղաքը, Մհեր Մելքոնյանն ասաց․ «Եթե կամք ու վճռականություն ունենան, չպետք է զիջեն։ Սա նաև դաս եղավ, որ հասկանան, թե ինչ է լինում վերջում, երբ փորձում են համագործակցել, կոալիցիա կազմել այս իշխանությունների հետ» ։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image